26 Դեկտեմբեր, Եշ
Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր,
Սկսվել է Մեծ Պահքը։ Մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան մեզ պատուհասած պատերազմի ողբերգության ցավը մեր հոգիներում։ Արցախի և մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար մղվող պատերազմում հերոսաբար զոհվեցին մեր բազում զավակներ, կորցրեցինք Արցախ աշխարհի զգալի մասը։ Այս ողբերգական իրադարձությունները որոշապես նաև հետևանք էին Քրիստոսապատվեր սիրուց հեռանալու, անհամերաշխության, ներքին ու արտաքին անվտանգության ու սպառնալիքների դեմ զգոնության պակասի, ազգային արժեքների շուրջ համախումբ և միակամ լինելու նախանձախնդրության տկարացման։
Հոգևոր կյանքի այս առանձնահատուկ ժամանակաընթացքի մեջ կոչված ենք զղջման ու ապաշխարության զգացումներով ընթանալու ինքնաքննության, սխալներին անդրադառնալու, թերությունները սրբագրելու լուսավոր ուղիով՝ ունկնդիր առաքյալի պատգամին. «Ապաշխարեցե՛ք և դարձի՛ եկեք ձեր մեղքերը ջնջելու համար, որպեսզի հանգստի ժամանակները գան Տիրոջ ներկայությունից» (Գործք Գ 19-20)։ Ապաշխարությունը տկարությունից նորոգություն տանող այն ճանապարհն է, որով մաքրագործվում է, նվիրագործվում անձը, վեր ելնում անկումից ու սայթաքումներից՝ ընթանալու դեպի կատարելություն։ Անկեղծ և սրտաբուխ ապաշխարությունը Տիրոջ գթությունն է տարածում հավատացյալի և ժողովրդի կյանքում՝ հեռացնելով չարի փորձություններից։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ ապաշխարությանը միանում է Աստծո բարեգթությունը, որով հեղվում են երկնային ողորմությունը, տերունապարգև մխիթարությունն ու շնորհները։ Երկնային օրհնությունների ու բարիքների աղբյուրը նաև ազգի կյանքում բացվում է համընդհանուր ապաշխարության ու զղջման միջոցով, ինչպես որ Աստված խոստանում է Սուրբ Գրքում. «Եթե Իմ ժողովուրդը, որի վրա Իմ անունն է դրված, զղջա, աղոթի և Իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, Ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը» (Բ Մնաց. Է 14): Արդ, մեծ Պահքի կարևոր այս ժամանակահատվածը ծառայեցնենք զղջմամբ ու ապաշխարությամբ մեր հոգու և կյանքի մաքրման համար և ընթանանք աստվածահաճո ճանապարհով։ Այս գիտակցությամբ և Աստծո օգնականությամբ մենք կարող կլինենք հոգևոր զորություն և ուժ գտնել՝ հաղթահարելու մեր երկրի հասարակական կյանքում լարված իրավիճակը, հառնած բազմաթիվ հիմնախնդիրներն ու մարտահրավերները և շարունակել մեր ստեղծագործ, հավատավոր կյանքի ընթացքը։
Մեր սրտաբուխ աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ Իր բազում ողորմությունները շնորհի ազգիս հայոց, Սուրբ Հոգու սփոփանքը պարգևի վշտացյալ սրտերին և Իր գթառատությունն ու պահպանությունը տարածի աշխարհասփյուռ մեր ժողովրդի ու մեր հայրենիքի վրա։ Թող Աստծո բարի հայացքի ներքո Տիրոջ զորակցությամբ իրականություն դառնան մեր ժողովրդի բարի իղձերը՝ նեղություններից ու դժվարություններից հառնելու դեպի բարձունքը հաղթանակների և հաջողությունների՝ ի զորացումն մեր պետության և ի բարօրություն ազգիս։ Եվ թող մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերը և երկնապարգև շնորհները միշտ լինեն մեզ հետ և ամենքի. ամեն։