26 Փետրվար, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

Մեղքերի և հիվանդությունների առնչությունը

Ընդհանուր առմամբ նշվում է, որ հիվանդություններն առաջանում են մեղքերի հետևանքով, հատկապես, երբ անձը համակված է այս կամ այն մեղավոր կրքով: Այդ կրքերը մեղքերի ներքին արտահայտություններն են, որոնք անհատի արտաքին կյանքում արտահայտվում են արարքներով: Սրբակյաց սերբ վարդապետ Թադեոս Վիտովնիցկին նշում է, որ հիվանդությունը մտքի անկման մեջ է: Սբ. Գրիգոր Տաթևացին գրում է, որ նախ ամեն մեղքի սերմը սրտի խորհուրդի մեջ է տնկվում, ապա ծլում է, աճում, դառնում գործողություն, արարք: Շարունակական կրկնվող մեղքերը դառնում են մեղավոր կրքեր և դրանք հաղթահարելը շատ ավելի դժվար է լինում: Իսկ այդ կրքերը պարարտ հող են զանազան հիվանդություններ առաջ բերելու հարցում: Բժիշկ Գուրևը նշում է, որ ժամանակակից բժշկությունը հետազոտել է մեղքերի և հիվանդությունների կապը: Հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր հիվանդությունների հիմքում ընկած է հպարտությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ մարմնական հիվանդություններն առաջանում են այդ դեպքում, երբ մարդ համակված է լինում որևէ մեղքի ախտանիշով, ցանկանում է բավարարել այն, բայց ինչ-ինչ պատճառով չի կարողանում հագուրդ տալ կրքին: Սակայն պետք է նկատի ունենալ, որ հիվանդությունը, մեղքերի հետևանք, պատիժ լինելով` միաժամանակ Տիրոջ կողմից նախատեսված հոգու բուժման միջոց է, այդ պատճառով համբերությամբ և խոնարհությամբ պետք է տանել և Աստծուն գոհություն հայտնել ամեն ինչի համար: Բժիշկ Ավդեևը «Ուղղափառությունը և բժշկությունը» գրքում նշում է, որ սովորաբար տարբեր մեղքեր ծնում են զանազան հիվանդություններ, ինչպես օրինակ` նախանձնի և արծաթասիրության դեպքում առաջանում են նյարդահոգեբանական հիվանդություններ: Ցանկասիրության պատճառով կարող են լինել ատամների, տարբեր տեսակի ալերգիաների նաև աղիքային խնդիրներ: Որկրամոլների մոտ առաջանում է գիրացում, ստամոքսի հիվանդություններ, ենթաստամոքսային գեղձի հիվանդություն: Հուսահատությունից ծնվում է դեպրեսիա, իսկ հպարտությունը  կարող է առաջացնել շիզոֆրենիա: Անառակության, շնության պարագայում առաջ են գալիս են վեներական հիվանդություններ, անպտղություն, գինեկոլոգիական հիվանդություններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, պրոստատիտ, իմպոտենցիա: Այս ամենի մասին գրում է նաև բժիշկ, պրոֆեսոր, միևնույն ժամանակ ռուս հոգևորական Հայր Սերգեյ Փիլիմոնովը: Նա ասում է, որ հիվանդությունը մեղքի, կրքերի հետեւանք է, որոնք ոչնչացնում են մարմնի և հոգու առողջությունը: Եթե մարդը կրքերին ծառա չի դառնում, այդժամ շատ հիվանդություններ պարզապես չեն ծնվում: Որևէ մեղքից կամ կրքից կարող է ծնվել որևիցե հատկանշական հիվանդություն, սակայն այդ ամենը հարաբերական է, որովհետև յուրաքանչյուր անհատի մոտ հոգևոր վիճակը յուրովի է և ի վերջո միայն Աստծուն է հայտնի, թե ինչու է այս կամ այն անձը հիվանդացել այս կամ այն հիվանդությամբ: Այնուամենայնիվ նա նույնպես նշում է մի շարք հիվանդությունների պատճառներ, որոնք մեղքերի հետևանքով են ծնվում: Ինչպես նաև ընդգծում է, որ բժիշկների համար անհավասարակշիռ էմոցիաների և հիվանդության ուղղակի կապն ակնհայտ է, թեև ինքնին էմոցիաները նորմալ սահմանների շրջանակներում բնական գործառույթ են, որոնք արտահայտում են բնության, մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքը և փոխհարաբերությունը: Էմոցիաներն օգտակար են մարմնի համար և պահպանում են մարդու կենսական գործունեությունը: Եթե դրանք դուրս են գալիս մարդկային վերահսկողությունից, վերածվում են կրքի և հանգեցնում հիվանդության: Հետևաբար, էմոցիոնալ ֆոնը շատ հաճախ նպաստում է բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում, նյարդային և հոգեկան խանգարումների առաջացմանը: Հայր Սերգեյ Փիլիմոնովը նշում է, որ մի շարք հիվանդություններ կան, որոնք ծնվում են կրքերի հետևանքով, ինչպես օրինակ` ովքեր որկրամոլ են, կարող են տառապել ստամոքսաաղիքային տրակտի խանգարումների հիվանդություններով, խոլեցիստիտի, գաստրիտի, աղիքային խոցի հիվանդություններով և տասներկումատնյա աղիքի հետ կապված խնդիրներով: Եթե մարդը բարկության մեղքի մեջ է հարատևում, այն կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են հիպերտոնիան, ինսուլտը և սրտի կաթվածը: Եթե անձը բղջախոհ է և տրվում է անառակ կյանքին, այն բերում է վեներական հիվանդությունների առաջացմանը: Այնպես որ, իսկապես, կան հիվանդություններ, որոնք համահունչ են մեր կրքերին: Այդ ամենի համապատասխանությունը փաստվում է և´ հոգևոր, և´ բժշկական տեսանկյունից: Մարդն այնպես է ստեղծված, որ իր հուզականությամբ ազդում է որևէ օրգանի վրա, քանի որ ամեն զգացմունքային սթրես խիստ փոխկապակցված է որոշակի օրգանի հետ: Օրինակ` եթե մարդը հայտնվում է չափից ավելի տխրության մեջ, ապա դրանից վնասվում են այնպիսի օրգաններ, ինչպիսիք են թոքերը, հաստ աղիքը: Ուժեղ տագնապը կարող է բերել առողջության բացասական հետևանքներ: Այդպիսի դեպքեր հայտնի են փորձարկող օդաչուների հետ կապված, երբ օդաչուն չի կարողանում կառավարել օդանավը և ուժեղ տագնապ է ապրում, այդժամ վայրէջքից հետո երբեմն նրա մոտ ստամոքսի խոց է հայտնաբերվում, որը չկար նախքան թռիչքը: Սթրեսային էմոցիոնալ ֆոնը այնպիսի ճնշում է գործադրում մարդու այդ օրգանի վրա, որ երբեմն առաջանում են այդպիսի խոցեր: Երբ մարդը շարունակաբար հոգ է տանում ինչ-որ մեկի համար և անհարկի անհանգստանում, այդ բարի զգացումը վերածվում է վնասակար երևույթի: Եվ երբ այդ էմոցիոները գերադրական աստիճանի են հասնում, այդ դեպքում մարդու մոտ կարող է խաթարվել ստամոքսի, փայծաղի, ենթաստամոքսային գեղձի աշխատանքը և նույնիսկ ստամոքսի խոցի պատճառ կարող է հանդիսանալ: Վախը կարող է ազդել երիկամների և միզապարկի վրա: Բայց մարդուն շատ ավելի վնաս է պատճառում բարկությունը: Այն անձը, ով շարունակաբար բարկություն է ապրում, որպես կանոն, տառապում է լեղապարկի հիվանդությամբ: Այդ անհավասարակշիռ, չափից ավելի էմոցիան այնքան ուժեղ է, որ նույնիսկ առանձնակի բարկության պահերը կարող են վնասել լեղապարկը: Պատահական չէ, որ այդպիսի մարդկանց ասում են` դառը մարդիկ: Երբ նմանօրինակ մարդիկ գալիս են բժշկի մոտ, իրենց շատ դյուրագրգիռ են պահում: Զայրույթի, հուզական ֆոնի դյուրագրգիռ վիճակի հանկարծակի բռնկումների ժամանակ մարդկանց մոտ հաճախ առաջանում է լեղու արտադրության խաթարում: Եվ եթե այն շարունակական բնույթ է կրում, և մարդը չի կարողանում տիրապետել, վերահսկել այդ կրքերը, նրա մոտ առաջանում են լեղապարկի խնդիրներ, որոնք բերում են բորբոքային պրոցեսներ և հանդիսանում լեղապարկի քարերի առաջացմանը և այլն: Հետևաբար, այդօրինակ ֆունկցիոնալ խանգարումները ծնում են մի շարք հիվանդություններ: Երբ մարդը սկսում է տիրապետել իրեն, ձգտում և ջանք է գործադրում ապրել հոգևոր կյանքով, այդպիսով կարողանում է կանխել հիվանդության առաջացումը: Ուստի, քայլելով հոգևոր ճանապարհով՝ հետևանքները շատ լուրջ չեն լինում: Մենք պետք է միշտ հիշենք, որ հիվանդության ժամանակ առաջին հերթին անհրաժեշտ է մեր աղոթքներով դիմել Փրկչին, սրբերի, պահապան հրեշտակների բարեխոսությանը, Ռաֆայել հրեշտակապետի բարեխոսությանը, ում անունը նշանակում է` Աստված բժշկում է: Արդ, Աստծո միջոցով բժշկելով հոգիդ, և մեղքից մաքրելով միտքդ ու սիրտդ՝ բժշկում ես մարմինդ: Երբեմն այդ ժամանակ շատերն իսկապես հասկանում են հոգևոր կյանքի նշանակալի կարևորությունը, որովհետև մինչ այն լսել էին ու գիտեին, որ պետք է առաքինություններով ապրել, սակայն մի բան է իմանալը, այլ իրողություն է իսկապես ապրելը և առաքինությունների արժեքը, նշանակությունը, արդյունավետությունը անհատական կյանքում տեսնելն ու դրանց էական պտուղներն ունենալով՝ առողջ լինելը:

 

Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

06.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․