25 Նոյեմբեր, Բշ
Ինչպես ընտանիքն է աճում և ամրանում սիրո, ջերմության, հոգատարության և խնամքի շնորհիվ, այնպես էլ հայրենիքը՝ որպես մեծ ընտանիք, բարգավաճում և զորանում է իր զավակների սիրո ծառայության շնորհիվ: Այս մեծ ընտանիքի բոլոր անդամները կոչված են միահամուռ ուժերով հասնելու ընդհանուրի բարիքին: Չկա մեկ օր կամ մեկ ժամ, որ ընտանիքի որևէ անդամ ցանկությամբ դեպքում չկարողանա քիչ թե շատ օգտակար լինել իր ընտանիքին: Երբ յուրաքանչյուր անդամ նախանձախնդրորեն կատարում է իր պարտականությունը, դառնում է ընտանիքի արժանի անդամը՝ այդ կերպ իր սիրո ծառայությունը մատուցելով հայրենիքին: Մեծագույն ու սուրբ գործ է հայրենիքին ծառայելը:
Իր սուրբ պարտականությունը հայրենիքի հանդեպ լիարժեք իրագործեց Էրիկ Գրիգորյանը (21 տ.), որ 2018 թ-ից որպես ժամկետային զինծառայող՝ ծառայել է Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիսի զորամասում: Արցախյան վերջին պատերազմին Էրիկը մարտական գործողություններին մասնակցել է Մատաղիսի և Թալիշի ուղղություններում: Հոկտեմբերի 23-ին նա վիրավորվել է, ինչի հետևանքով անդամահատվել է նրա աջ ոտքը: Էրիկի ընտանիքը Շուշիից տեղափոխվել է Երևան և այժմ ժամանակավորապես բնակվում է Վանցյան 28 հասցեում:
Օգոստոսի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը որպես սիրո և երախտագիտության արտահայտություն Էրիկին փոխանցեց պրոթեզ, որ տրամադրել էր Կանադահայոց թեմի Մոնթրեալի Ս. Լուսավորիչ Առաջնորդանիստ Մայր տաճարի հավատավոր զավակներից Ալեքսանդր Ֆարամազյանը և ամերիկաբնակ Նարոյան ընտանիքի կողմից 100 000 դրամ:
«Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես` անհայրենիք: Գերերջանիկ է այն մարդը, որ կարող է ասել՝ իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի և ամեն մեկի համար»,- ասել է Գարեգին Նժդեհը:
Կարինե Սուգիկյան