13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա՛ (Ղուկաս 8:50):
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօրվա աստվածաշնչյան ընթերցումը Հայրոսի աղջկա հարության և տեռատես կնոջ բժշկության մասին է: Հայրոսը ժողովրդապետ էր, որ եկել էր, Քրիստոսի ոտքերն ընկել ու աղաչում էր, որ գա իր տուն և բժշկի իր մինուճար աղջկան, որ մահամերձ է: Իսկ գնալու ընթացքում տասներկու տարի արյունահոսությամբ տառապող տեռատես կինը, որ «հնար չէր եղել նրան որևէ մեկից բժշկվել», մոտենում է Հիսուսին, դիպչում Նրա հագուստի քղանցքին և բժշկվում: Քրիստոս զգում է, որ Իրենից զորություն դուրս եկավ, հատուկ դիտավորությամբ հարցնում է, թե ով Իրեն դիպավ: Կինը, տեսնելով, որ իր արարքը գաղտնի չմնաց, բոլորի առաջ բարձրաձայն պատմում է, թե ինչպես դիպչելով Տիրոջը բժշկվեց: Քրիստոս չհանդիմանեց նրան, այլ գոտեպնդեց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ» (Ղուկաս 8:48): Այդ ընթացքում ժողովրդապետի տանից գալիս և տեղեկացնում են Հայրոսին, որ աղջիկը մահացավ, կարող է այլևս չանհանգստացնել Հիսուսին: Տերը լսում է դա և ասում. «Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա՛, և նա կապրի» (Ղուկաս 8:50): Գալով Հայրոսի տուն՝ միայն ծնողներին է թույլ տալիս մնալ սենյակում, բռնում է աղջկա ձեռքից և ասում, որ աղջիկը կանգնի: Եվ նա հարություն է առնում: Հիսուս պատվիրում է, որ նրան հաց տան: Ավետարանական այս հատվածը զորացնում է մեզ մեր հավատքի մեջ և միաժամանակ հաղորդակից դարձնում աստվածային ճշմարտություններին: Սա Տիրոջ կատարած հերթական բժշկություններից էր, հերթական քարոզը Ամենակարող Աստծո նկատմամբ ունեցած մարդկային հավատի մասին: Բազում են Տիրոջ բժշկություններն ու հրաշագործությունները, որոնց մասին պատմում են ավետարանիչները, յուրաքանչյուրն իր արժանի տեղն ունի Ավետարանում հիշատակվելու և կրթելու մեզ՝ ապահովելով մեր հոգևոր առաջընթացը: Այս երկու պատմություններն աստվածային սիրո արտահայտությունն են մարդու կյանքում: Քրիստոս, մարդկանց հավատքը տեսնելով, բժշկում էր նրանց: Նոր կտակարանում հիվանդների պարագայում տեսնում ենք, որ կամ մարդիկ իրենք են իրենց համար խնդրում Հիսուսին, կամ նրանց բարեկամներն ու հարազատները նրանց բերում են Քրիստոսի մոտ: Ցանկացած խնդրի ու խնդրանքի համար Աստված միշտ ականջալուր է մեզ, ամեն հարցի լուծում է գտնվում, ամեն ցավ ու տառապանք բժշկվում է Տիրոջ ոտքերի մոտ: Քրիստոս ճանապարհին իմացավ, որ կինը բժշկվեց, ուղղակի ցանկացավ, որ մարդիկ իմանան կնոջ հավատի մասին: Այդ հիվանդությունը նրա համար տարիներ շարունակ անեծք էր եղել և խոչընդոտ հանդիսացել, որ նա տաճար մտնի, հետևաբար նա շարունակ զրկված էր եղել Աստծո օրհնությունից: Վերջապես նա բժշկվում է և փառաբանում Աստծուն: Տերը գովում է նրա հավատքը, որն էլ բժշկության և մեծագույն օրհնության առիթ է դառնում: Տեսնելով Հայրոսի տխրությունը՝ Քրիստոս հանգստացնում է նրան, գնում ու հարություն տալիս նրա աղջկան՝ ցույց տալով, որ Աստծո կողմից ոչ ոք անտեսված չէ, Աստված լսում է և մինչև մեր խնդրելը գիտի, թե մեզ ինչ է անհրաժեշտ: Միայն հարկավոր է հավատալ Արարչին, որ Նա կարող է մեզ բժշկել, կերակրել, ապրեցնել և վերջապես փրկել մեզ՝ դրա դիմաց ակնկալելով միայն հավատ: Նախապես լսելով ու տեսնելով Հիսուս Քրիստոսի փրկարար զորությունը՝ մարդիկ սպասում էին Նրան: Այս ավետարանական պատումը ցուցանշում է Աստծո նվիրումը մարդուն, որ Աստված չզլացավ գնալ դեպի մարդը՝ բժշկելու, հարություն պարգևելու և փրկելու նրան: Մեր հավատքի կյանքում ևս պատահում է այնպիսի անհավատ երևույթ, ինչպիսին այն ծառան է, որ հայտնում է Հայրոսին աղջկա մահվան բոթը: Կարող են լինել նմանատիպ անհավատության դրսևորումներ մեր հավատքի ճանապարհին, որոնք կարող են մեզ տկարացնել, գցել անհուսության մեջ, համոզել մեզ, որ այլևս հույս չկա: Սակայն հարկ է, որ մենք շարունակենք չտարակուսել մեր հավատքի վրա, մեր Աստծուն ապավինելով, չվախենանք կյանքի փորձություններից ու դառնություններից, դժվարություններից, այլ միայն հավատանք և կապրենք: Ովքեր չեն հավատում Աստծուն, զրկված են Աստծո օրհնություններից ու շնորհներից, իսկ մեզ համար մեր հավատքը կենսապարգև մի զորություն է, որի շնորհիվ մենք ապրում ենք Աստծո օրհնության ու հոգածության ներքո: Երբ Պետրոս առաքյալը խնդրեց Հիսուսին, որ օգնի իրեն, որպեսզի ինքն էլ կարողանա ծովի վրայով քայլել, Քրիստոս «ասաց՝ արի՛: Եվ Պետրոսը նավակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկավ Հիսուսի մոտ: Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցավ: Եվ երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»: Եվ իսկույն Հիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր» (Մատթեոս 14:29-31): Սա էլ իր հերթին մի վկայություն է այն մասին, որ մարդու կյանքում պատահող փոթորիկները կարող են սարսափեցնել նրան, ու նա երկմտի: «Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա՛», – ասում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս: Սա մշտապես պետք է լինի մեր մտքի ու գիտակցության մեջ, որպեսզի Աստված Իր բարիքներին մեզ մասնակից դարձնի ու արժանացնի Իր օրհնություններին ու փրկագործությանը: Մեզ՝ քրիստոնյաներիս, միավորում է հավատն առ Աստված: Սակայն ուշադրություն դարձնենք այն բանի վրա, որ մեր հավատը ներշնչանք չէ: Հավատքը մեր կյանքի հիմնասյունն է: Հավատն առ Աստված այն է, ինչ մեր Տերը սպասում է մեզանից, որովհետև Նա երբեք չի հարկադրում մեզ հավատն ու սերը: Ճշմարիտ Աստծո նկատմամբ հավատը մեզ ապրեցնում է այս կյանքում և հավիտենական կյանքի ու հոգու փրկության հույս պարգևում: Սիրելինե՛ր, եկեք ունայն ու սին բաների հետևից չընկնենք, այլ հավատանք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որպեսզի չվախենանք այս աշխարհում կատարվող զանազան իրողություններից ու սատանայահնար երևույթներից: Ոչ թե աշխարհիկ բոլոր միջոցներին, դեղ ու դարմաններին դիմելուց հետո հիշենք Աստծուն, այլ մեր ամենաառաջին հույսը թող լինի Նա, քանի որ մենք հավատում ենք Նրան: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն Առաքելյան