Գրքեր

Մյուռոնը Հայ Եկեղեցու մեջ

Հայոց Մատյաններում կան տեղեկություններ Սրբալույս Մյուռոնի միջոցով կատարված հրաշքների մասին: Ագանթանգեղոսը իր պատմության մեջ նկարագրում է Հայոց Սբ. Մյուռոնի հեղմամբ գետի՝ տեղում պտույտ տալու և երկնքից իջաց լույսի մասին: Ներսես Շնորհալին ևս գրում է, թե երբ Սբ. Գրիոգորը Հայոց Սրբալույս Մյուռոնը հեղում է Արածանի գետը. «Եւ զանարաին գետ դարձուցեալ, կարկաջահոս շրջան առեալ, լայնատարած դաշտ ծաւալեալ...»5: Ավելացնելով. «ջուրն զետեղեալ շրջան առնոյր»6:

Մյուս հրաշքի մասին են գրում Կիրակոս Գանձակեցին և Արիստակես Լաստիվերցին: Նրանք ներկայացնում են Պետրոս կաթողիկոսի 1021 թ. Տարապիզոն գնալը և այնտեղ գտնվող Բյուզանգական Վասիլ Բ կայսրին հանդիպելը: «Աստվածհայտնության տոնին Պետրոս հայրապետին իր ժողովրդով կանգնեցրին գետի վերևը, իսկ իրենք` Հոռոմների եպիսկոպոսները կանգնեցին ներքևը` այն մտքով, որ հայերի օրհնությունը թերակատար էին համարում, քանի որ իրենք ներքև կանգնելով` հայերի օրհնած ջուրը վերստին պիտի օրհնեին: Մի սպիտակ աղավնի էլ վարժեցրել էին, որ գար մտներ ջուրը և վեր թռչեր, որով անծանոթներին կխաբեին, թե Սուրբ Հոգին իջավ աղավնու նմանությամբ: Պետրոս Հայրապետի աղոթքի ժամանակ գետի ջուրը դարձավ դեպի վեր ու չափազանց պայծառ լույս ծագեց, որ արեգակի ճառագայթները աղոտացրեց: Եվ երբ նրանց աղավնին եկավ մտնելու ջուրը, ինչպես որ վարժված էր, հանկարծ մի արծիվ խոյանալով` առավ աղավնին ու թռավ»7: Սրբալույս Մյուռոնի հեղմամբ գետը հետ դարձնելու համար է, որ Պետրոս Հայրապետը ստանում է «Գետադարձ»` գետը ետ դարձնող անունը:

Գրիգոր Դարանաղցին (1576-1643թթ) իր «Ժամանակագրություն» աշխատության մեջ խոսում է Մյուռոնի մեկ այլ հրաշքի մասին. «Մենք այն ժամանակ բնակվում էինք Սաղմոսավանքի լուսազարդ անապատում և մեզ 

կանչեցին Սուրբ Էջմիածին` Մեռոնի օրհնությանը (մասնակցելու), և վեր կենալով` գնացինք հրավերին ընդառաջ ...

Եվ այնտեղ էինք (հունվարի 13-ին) չորս վարդապետներով ..., և այլ բազմամբոխ և աշխարհագումար ժողովականներով, բազմաթիվ եպիսկոպոսներով, քահանաներով, կրոնավորներով և անհամար մարդկանցով ու տաճիկ մեծամեծ իշխաններով, որոնք եկել էին բեմի վրա սուրբ զոհարանի առջև յոթնածալ գորգի վրա դրված Սուրբ Մեռոնի առանց կրակի և կայծակի սքանչելի եփումը տեսնելու: Աստվածահայտնության (տոնին երգվող) «Տնօրինեցաւ» շարականի վերջին պահին, երբ հյուսիսի դառնաշունչ հողը փչեց և օդի ցրտասառույց խստության պատճառով մեր ատամները կրճտում էին, այնպես տաքացավ Մեռոնը պղնձի հետ միասին, երբ Հին Մեռոնի մակարդը լցրեցին (նորի) մեջ և խառնեցին Լուսավորչի Սուրբ Աջով, որ այն իբրև թոնրի վրա դրված կաթսա, սկսեց եռալ և գոլորշին վեր բարձրացավ մշուշի նման, և ես սառած ձեռքերս հպեցի (կաթսային) և տաքացա: Եվ տաճիկների մեծավորը, որ Ղուլ Աղասին էր` Տավութ աղա անունով, եկավ փորձելու Սուրբ Մեռոնը. իր ձեռքերը մոտեցրեց պղնձի կողին, ապա տաքացավ ձեռքերը, ինչպես թոնրի վրա (կտաքանար), և շատ զարմանալով` ձայնեց ի լուր ամենքի` ասելով, թե` «Հավատացի այն ամենին, ինչ լսել էի Մեռոնի մասին»: Եվ այլ բազում հրաշքներ եղան...»:

 

5 Ներսես Շնորհալի, Վիպասանութիւն, էջ 77-78:

6 Երևանի Մատենադարան, ձեռ. հմր. 7785, թերթ 172բ:

7 Կիրակոս Գանձակեցի, Հայց պատմություն, աշխտ. Վ. Առաքելյանի, Երևան, 1982, էջ 77:

10.09.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․