Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Հանրապետության օրվա առիթով:

Մեծ Եղեռնին հաջորդած դժվարին օրերին մեր հայրենիքի մի մասում քաջարի մեր ժողովուրդը կենաց ու մահու գոյամարտ մղեց և թանկ զոհողություններով Մայիսյան հաղթական հերոսամարտերը պսակեց Հայաստանի Հանրապետության հիմնադրմամբ: Հայրենի պետականության վերականգնումով մարմնացավ մեր նախնիների դարավոր երազանքը, հույսով լցվեց մեր ժողովրդի հոգին և նոր շունչ առավ ազգային կյանքը:

Մայիսի 28-ի խորհուրդով այսօր նորոգենք Հայրենիքի հանդեպ մեր հավատարմության ուխտը, մեր ձեռաց ազնիվ գործերով, միմյանց նկատմամբ սիրով ու հոգատարությամբ հաղթահարենք բոլոր դժվարությունները՝ Տիրոջ առաջնորդությամբ շենացնելով մեր անկախ Հանրապետությունը:

Մեր հայցն է առ Երկնավոր Տերը, որ Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահի մեր Հայրենիքը և օրհնի մեր ժողովրդի ջանքերը` հանուն հայրենի մեր երկրի զորացման ու աշխարհասփյուռ մեր զավակների բարօր ու երջանիկ կյանքի:

28.05.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․