Նրանց խաչի ուղին ևս մեկ անգամ իմաստավորվեց ուխտագնացությամբ

Ամեն մի քրիստոնյա, իր խաչն ունենալով, փորձում է անցնել խաչի՝ սիրո և զոհողության այն ուղիով, որ առաջնորդում է դեպի Երկինք: Սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Քրիստոսն այն պատճառով Խաչ բարձրացավ, որպեսզի ցույց տար, թե Իր մահը ճանապարհ է դեպի Երկնքի Արքայություն, ինչպես Հակոբը տեսավ սանդուղքը, որի գլուխը երկինք էր հասնում, ու Տերը հաստատված էր նրա վրա»: Յուրաքանչյուր Սբ. Խաչի տոն քրիստոնյայի համար հիշեցում է՝ արդյո՞ք գոհունակությամբ է կրում իր խաչը, քայլո՞ւմ է դեպի Երկնքի Արքայություն՝ անցնելով սիրո և զոհողության ուղիով: Հավատավոր անձն իր խաչը կրելիս զորանում է, երբ իր խաչի ուղին իմաստավորում է նաև բազմաթիվ ուխտագնացություններով:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Սբ. Խաչին նվիրված չորս տոների օրերը Վայոց Ձորի նշանավոր ուխտատեղիներից մեկի՝ Արկազի Սուրբ Խաչ եկեղեցու, ուխտի օրերն են: Այդ ուխտի օրերին 8-րդ դարի այս սրբավայրը, ուր ամփոփված է Հիսուս Քրիստոսի խաչելության փայտի մասունքը, բազմամարդ է դառնում Հայաստանի տարբեր վայրերից ժամանած ուխտավորներով: Այս տարվա վերջին Խաչի տոնին՝ Գյուտ Խաչին, մատուցվեց տարվա վերջին Սբ. Պատարագը, որին մասնակցում էին նաև Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ:

Իսկ թվով 56 ուխտավորները, որոնց մեջ էին նաև «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միության անդամները, մինչ ուխտի ճանապարհ անցնելը վաղ առավոտյան Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին միասնական աղոթքի՝ այս անգամ նպատակ ունենալով բոլոր ուխտավայրերում աղոթք բարձրացնել Հայ եկեղեցու պայծառացման, եկեղեցական համայնքների հզորացման և այն հայորդիների համար, որ դեռ չեն վերադարձել Մայր եկեղեցի: Ճանապարհին Տեր Գրիգորը գիշերային և առավոտյան ժամերգություններից հատվածներ ընթերցեց, ապա բոլորը միասին շարականներ երգեցին:

Առաջին ուխտավայրում՝ Արկազի Սբ. Խաչ եկեղեցում, ուխտավորները հաղորդ դարձան օրվա պատգամին պատարագիչ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանից, ով Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվն է. «Մենք ոչ թե խաչի նյութն ենք պաշտում և երկրպագում, այլ Խաչյալին, Ով չմնաց Խաչի վրա: Մեր հայկական ծաղկյալ Խաչը կյանքն է խորհրդանշում: Հաղթանակի նշանով են զարդարված մեր եկեղեցու գմբեթները: Մենք հաղթել ենք աշխարհին, մեր խաչերը որպես հաղթանակի նշաններ մեր պարանոցներին են հիշեցնելու համար մեզ Քրիստոսի հետևյալ խոսքերը՝ Ես հաղթեցի աշխարհին»:

Սբ. Պատարագից հետո ուխտավորները հյուրատանը մասնակցեցին սիրո ճաշին:

Նրանք նաև ականատես եղան Արկազի Սուրբ Խաչ զորավոր սրբավայրի «վերքերին». կոմունիստական ժամանակաշրջանում, երբ այս եկեղեցի է այցելել ռազմական, քաղաքական և պետական գործիչ Գարեգին Նժդեհը, թուրք հրոսակները սկսել են եկեղեցու վրա կրակ բացել տարբեր կողմերից: Ամեն մի հարվածից սկսել է արյուն հոսել (գիտնականները փորձաքննությամբ հայտնել են, որ այդ արյունը մարդու արյան բաղադրությունն ունի): Ժամանակին աթեիստները փորձել են կարմիր ներկով ներկել ողջ եկեղեցին, թաքցնելու համար արյան հետքերը, այսինքն՝ աստվածային հրաշքը, բայց զուր. ներկը որոշ ժամանակ հետո ամբողջովին թափվել էր՝ միայն որոշ հետքեր թողնելով:

Վայոց Ձորի հաջորդ սրբավայրը, ուր ուխտավորներն աղոթք բարձրացրին առ Աստված, դա Թանահատի Սբ. Նշան և Սբ. Ստեփանոս 13-րդ դարի եկեղեցիներն էին: Տեր Գրիգորի և Տեր Վազգենի գլխավորությամբ միասնական աղոթքից հետո, ուխտավորները փառաբանեցին Աստծուն «Փառք Քեզ Տեր Աստված մեր» շարականի երգեցողությամբ:

Իսկ երեկոյան ժամերգությանը նրանք մասնակցեցին Վայոց Ձորի թեմի առաջնորդանիստ Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում (հայտնի չէ կառուցման թիվը, վերակառուցվել է 1878 թ-ին), որ նախկինում կոչվել է Սուրբ Սարգիս՝ ըստ եկեղեցու արևմտյան կողմի դռան վրայի արձանագրությամբ: Տեր Վազգենն ուխտավորներին ներկայացրեց, որ եկեղեցին կառուցվել է արդեն գոյություն ունեցող խոնարհված մեկ ուրիշ եկեղեցու տեղում, որը կառուցվել է Գյուտ կաթողիկոսի կողմից 5-րդ դարում՝ կոչվելով Վարդանանց եկեղեցի: «Վարդանանց հերոսների պայքարած վայրում կառուցված եկեղեցին նպատակ ուներ վառ պահելու նրանց անմահ հիշատակը՝ հաջորդ սերունդներին նրանց ոգով դաստիարակելու համար»,- ասաց Տեր Հայրը:

Տեր Վազգենը մաղթեց ուխտավորներին, որ Տիրոջ խաչն ապավեն լինի նրանց և Աստծո ուխտը նորոգած, հավատով և հույսով վերադառնան իրենց օջախները:

Իսկ այն հարցին, թե ի՞նչն է առավել զորացնում և պայծառացնում եկեղեցին, Տեր Գրիգորն ասաց. «Խաչի վրա Աստված Իր սերն արտահայտեց մարդու հանդեպ: Նա ցույց տվեց, որ Աստված անտարբեր չէ տառապանքների հանդեպ: Խաչի վրա Հիսուս ցույց տվեց օրինակը` զոհաբերված սիրո. «որովհետև այդ բանի համար իսկ կոչվեցիք, քանի որ Քրիստոս էլ ձեզ համար մեռավ և ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք» (Ա Պետրոս 2:21): Մեր հավատքի գլխավոր կետը` Քրիստոսի մահն է խաչի վրա` մեր մեղքերի համար: Որքան խորը ըմբռնենք, որ մեր փրկությունն Աստծո մեջ է, այնքան շատ կսիրենք և կծառայենք մեր Տիրոջը: Իսկ ծառայելով Նրան՝ կսիրենք Նրա Պատկերը կրող մարդուն: Իսկ սերը կրող անձը զորանում է և զորացնում իր Մայր եկեղեցին, որի անդամն է ինքը»:

Փրկարար Նշանի՝ Սուրբ Խաչի գտնվելու տոնի օրհնաբեր սուրբ օրն առավել զորացրեց ուխտավորներին քաջաբար կրելու իրենց Խաչը՝ անցնելու համար դեպի փրկություն և երկնային փառք տանող սիրո և զոհաբերության այն ուղիով, որով անցավ մեր Տերը:

 

 

Կարինե Սուգիկյան

26.10.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․