Ներում ստացած վանականը

Վանքերից մեկում մի անփույթ վանական էր ապրում: Նա հաճախ էր ծառայությունից ուշանում՝ վշտացնելով եղբայրներին ու բարկացնելով վանահորը: Վանականները դժգոհում էին ու նույնիսկ խնդրել էին վանահորը, որպեսզի վանքից վռնդի նրան:

Եվ ահա՛ հիվանդացավ այդ վանականն ու մահվան մահճում հայտնվեց: Վշտացան եղբայրները, որ կործանվելու էր խեղճի հոգին: Հավաքվեցին նրա մահճի շուրջ, որպեսզի իրենց աղոթքներով թեթևացնեն նրա տառապանքը մահվանից առաջ, բայց ի՞նչ տեսնեն: Այդ վանականն արդարի մահով էր մահանում: Նրա դեմքը խաղաղություն և ուրախություն էր արտահայտում:

Երբ նրա գիտակցությունը մի փոքր տեղը եկավ, եղբայրները հարցրեցին.

- Ի՞նչ մխիթարություն ստացար Աստծուց: Ո՞ւմ հետ խոսեցիր:

Մեռնողն իր վերջին ուժերը լարեց ու պատասխանեց.

- Եղբայրնե՛ր, գիտեք, որ ես անարժանորեն էի ապրում և ահա՛ տեսա, թե դևերն ինչպես շրջապատեցին իմ մահիճը: Նրանց ձեռքին մի ձեռագիր կար, որի վրա վերից-վար իմ մեղքերն էին գրված: Նրանք մոտեցան ինձ, իսկ իմ պահապան հրեշտակը հեռվում կանգնած լալիս էր: Եվ հանկարծ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Մի՛ դատեք, որ չդատվեք: Այս վանականը ոչ ոքի չի դատել և Ես ներում եմ նրան»: Նույն վայրկյանին դևերի ձեռքի թուղթն այրվեց ու նրանք բղավոցներով չքվեցին: Հրեշտակը մոտեցավ ինձ, ողջունեց և մենք խոսեցինք: Եղբայրնե՛ր, վանական դառնալուց ի վեր ես ոչ ոքի չեմ դատել: Դուք մեղադրում էիք ինձ և իրավացիորեն էիք մեղադրում, իսկ ես, մեղավորս, ոչ ոքի չեմ դատել:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

28.10.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․