Մի գլուխ սոխ

Կար-չկար մի շատ չար մարդ կար, ով մի օր մահացավ: Եվ ոչ մի առաքինի գործ չթողեց իր ետևից: Դևերը բռնեցին նրան ու կրակե լիճը նետեցին: Իսկ նրա պահապան հրեշտակը կանգնել ու մտածում էր. «Ի՞նչ բարի գործ հիշեմ նրա գործածներից, որպեսզի ասեմ Աստծուն»: Հիշեց ու Աստծուն ասաց.

- Այս մարդը մի գլուխ սոխ հանեց հողից ու մուրացկան կնոջը տվեց:

Աստված պատասխանեց.

- Վերցրու այդ սոխն ու նրան մեկնիր լճի մեջ, թող բռնվի դրանից ու դուրս ձգվի: Եթե այդ կերպ դուրս հանես նրան, ապա թող դրախտ գնա, իսկ եթե սոխը պոկվի, ապա թող մնա այնտեղ:

Հրեշտակը վազեց մարդու մոտ ու մեկնեց սոխը.

- Ահա՛, բռնվի՛ր ու դուրս ձգվիր:

Եվ սկսեց զգուշությամբ դուրս քաշել նրան: Համարյա արդեն ամբողջովին քաշել էր, երբ լճի մյուս մեղավորները տեսան, որ նրան դուրս են հանում, սկսեցին կախվել նրանից, որպեսզի իրենք էլ դուրս գան նրա հետ: Իսկ քանի որ մարդը շատ չար էր, սկսեց ոտքերով հրել նրանց.

- Ինձ են դուրս բերում, այլ ոչ թե ձեզ: Իմ սոխն է, ոչ թե ձերը:

Հենց արտասանեց սա՝ սոխը պոկվեց և մարդը կրկին լիճն ընկավ ու մինչ օրս էլ այրվում է: Իսկ հրեշտակն արտասվեց ու հեռացավ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

20.05.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․