22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Սեպտեմբերի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընդունեց «Ամենախելացին» նախագծի աշխատակազմի անդամներին ու երրորդ եթերաշրջանի հաղթող Տիգրան Պետրոսյանին:
Սրբազան հայրը շնորհավորեց Տիգրանին հաղթանակի առիթով` կարևորելով գիտելիքի նկատմամբ սերն ու գիտելիքով հաջողությունների հասնելու ձգտումը:
Հայկ Պետրոսյանը, ով այդ եթերաշրջանի խաղում հաղթող էր ճանաչվել «Կրոն» անվանակարգում, մասնագիտական ուսումնառության նպատակով մեկնել է Իրան և Երուսաղեմ գնալ չէր կարող: Այդ պատճառով ուխտագնացությանը կմասնակցի «Կրոն» անվանկարգում հաղթողի երկրորդ հավակնորդը` Տիգրան Պետրոսյանը:
Վերջինս որպես նախագծի հաղթող արդեն հնարավորություն է ունեցել Կիպրոսում մասնակցել ամառային դպրոցին: Հանդիպման ժամանակ նա իր տպավորություների մասին պատմեց` վստահություն հայտնելով, որ Երուսաղեմ է մեկնելու այլ տրամադրությամբ, այլ սպասումներով:
Նավասարդ Սրբազանը նշեց, որ Երուսաղեմ գնալիս պետք է գիտակցել, որ գնում ես ոչ թե ճամփորդության, այլ` Հայոց Երուսաղեմ ուխտի` քայլելու Քրիստոսի հետքերով, բացահայտելու հոգևոր նոր գիտելիքներ և Աստծո շնորհներով ներշնչված` վերադառնալու Հայրենիք: Նա հաջողություն մաղթեց Տիգրանին ու հաղորդման աշխատակազմին:
Հանդիպման ավարտին Նավասարդ Սրբազանը նախագծի մասնակիցներին նվիրեց վերջերս հրատարակված՝ Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանյանի «Հայոց եկեղեցին» գիրքը:
Հիշեցնենք, որ արդեն երկու անգամ «Արմենիա» հեռուստաընկերության «Ամենախելացին» նախագծի մասնակիցների համար Արարատյան Հայրապետական թեմը սահմանել է մրցանակ` «Կրոն» անվանակարգում ամենակտիվ մասնակցի համար: Մրցանակը ուխտագնացության հնարավորություն է դեպի Հայոց Երուսաղեմ: Նախորդ անգամ Երուսաղեմ գնաց Էդվարդ Քեշիշյանը:
Մրցանակ սահմանելու նպատակը գիտելիքի, հատկապես` հոգևոր գիտելիքի նկատմամբ հետաքրքրությունը խթանելն է:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին