23 Դեկտեմբեր, Բշ
Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով 2012 թ-ից բազում հայ ընտանիքներ ներգաղթեցին Հայաստան: Այդ թվականին էլ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ սիրիահայ համայնքի հոգևոր հովիվ նշանակվեց Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Նույն թվականի դեկտեմբերից Տեր Գրիգորը Սրբազան Հոր օրհնությամբ և տնօրինությամբ նշանակվեց «Արագ արձագանքում սիրիահայ ընտանիքներին» ծրագրի պատասխանատու: Այդ ծրագրի նախաձեռնությամբ հայաստանյան «Կլոր սեղան» միջեկեղեցական հիմնադրամը՝ «Եկեղեցիների համատեղ գործողություն» ալյանսի ֆինանսավորմամբ՝ Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին օգնություն ցույց տվեց: Տեր Հայրը, սփյուռքի նախարարությունից ճշտելով Հայաստանում սիրիահայ ընտանիքների թիվը (այժմ Հայաստանում 1300 սիրիահայ ընտանիք է ապրում), կատարել է տնայցեր, տնօրհնեքներ՝ առավել ծանոթանալով նրանց հիմնախնդիրներին և կարիքներին:
Այսօր Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքում բազմաթիվ սիրիահայեր են ընդգրկված, որոնք մասնակցում են թե՛ ժամերգություններին և թե՛ Սուրբ Պատարագներին: Նրանք Մեծ պահքի շրջանում ամեն ուրբաթ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, մասնակցելով առավոտյան արևագալի ժամերգությանը, Չիլինգարյանի եղանակով երգում են ժամերգության հորդորակները: Սիրիահայերին մեծ ուրախություն է պարգևում այս օրը, քանի որ ինչպես Սիրիայի հայկական եկեղեցիներում, այնպես էլ այստեղ՝ Հայաստանում, իրենց համար հարազատ այս երգասացությամբ մասնակից են լինում ժամերգությանը:
Մեծ պահքի այս շրջանում արևագալի ժամերգությունից հետո Տեր Գրիգորը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սրահում զրույցներ է ունենում սիրիահայերի հետ: Մարտի 20-ին արևագալի ժամերգությանը մասնակցելուց հետո սիրիահայ համայնքը առիթ ուներ նշելու: Ամեն տարի մարտի 21-ին Սիրիայում հայերը նշում են մայրերի օրը: Թեև մարտի 20-նն էր, բայց և այնպես սիրիահայ համայնքի տիկնանց միության «Հույս միավոր»-ը եկեղեցու սրահում նախապես շնորհավորեց բոլոր մայրերին: Մինչ սրահ մտնելը բոլոր մայրերին տրվեցին կարմիր սրտիկներ, որոնց վրա փոքրիկ ճերմակ փետուր էր փակցված: Տիկնանց միության ատենապետուհի Զարուհի Ամալյանը կարմիր սրտի խորհրդանիշը համարում է մայրական սիրտը, իսկ ճերմակ փետուրները՝ աշխարհի բոլոր երկրները և իր կոչն է բոլոր մայրերին, որ աղոթեն աշխարհի խաղաղության համար:
Մայրերին նվիրված այդ նվիրական օրը Տեր Գրիգորը սկսեց Տերունական աղոթքով, ապա գերաշնորհ Նավասարդ արք. Կճոյանի անունից շնորհավորանքներ փոխանցեց բոլոր մայրերին՝ նշելով, որ իրենց համար կարևոր է սիրիահայերի բոլոր գեղեցիկ ավանդույթների պահպանելը և նշելը:
«Իմ ուրախությունը միայն այն չէ, որ փորձեցինք որևէ կերպ օգտակար լինել ձեզ, այլ որ ձեզ տեսնում ենք այսօր ներգրավված համայնքային կյանքից ներս: Տեսանելի է ձեր նվիրվածությունն ու կապվածությունը եկեղեցուն»,- ասաց Տեր Հայրը:
Տեր Գրիգորը վստահեցրեց, որ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց միության մաս կազմած տիկնանց միության «Հույս միավոր»-ի գործունեությունը ավելի պետք է աշխուժանա՝ օգտակար լինելով մեր եկեղեցուն և համայնքին: Իսկ առաջիկա ծրագրերից մեկը նա համարեց սիրիահայ համայնքից երգչախմբի ձևավորումը՝ Սիրանուշ Գյումրույանի գլխավորությամբ: Տեր Գրիգորի համոզմամբ երգչախումբը մեծ արձագանք պետք է ունենա՝ ապագայում հանդես գալով թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ստացված հասույթը ի նպաստ բերելով սիրիահայ համայնքին:
Սիրիայում իր 27-ամյա երաժշտական փորձը Սիրանուշ Գյումրույանը այստեղ՝ Հայաստանում ևս ցանկանում է ծառայեցնել՝ ստեղծելով կանանց և տղամարդկանց երգչախմբեր: Տիկնանց միության ցանկությունն է երգչախումբը անվանել «Հույս»:
Տեր Հայրը իր շնորհակալությունը հայտնեց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ծխական խորհդի անդամ և տիկնանց միության ատենապետուհի Սաթենիկ Սիմոնյանին իր եկեղեցանվեր գործունեության համար:
Իսկ մինչ մայրերի օրվան նվիրված իրենց ծրագրին անցնելը, տիկնանց միության «Հույս միավոր»-ի ատենապետուհի Զարուհի Ամալյանը շնորհակալություն հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանին և Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին, որ իրենց՝ սիրիահայերին, առիթ ընձեռնվեց համախմբվելու Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ իրենց ծառայությունը մատուցելու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն: Ապա տիկին Զարուհին ջերմորեն շնորհավորեց բոլոր մայրերին` մաղթելով նրանց առողջություն, արևշատություն. «Առաքինի մայրը սրբություն է և զոհողություն»:
Այնուհետև տիկնանց միության անդամները ասմունքեցին, երգեցին: «Առաքինի մայր» կոչմանն արժանացավ տիկին Երանը: Ներկաներին բաժանվեց սաղմոսներից համարներ, իսկ ջերմ մթնոլորտը շարունակվեց հյուրասիրությամբ:
Կարինե Սուգիկյան