26 Ապրիլ, Կիր
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,
Այսօր միաբանվել ենք Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո` խնկարկելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մեկ դարից ավելի առաջ տեղի ունեցավ ոճիրը, մեկ դարից ավելի է, որ հայոց ազգը սգավոր է` որդեկորույս մոր նման: Բավ է: 21-րդ դարում, երբ աշխարհը փոխվում է արբանյակային արագությամբ, երբ վերարժևորվում է աշխարհում գրեթե ամենայն ինչ, ժամն է նորովի անդրադարձ կատարելու պատուհասածին: Հիրավի հասունացել է պահը դեն նետելու սգավորի հանդերձանքը, որից հոգնել է ոչ միայն համայն մարդկությունը, այլև մենք` ինքներս: Ժամն է հանդերձավորվելու արժանապատիվ զինվորի հագուստով և լծվելու մեր դատի պաշտպանությանը: Ասելով զինվորի` նկատի չենք առնում կռիվն ու պատերազմները, այլև քաղաքակիրթ պայքարի ոգին ու պատրաստակամությունը:
Հիրավի, քսաներորդ դարասկզբին տեղի ունեցած ոճիրը ցեղասպանություն էր, բայց ցեղասպանություններ կատարվել են ոչ միայն հայոց ազգի հետ: Ուգանդայում էլ բնաջինջ արարքներ են տեղի ունեցել, հրեաների Հոլոքոստը հիշենք, և շատ այլուր: Կարևոր է ձերբազատվել մտայնությունից, թե մենք միակն ենք մեր վշտի մեջ, միակն ենք կրողը անարդարացի դատաստանի: Միակը չենք: Ուստի այսուհետ պետք է մխիթարվենք այն պատմական գիտակցությամբ, որ ցեղասպանություններ էլի շատ ազգերի հետ են տեղի ունեցել: Բայց, ինչպես նշեցինք, լացն ու հեծեծանքն այլևս տեղ չունեն 21-րդ դարում, կոտորվածի հոգեբանությունն ու ցեղասպանվածի բարդույթը այլևս ժամանակավրեպ են: Այդպիսին է դարափոխությունը: Ուստի այսօր հավաքվել ենք խնկարկելու, ոչ թե սգալու ցեղասպանության զոհերի հիշատակը: Ավելին` ոգեկոչելու նրանց: Ինչպե±ս: Նախևառաջ պատմական արդարության վերահաստատման վճռականությամբ: Դադարելով սգալ, չի նշանակում դադարել հիշել, հրաժարվել Հայ դատից ու պահանջատիրությունից: Դրանց համար այսօր գոյություն ունի այնպիսի հզոր զենք, ինչպիսին դիվանագիտությունն է: Մենք պետք է բարձրացնենք մեր պահանջատիրության խնդիրն ամենուր, ուր քաղաքակիրթ մարդկություն կա: Ինչու՞ շեշտեցինք քաղաքակիրթ: Որովհետև միայն քաղաքակրթությունն է, որ կօգնի մերժել ցեղասպանությունները, որ ազգի հանդեպ էլ որ դրանք տեղի ունենան:
Այսօր հիրավի խինդով պետք է նշել, որ Հայոց եկեղեցին ևս տարեց տարի ավելի ու ավելի վճռական է դառնում ձերբազատվելու հեծեծողի սքեմից, հայոց եկեղեցու զանգերը ղողանջում են ոչ թե սգո, այլ պայքարի ելևէջներով: Իսկ Հայոց հայրապետի ուղերձը` հղված համայն հայությանը չի պարունակում խղճահարության նոտաներ: Այդպես պետք է լինի: Մենք խղճահարություն չէ, որ պետք է աղերսենք աշխարհից, այլ պահանջենք ընդունել, որ ցեղասպանությունները դատապարտելի են:
Իսկ ձեզանից ակնկալվում է միայն, որ հայացքներդ հառեք ոչ թե անցյալին, ոչ այնքան ներկային, որքան ապագային: Ցեղասպանությունները չպետք է խանգարեն ազգերին ապրել ու առաջ շարժվել: Միայն այդպես կարող ենք սփոփել մեր վիշտը` պայքարելով: Խեղճի հետ հաշվի չեն նստում: Ուրեմն` ի գործ: Ի շենացումն մեր հայրենիքի, ի հզորացում մեր պետության և ի ամրապնդումն մեր հավատամքի: Միայն մեր ժողովրդի հավատքի և մեր պետության հզորությամբ կարող ենք գործոն դառնալ աշխարհում` ճանաչել տալու մեր ազգի հանդեպ պեղի ունեցած ոճիրը:
Թող Աստված ընդունելի անի մեր զոհերի հիշատակի խնկարկումը Հայաստանում և ի սփյուռս աշխարհի: Ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան