Մկրտության ծեսը հայ բանահյուսական և ազգագրական նյութերում

Փետրվարի 22-ին, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մասնակցեց «Մկրտության ծեսը ԺԹ դարավերջի և Ի դարասկզբի բանահյուսական և ազգագրական նյութերում» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի բնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Քրիստինա Այվազյանը: Երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ՝ բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով:

Երիտասարդ բանախոսը նախ համառոտ անդրադարձավ մկրտության խորհրդի նպատակին ու նշանակությանը, ապա նշեց, որ ժողովրդական խոսքում ծեսի առավել կիրառական անվանումը եղել է «կնունք», որը կազմել է որդեծնության քառասնօրա ողջ ծիսաշարային համալիրի անքակտելի մասը, և երեխայի հասարակական ճանաչման հիմքն է համարվել: Հայկական ժողովրդական հեքիաթները ևս վկայել են մկրտության նշանակության մասին, օրինակ՝ «Տատ ու պետատ» հեքիաթում արտահայտվում է մարդկանց անհանգստությունը երեխայի կնքելու առնչությամբ, և հարևանները որոշում են նախաձեռնել անհայր երեխայի կնունքը:

Քրիստինան մատնանշեց մի սովորույթ, որ առայսօր կենցաղավարում է՝ ըստ որի ընտանիքի անդամներից մեկի մահվան դեպքում ընտանիքի մյուս չմկրտված անդամները մկրտվել են: Հայոց տարբեր ազգագավառներում մի շարք բարեմաղթանքներ և օրհնություններ են հղվել մկրտվողներին, օրինակ՝«Կանչնաս», «տեղդ կանաչի», որ նշանակում է «սերնդով ապահովես օջախդ»: «Կանաչ մեռոնի շնորհքը տան ու տեղիդ վրա ըլնի» բարեմաղթությունում ընկած է մյուռոնի օրհնությունը ողջ ընտանիքի և տան վրա տարածվելու ցանկությունը:

Բանախոսը նշեց, որ հայ ժողովրդական պատկերացումների համաձայն՝ մարդուն երկու հրեշտակ է տրվել, մեկը՝ ծննդյան պահին, մյուսը՝ մկրտության, հետևաբար մահմեդականները միայն մեկ հրեշտակ են ունեցել: Մինչ մկրտությունը թե՛ ծննդկանը և թե՛ նորածինը համարվել են անմաքուր, ինչպես նաև չար ոգիների կողմից խոցելի, իսկ մկրտությամբ նրանք մաքրագործվել են, Աստծո պահպանությունը ստացել և զանազան հիվանդությունների համար դարման ստացել:

Այդ ժամանակաշրջանում կնունքի ժամանակ գործածվող նարոտը նետելը մեղք է համարվել և Քրիստինան ներկայացրեց, թե ինչպիսի նարոտներ են գործածվել. «Դեռևս 14-րդ դարում Գրիգոր Տաթևացին խոսում է երկգույն նարոտի մասին՝ սպիտակ և կարմիր՝ իբրև Քրիստոսի կողից բխած արյան և ջրի խորհուրդ: Ըստ Սահակ վրդ. Ամատունու՝ նարոտը եռագույն (կանաչ, կարմիր և սպիտակ) մետաքսյա թել է, որը մկրտության ժամանակ կապում են երեխայի վզին, իսկ պսակի ժամանակ՝ հարսի ու փեսայի վզին: Կարմիրը կյանքի խորհրդանիշն էր, իսկ կանաչը՝ սերնդի շարունակություն, այս գույները մի կողմից չարխափան են, մյուս կողմից ապահովում են երկարակեցություն»:

Բանախոսը տեղեկացրեց նաև, որ մկրտության ժամանակ երեխաներին անվանադրել են, քահանաները անուններ ընտրելիս դիմել են եկեղեցական օրացույցի օգնությանը՝ տվյալ օրվա սրբի անվամբ կոչելու մկրտվող երեխային, կամ էլ տատի ու պապի անուններով են կոչել երեխաներին: Ուշագրավ է, որ հայկական անունների մեջ իրենց տեղն ունեին նաև Քրիստոսի երկրային տնօրինության հետ կապված ինչպես Գալուստ, Հարություն, Համբարձում, այնպես էլ Մկրտում անունները, վերջինս այսօր այլևս չի կիրառվում և գործածական է Մկրտիչ անունը: Կնքահոր և մյուռոնի նկատմամբ հայերի ունեցած ակնածանքն ու երկյուղածությունը նկատելի է եղել «Կնքահար ըլալը թանգ է, անուն դնելը բան չէ», «Քավորը փոխիլ, մեռոնը կոխիլ (արհարմահել)» ասացվածքներում: Կնքահայրը սովորաբար տոհմական է եղել և մի քանի հարյուր տարի կարող էր ձգվել տոհմական քավորությունը:

Եզրափակելով բանախոսությունը՝ Քրիստինան նշեց. «Այսպիսով՝ բանահյուսական և ազգագրական օրինակներից երևում է, որ հայկական միջավայրերում մկրտությանը մեծ կարևորություն էր տրվել, քանի որ այն ուներ փրկագործ, մեղսաքավիչ, նվիրագործող, դիվահալած և ապաքինող նշանակություն: Լվացվելով մկրտության ավազանի ջրում՝ նորածին երեխան երկրորդ ագամ ծնվում էր նոր կարգավիճակով: Նրան միաժամանակ անվանադրում էին, որով նա և՛ դառնում էր հասարակության լիիրավ անդամ, և՛ զանազանվում իբրև անհատ»:

Հետաքրքրաշարժ բանախոսությունն ավարտվեց հարց ու պատասխաններով, և Տեր Վահանը՝ որպես ամփոփում ասաց. «Քրիստոնյայի համար առանցքային նշանակություն ունի մկրտության խորհուրդը: Մկրտությամբ յուրաքանչյուր անձ անդամագրվում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն՝ դառնալով Աստծո որդեգիրը և Սուրբ Հոգու տաճարը: Մկրտության սրբազան խորհրդի կրողը լինելը պարտավորեցնում է, որ ապրենք քրիստոնեական արժեհամակարգի համաձայն, իսկ Քրիստինայի ներկայացրած բանախոսությունը լավագույն դաս է մեկ անգամ ևս կարևորելու մկրտության խորհրդի սրբությունը: Բանախոսությունը վեր հանեց հայ իրականության մեջ եղող ավանդույթները, սովորությունն ու վերաբերմունքը մկրտության ծեսի և սուրբ մյուռոնի վերաբերյալ՝ ցույց տալով, թե դարեր շարունակ որքան մեծ կարևորություն է ունեցել մկրտության խորհուրդը մեր ազգի համար: Գիտության և լուսավորյալ այս դարում, տեսնելով մեր պապերի անսասան հավատքը, ավելի ենք հաստատվում և զորանում մեր հավատքի մեջ: Շնորհակալություն Քրիստինային, ով՝ որպես Հայ եկեղեցու հավատարիմ հետևորդ, փորձում է անկեղծ ու ազնիվ նվիրումով իր ներդրումն ունենալ Հայ եկեղեցու երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության գործին»:

 

Կարինե Սուգիկյան

22.02.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․