13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Ահա գալիս է, - ասում է Ամենակալ Տերը, - ո՞վ կդիմանա նրա մուտքի օրվան, և կամ ո՞վ հանգիստ կմնա նրա հայտնության ժամանակ, քանի որ նա պիտի մտնի որպես հալոցի բոց» (Մաղաք. 3:2)
Այո ճշմարտապես, ճշմարտապես սարսափելի է Նրա գալստյան օրը, քանզի Դանիելն ասում է «Նայում էի, մինչև որ աթոռներ դրվեցին, և մի Ծերունի նստում էր այնտեղ. նրա հագուստը ձյան պես սպիտակ էր, նրա գլխի մազերը մաքուր էին գեղմի նման, նրա աթոռը` կրակի բոցի նման, և նրա անիվները՝ ինչպես բորբոքված կրակ: Նրա առաջից հոսում էր կրակե հորդ մի գետ, հազար-հազարավորներ պաշտում էին նրան, և բյուր-բյուրավորներ կային նրա առջև: Նա ատյան նստեց, և գրքերը բացվեցին» (Դան. 7:9-10): Ո՞վ չի զարհուրի այն օրից: Ո՞վ չի դողա այն ժամին, ո՞վ կկարողանա համբերել այն ժամանակ, երբ տեսնի այդ անսովոր հրաշքները: Կտեսնի, որ երկնային զորությունները տարուբերվում են. կտեսնի որ տարերքները ավերում են ամեն ինչ, երկինքը ոլորվել է ինչպես մագաղաթ, արևը մթագնել, լուսինը արյան գույն է ստացել, աստղերը ընկնում են երկնքից ինչպես թզենու տերևներ, երկիրը և նրա գործերը հրդեհվում են:
Այնժամ կտեսնես, որ փողը ահավոր որոտալով երկնքից արթնացնում է համայն ննջեցյալներին, այդ ժամանակ կտեսնեն, որ երկինքը բացվում է և հայտնվում է Աստված՝ լցված մեծ բարկությամբ մեղավորների հանդեպ: Այնժամ կտեսնես, որ առաքված հրեշտակները կհոսեն ամենուր և կհավաքեն, «նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչև մյուս ծագերը» (Մտթ. 24:31):
Կտեսնես նաև, զարհուրելի Գահը, որին բազմել է Արդար Դատավորը: Այդ ժամանակ ամբողջ մարդկային ցեղը մեծ վախով և դողով կհավաքվի Նրա առջև:
Հավատացե՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ, որ բազում արցունքների և հոգոցների է արժան այդ օրը, երբ տեսնենք այն ցավագին և կործանարար ժամը, երբ դատավճիռը կբաժանի մեզ իրարից, ինչպես հովիվը բաժանում է ոչխարներին այծերից: Այնժամ ծնողները կբաժանվեն երեխաներից և զավակները ծնողներից, եղբայրները կբաժանվեն եղբայրներից, ընկերները ընկերներից, բարեկամները ծանոթներից: Այնժամ Եկեղեցու ծառայողները կզատվեն մեկը մյուսից, եպիսկոպոսները եպիսկոպոսներից, սարկավագները սարկավագներից, ուրարակիրները և դպիրները միմյանցից: Այդ ժամանակ ամուսինները արցնքաթաթախ կբաժանվեն իրարից: Այնժամ կողբան թագավորներն ու իշխանները, որ ապրել են անօրինությամբ, ճնշելով իրենց հավատակից եղբայրներին: Այն ժամանակ անհոգ եպիսկոպոսների և քահանաների պատճառով կործանվածների արյունը պիտի պահանջվի նրանցից, յուրաքանչյուրից կպահանջվի քանքարները, բոլորը, ինչ որ նա ստացել է, և ինչը, որ յուրացրել է: Այնժամ բոլոր քրիստոնյաներից հաշիվ պիտի պահանջվի ամեն ինչի համար, բոլորից առավել պիտի պահանջվի բարձրաստիճան հոգևորականներից, քահանաներից և նրանց օգնականներից, որովհետև ում որ շատ է տրված՝ նրանից էլ շատ պիտի պահանջվի:
Այնժամ յուրաքանչյուրն ահ ու դողի մեջ լինելով գլխիկոր պիտի սպասի իր դատավճռին, և կտեսնի ինչպիսի պատիվ կշնորհվի այստեղ պահքով, հսկումներով, արցունքներով, աղոթքներով ջանացողներին և ինչպիսի մխիթարություն նրանք կընդունեն Թագավորից:
Հոգոց հանելով և ատամները կրճտացնելով, ոմանք կասեն «Ինչո՞ւ ես՝ թշվառս, իմ կյանքի այս կարճ ժամանակամիջոցում չջանացի, այլ իմ օրերը անցկացրի անհոգությամբ: Հիմա չգիտեմ, թե ինձ ինչ է սպասում: Մի՞թե արժանանալու եմ տանջանքների»: Երբ նա այսպես խորհում է, Թագավորի կողմից հրապարակվում է դատավճիռը, որտեղ ասվում է թե՝ ով ինչ ցանել է՝ այն էլ կհնձի: Այնժամ արցունքներով ցանողն այնտեղ ցնծությամբ կհնձի: Այնժամ յուրաքանչյուրը կգնա իր գործերի հետքերով, որովհետև յուրաքանչյուրի գործերը կկանգնեն նրա առջև և կասեն. «Դու ես մեզ կատարել, թշվա՛ռ, դու պետք է մեզ հարթեիր քո իսկ արցունքներով: Լսե՞լ ես արդյոք, որ Սուրբ Գիրքն ասում է, թե պիտի գա ժամը հատուցելու բոլորին ըստ իրենց գործերի, և ծիծաղում էիր նրանց վրա, ովքեր այդ մասին ասում էին քեզ: Հիմա գնա՛, ճաշակի՛ր քո աշխատանքների պտղից»: Այդ ժամանակ ամեն մեկը կգնա իր տեղը, որը պատրաստել էր ինքն իր համար, և կկատարվի գրվածը, որ ասում է. «Այնժամ կխոսի նրանց հետ իր բարկությամբ, և իր զայրույթով կսարսափեցնի նրանց» (Սղմ. 2:5):
Իսկ իրենց նախապատրաստողները չեն խռովվում, այլ համարձակ ասում են. «Պատրաստվեցի և չվախեցա» (Սղմ. 118:60):
Անպատրաստներն էլ կընկնեն խռովքի մեջ՝ լսելով. «Անիծյալնե՛ր, գնացե՛ք ինձնից հավիտենական կրակը» (Մտթ. 25:41):
Այդժամ ոմանք կգնան դեպի «շոշափելի խավար», մյուսները «հրաբորբոք գեհեն», մի մասն էլ այնտեղ, ուր ատամներ են կրճտացնում, այլոք էլ կարժանանան այլ տանջանքների: Հրեշտակները փութով կհալածեն նրանց ասելով՝ «Ոչխարների պես դժոխքի պիտի մատնվեն, ու մահը պիտի հովվի նրանց» (Սղմ. 48:15):
Եվ կգնան նրանք՝ ատամները կրճտացնելով և ստեպ-ստեպ ետ նայելով, որ տեսնեն, թե ինչպես են իրենց հեռացնում, տանում և ոչ ոք ի վիճակի չէ օգնել իրենց: Ո՞ւր է ամբողջ աշխարհի հարստությունը, ո՞ւր է թագավորների հզորությունը, ո՞ւր է իշխանների համարձակությունը: Ինչո՞ւ ոչ մի տեղ չի երևում թե ով կարող է փրկել սիրելիներին: Ո՞ւր է ծնող հայրը, ո՞ւր՝ արգանդում կրած մայրը, ո՞ւր են հարազատ եղբայրները, ո՞ւր՝ ընկերները, ո՞ւր են հարազատները: Ո՞ւր են խրախճանքները և աղմկոտ խնջույքները: Ո՞ւր են հարստությամբ պարծեցողները: Օ՜հ, որքան արցունքների և հոգոցների է արժան այդ ժամը: Դրա համար և ասաց Տերը. «Երանի նրանց, որ այժմ լալիս են» (Ղուկ. 6:21):
Ճշմարտությամբ երանելի են նրանք, եղբայրնե՛ր, ովքեր այն ժամանակ համարձակություն կունենան: Այնժամ երանելի առաքյալները արևից ավելի կպայծառանան, մարգարեները կցնծան, նահատակները պսակների կարժանանան: Այնժամ այստեղ՝ լեռներում, քարանձավներում և անդունդներում թաքնվողները հայտնապես ասպարեզ կգան: Երանելի են վանականների դասերը, որ հրաժարվել էին աշխարհից, քանզի նրանք կբերկրեն հրեշտակների հետ: Քարանձավներում արցունքներով, հսկումներով և աղոթքներով իրենց հյուծողները, որոնք այստեղ անհայտ էին, և ոչնչություն էին համարվում, այնտեղ ճանաչված են և համարձակ, այստեղ անփառունակները և արհամարվածներն այնտեղ փառահեղ են և հարգված, այստեղ խեղճերն ու աղքատներն այնտեղ հարուստ են և սիրված, ազգականներին, եղբայրներին և ճոխությունները լքածները այնտեղ կարժանանան Երկնային Արքայությանը:
Օ՜հ, ճշմարտապես երանելի, և երիցս երանելի են վանականները, այստեղ ապրում են կարիքի մեջ, իսկ այնտեղ հրաշափառ արքայությունում: Քանզի այստեղ՝ ճգնարաններում և խցերում և լեռներում անլռելի փառաբանում էին Աստծուն և ծառայում էին Նրան, և ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք՝ թույլ սեռը, իսկ այնտեղ նորից կարժանանան փառաբանել Նրան արդեն հրեշտակների դասերի հետ: Դուք սիրեցիք Քրիստոսին, հրաժարվեցիք աշխարհից և կլինեք Քրիստոսի հետ, քանզի «չկա մեկը, որ թողած լինի տունը, կամ ծնողներին, կամ եղբայրներին, կամ կնոջը, կամ զավակներին՝ Աստծու արքայության համար, և այս ներկա ժամանակում բազմապատիկ չստանա ու հավիտենական կյանքը չժառանգի այն աշխարհում, որ գալու է» (Ղուկ. 18:29-30), ինչպես որ ասաց Տերը, Նրան փառք հավիտյանս: Ամեն:
Св. Ефрем Сирин. Творения. Том. 3, Москва 1994 г., ст. 151-153.
Ռուսերենից թարգմանեց Աշոտ ուրարակիր Արևշատյանը