21 Դեկտեմբեր, Շբ
Բանն այն է, որ մարդը պետք է ամեն ինչից օգուտ քաղի հոգևոր պայքարի համար: Պետք է ջանալ ներքին լռություն ձեռք բերել: Արդար մտքերը գործի դնելով՝ պետք է աղմուկից էլ օգուտ ստանալ: Ամենակարևորը կատարվող ամեն ինչի հանդեպ ունեցած ճիշտ վերաբերմունքն է: Ամեն ինչին պետք է բարի մտքերով հակազդել: Եթե կարողանաս աղմուկի մեջ ներքին լռության հասնել, ապա դա մեծ արժեք կունենա: Իսկ եթե մեկն, արտաքին իրարանցման մեջ լինելով, չի կարողացել ներքին լռության հասնել, ապա նա չի հանգստանա՝ նույնիսկ արտաքին լռության պարագայում: Երբ մարդը հասնում է ներքին անդորր վիճակին, ապա ամեն ինչ լռում է նրա ներսում, և ոչինչ չի անհանգստացնում նրան: Իսկ եթե ներքին լռության հասնելու համար մարդն ուզում է լուռ իրավիճակում հայտնվել, ապա հայտնվելով՝ փայտը ձեռքը կառնի ու կսկսի ցերեկը ծղրիդներին քշել, իսկ գիշերը՝ շնագայլերին, որպեսզի չանհանգստացնեն իրեն: Այսինքն կսկսի քշել այն, ինչ սատանան կհավաքի նրա համար: Իսկ դուք ի՞նչ էիք կարծում: Ձեր կարծիքով սատանան ինչո՞վ է զբաղվում: Նա ամեն կերպ փորձում է խանգարել մեզ այնքան ժամանակ, մինչև գետնով չտա:
Մի մենաստաում երկու ծեր վանական էին ապրում: Նրանք իրենց համար մի իշուկ գնեցին, որի վզից զանգակ էր կախած: Իսկ նրանցից ոչ հեռու բնակվող մեկ այլ վանական հակված էր լուռ կյանք վարելու: Նա նյարդայնանում էր զանգակի զնգոցից և ասում, որ մենաստանում վանականներին արգելված է ավանակներ պահել և որպես ապացույց բերում էր այն բոլոր եկեղեցական կանոնները, որ կարողանում էր գտնել: Մենաստանի մյուս վանականներն ասում էին, որ զանգակն իրենց չի խանգարում: «Լսի՛ր,- ասացի երիտասարդ լռակյացին,- ախր այդ ծեր վանականները մեզ չեն անհանգստացնում զանազան խնդրանքներով, այլ իշուկի օգնությամբ իրենք են իրենց ծառայում: Մի՞թե դա քիչ բան է: Իսկ պատկերացնո՞ւմ ես, եթե իշուկը զանգակ չունենար և կորչեր: Այդ դեպքում մենք պետք է ստիպված լինեինք փնտրել նրան: Եվ դեռ բողոքո՞ւմ ենք»: Նույնիսկ սրբերի կողքին ապրելով՝ չենք հաջողի, եթե բարի մտքեր չունենանք և ամեն ինչից հոգևոր օգուտ չքաղենք: Օրինակ՝ հայտնվել եմ զինվորական զորամասում: Ուրեմն զինվորական շեփորի ազդանշանն ինձ համար վանքի զանգերի փոխարեն կլինի, իսկ ավտոմատը կհիշեցնի սատանայի դեմ գործածվող հոգևոր սպառազինության մասին: Նույնիսկ եկեղեցական զանգերը կարող են մեզ անհանգստություն պատճառել, եթե ամեն ինչից հոգևոր օգուտ չքաղենք: Կա՛մ մենք ամեն ինչից օգուտ կստանանք, կա՛մ սատանան կօգտագործի դա: Անհանգիստ մարդն իր անհանգիստ «ես»-ն անապատ էլ կտանի: Նախ հոգին պետք է ներքին լռություն ձեռք բերի՝ արտաքին աղմուկի մեջ գտնվելով: Այն ձեռք բերելով՝ կկարողանա լռության մեջ մնալ այն ժամանակ ևս, երբ դրա համար կթողնի աշխարհը:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի