Գրքեր

Մեծ դեղամիջոցը

- Այժմ ես ձեզ մի նվիրական բան կասեմ,- բացականչեց հայր Պորֆիրիոսը։- Երբ Քրիստոս մուտք է գործում սիրտ, կյանքը փոխվում է։ Քրիստոս ամեն ինչ է։ Ում մեջ բնակվում է Քրիստոս, նա մի այնպիսի բան է վերապրում, որ անհնար է խոսքերով արտահայտել․ սուրբ ու գաղտնի բաներ։ Նման մարդը մեծ ուրախություն է զգում։ Հավատացե՛ք ինձ։ Դա ճշմարտություն է։ Դա վերապրել են ճգնավորները Սուրբ լեռան վրա։ Նրանք անդադար տենչանքով աղոթք են մրմնջում՝ Տե՛ր Հիսուս Քրիստոս․․․

Երբ Քրիստոս մուտք է գործում սիրտ, կրքերն անհետանում են։ Այդժամ չես կարողանում ո՛չ գժտվել, ո՛չ ատել, ո՛չ վրեժ լուծել, ոչինչ չես կարողանում անել․․․ Որտեղի՞ց պիտի հայտնվի ատելությունը, անբարեհաճությունը, քննադատությունը, եսասիրությունը, վհատությունն ու սթրեսը։

Քրիստոս է թագավորում ու անստվեր լույսի ծարավը։ Այդ ծարավը քո մեջ ծնում է այն գիտակցումը, որ մահն ընդամենը կամուրջ է, որն անցնում ես մի ակնթարթում, որպեսզի շարունակես կյանքը Քրիստոսի հետ։ Դու դա զգում ես։ Այստեղ՝ երկրի վրա մի խոչընդոտ կա, ուստի և հավատ է պահանջվում․․․

Այդ խոչընդոտը մարմնական պատյանն է, իսկ ֆիզիկական մահից հետո հավատը վերանում է, և դու տեսնում ես Քրիստոսին այնպես, ինչպես արևն ես տեսնում։ Հավերժության մեջ այդ ապրումներն, իհարկե, ավելի ուժեղ են։

Բայց երբ դու չես ապրում Քրիստոսի հետ, այդժամ ապրում ես տրտմության, վշտի, սթրեսի, հոգու անձկության մեջ, վարում ես ոչ այն կյանքը։ Այդժամ նաև օրգանիզմում են ի հայտ գալիս բազմաթիվ անոմալիաներ, որոնք ազդում են մարմնի, գեղձերի արտազատման, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի վրա։

Քեզ ասում են․ «Առողջ լինելու համար առավոտյան կաթ խմիր, ձու կեր, կարագ ու երկու-երեք չորահաց»։ Բայց եթե ճիշտ ես ապրում, եթե սիրում ես Քրիստոսին, ապա մի նարինջ ու մի խնձորով էլ ամեն բան կարգին կլինի։

Մեծ դեղամիջոցը քեզ Քրիստոսին նախանձախնդրությամբ ծառայելուն նվիրելն է։ Ամեն ինչ բժշկվում է, ամեն բան սկսում նորմալ աշխատել։ Աստծու սերն ամեն ինչ վերափոխում է, ամեն ինչ սրբագործում, շտկում ու նորոգում։

Մեր հոգին մեծապես կմխիթարվի, եթե Քրիստոսի փափագն ունենա։ Այդժամ մենք չենք զբաղվի առօրյա, երկրորդական բաներով, այլ կապրենք հոգևոր, վեհ արժեքներով, կապրենք հոգևոր աշխարհում։

Երբ հոգևոր աշխարհում ես ապրում, ապրում ես այլ աշխարհում, որից վայելք է զգում և որը փափագում է հոգիդ։ Բայց դու նաև անտարբեր չես մարդու հանդեպ, ցանկանում ես, որ նա ևս փրկություն գտնի, լույս ու սրբություն գտնի, որպեսզի բոլորը դառնան Եկեղեցու անդամ։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

20.12.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․