Ոմն եղբայր, գնալով ծերերից մեկի մոտ, նրան ասաց. «Իմ եղբայրն ինձ խռովքի է մատնում՝ այս ու այն կողմ թափառելով»: Եվ ծերը աղաչեց նրան ու ասաց. «Համբերի՛ր, և Աստված, տեսնելով քո համբերության տքնությունը, նրան ուղիղ ճանապարհի կբերի, քանզի ոչ ոք ոչ մեկին խստությամբ չի ուղղի, ոչ էլ դևը դևին կհանի: Միայն քաղցրությա՛մբ տար նրան, որովհետև Աստված ևս մխիթարությամբ է մարդկանց հոժարության բերում»: Եվ նրան պատմեց հետևյալը. «Թեբայիդում երկու եղբայրներ կային. նրանցից մեկը պատերազմ ունենալով՝ ասաց. «Գնամ աշխարհ», իսկ մյուսն ասաց. «Թո՛ւյլ չեմ տա, եղբա՛յր, որ գնաս և կորցնես հոգիդ, կուսությունդ ու վաստակդ»: Առաջինը, սակայն, չէր համաձայնում նրա հետ, այլ ասում էր. «Չեմ նստի այստեղ, այլ պետք է գնամ, եթե կամենում ես` դու էլ արի ինձ հետ, և երբ կատարեմ ցանկությունս, միասին դարձյալ կվերադառնանք, իսկ եթե ոչ` արձակի՛ր ինձ, որ աշխարհում բնակվեմ»: Եվ մյուս եղբայրը, գնալով մի մեծն ծերի մոտ, պատմեց նրան եղելությունը: Ծերը նրան ասաց. «Գնա՛ նրա հետ, և Աստված քո ջանքերի համար չի թողնի նրան՝ ընկնել փորձության մեջ»: Եվ երկուսով վեր կացան ու գնացին աշխարհ: Երբ եկան մի գյուղ, Աստված, տեսնելով նրա ջանադրությունը, հեռացրեց եղբոր միջից պատերազմը: Եվ պատերազմից ազատված այս եղբայրն ասաց մյուսին. «Եղբա՛յր, ե՛կ դարձյալ գնանք մեր անապատը. ասենք թե կատարեցի իմ ցանկությունը` դրանից ի՞նչ օգուտ»: Եվ այնտեղից անվնաս վերադարձան իրենց խուցը»: Արդ, ով մի բան անի հանուն Աստծո՝ Տերը չի կորցնի նրա վաստակը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016