25 Նոյեմբեր, Բշ
Կյուրակոս անունով ոմն մենակյաց եղբայր, որ Ալեքսանդրիա քաղաքից էր, մի քույր ուներ՝ Պարասկևա անունով: Երբ մեռան նրանց ծնողները, Կյուրակոսը ցանկացավ կրոնավորական վարքով ապրել և, թողնելով հայրական ողջ ունեցվածքն ու քրոջը, գնաց Սկյութիայի անապատը` մեծն Դանիելի մոտ, և ճգնավորական վարքով կրոնավորեց ու հաճո եղավ իր կրոնավորական վարքով, և կատարյալ սեր ուներ առ Աստված: Իսկ նրա քույր Պարասկևան, որ գեղեցիկ էր տեսքով, խաբվեց բանսարկուից և իր անձը տվեց պոռնկության գործին և անառակ վարքով բազում հոգիներ էր կորստյան մատնում: Նրա եղբայր Կյուրակոսը, լսելով այս ամենը, շատ տրտմեց իր քրոջ կորստյան համար և ուրացավ նրան` նրա անառակ ընթացքի համար: Մոտ մեկ տարի անց, լսելով այս, Մեծն Դանիելն ու անապատի այլ ծերեր խիստ մեղադրեցին Կյուրակոսին, թե` «Ինչպե՞ս թողեցիր քո քրոջն անտեր ու տվեցիր սատանային` կորստյան մատնելու նրան»: Լսելով այս հանդիմանությունները` Կյուրակոսը սուգ անելով հառաչում էր իր քույր Պարասկևայի կորստյան համար: Այնժամ ծերերը նրան ասացին. «Եղբա՛յր Կյուրակոս, հարկ է քեզ անձամբ գնալ փնտրելու այն կորսվածին և դուրս բերել մոլորված ոչխարին սատանայական գործերից»: Այնժամ Կյուրակոսը, ծերերի հրահանգով ու աղոթքներով, վեր կացավ գնաց Ալեքսանդրիա, հարցրեց ու որոնեց իր քույր Պարասկևայի տունը, և ի վերջո գտավ այն: Կանգնել մնացել էր մենակյացը պոռնկանոցի դռանը` ամոթալի պատկառանքով, իսկ քույրը ներսում ուրախանում էր բազում տղամարդկանց հետ՝ գինարբուքով, երգ ու պարով: Կյուրակոսը, լսելով ներսից եկող ձայները, արտասվալից ողբով դեպի երկինք էր նայում և աղաչում Աստծուն` օգնել կորուսյալ հոգուն: Ապա մի պատանու ուղարկեց ներս` իր քրոջ մոտ` ասելու, թե` քո եղբայր Կյուրակոսը դրսում՝ դռան մոտ է և քեզ է կանչում: Պարասկևան, որ գլխաբաց և բոկոտն՝ անառակաբար պարում էր և խաղում մեղսասեր երիտասարդների հետ, երբ լսեց իր եղբոր մասին, սաստիկ ուրախացավ և դուրս վազելով՝ ողջունեց եղբորն ու իր երեսի վրա երկրպագեց նրան: Կյուրակոսը, տեսնելով նրան այդպիսի տեսքով, արտասվելով բարձրացրեց ձեռքերն առ Աստված և ողբալով ասաց. «Ո ՜վ քույր իմ Պարասկևա, այս ինչպե՞ս եմ տեսնում քեզ, որ և՛ Աստծուն արհամարհեցիր, և՛ հոգիդ անարգեցիր. ահա դու կորար և քեզ հետ շատերին կորցրիր: Վա՜յ ինձ, քո՛ւյր իմ, որ այսպես եմ տեսնում քեզ, ինձ համար լավ էր, որ քո առջև մեռած լինեի: Վա՜յ ինձ, քո՛ւյր իմ, որ նայում եմ քեզ և տեսնում եմ` հավիտենական կորուստն ես բարձել անձիդ»: Իսկ Պարասկևան, երբ լսեց այս, կուրծքը ծեծելով ընկավ նրա ոտքերը և ողբալով ասաց. «Վա՜յ ինձ` թշվառականիս, վա՜յ ինձ, որ իսպառ կորա և մեղքով անցկացրի իմ կյանքի օրերը: Աղաչում եմ քեզ, հա՛յր իմ՝ ըստ հոգու և եղբա՝յր՝ ըստ մարմնի, եթե գիտես, որ Աստված կընդունի ինձ և գթությամբ կտեսնի պոռնիկի զղջումն ու անառակ կնոջ ապաշխարությունը, մի՛ թողնիր ինձ այստեղ, աղաչում եմ քեզ, տե՛ր իմ և հա՛յր իմ: Լսող կլինեմ և կհնազանդվեմ քո հրամաններին և ամբողջ սրտով ու կամքով կծառայեմ Տիրոջը»: Երբ Կյուրակոսը լսեց այս խոսքերը, սաստիկ ուրախացավ և նրան ասաց. «Մտի՛ր քո տունը, ծածկի՛ր քո գլուխը, հագի՛ր կոշիկներդ, քանզի ճանապարհը երկար է, խիստ քարքարոտ և լեռան խորշակն էլ սաստիկ է, մինչև որ տանեմ քեզ և կուսանաց վանքը մտցնեմ»: Այնժամ աղջիկը նրան ասաց. «Կենդանի է Տեր Աստվածն իմ, որ ինչպես գլխաբաց ու բոկոտն դուրս ելա քեզ մոտ, այդպես էլ կգամ քո ետևից: Իմ տուն չեմ մտնի և ոչինչ չեմ վերցնի այն սատանայական իրեղեններից. ե՛կ գնանք, եղբա՛յր, ինչպես որ կամ` գլխաբաց ու բոկոտն: Ինձ համար, եղբա՛յր իմ, լավ է մերկ գալ քո հետևից, քան ետ դառնալ և մտնել իմ կորստյան տունը»: Կյուրակոսն առավել մեծ խնդություն և ուրախու թյուն ապրեց քրոջ այս խոսքերից` գոհանալով Աստծուց, որ լուսավորեց նրա խավարած սիրտը: Եվ ճանապարհ ընկնելով՝ գնացին դեպի լեռը և մտան ներքին անապատը, որպեսզի գնան տոնիտացիների վանք: Ճանապարհին Պարասկևան հարցրեց իր եղբորը. «Ո ՜վ հա՛յր իմ և եղբա՛յր, ասա՛ ինձ` կա՞ ինձ ողորմության հույս առ Աստված, թե՞ ոչ»: Եվ Կյուրակոսն իր քրոջն ասաց. «Այո՛, կա՛, և անգամ` մեծ հույս, և ոչ միայն քեզ, այլև բոլոր մեղավորներին, ովքեր ապաշխարությամբ դառնում են դեպի Քրիստոս: Քանզի Քրիստոս ավետիս բերեց մեզ իր երկնային Հորից և այսպես ավետարանեց ու ասաց. «Չեկա արդարներին կանչելու, այլ մեղավորներին` ապաշխարության» (Մատթ. Թ 13, Մարկ. Բ 17, Ղուկ. Ե 32): Դարձյալ ավետարանեց և ասաց. «Մե ղավորի մահը չեմ կամենում, այլ չար ճանապարհից դառնալը և ապրելը»: Դարձյալ հաստատում է մեղավորներին իրենց կյանքի հույսի մեջ և ասում. «Ուրախություն կլինի երկնքում՝ Աստծո հրեշտակների մեջ, մի մեղավորի համար, որը կապաշխարի իր մեղքերը» (Ղուկ. ԺԵ 10): Եվ մեղքով կորսվածներին նկատի ունենալով՝ ասաց. «Եթե մեկը հարյուր ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի, մի՞թե չի թողնի ինսունիննը անապատում և չի գնա փնտրելու մոլորվածին, մինչև որ գտնի: Իսկ երբ գտնի, իր ուսերի վրա կառնի նրան և կտանի կխառնի իր հոտին» (Ղուկ. ԺԵ 4-7): Այսպես և Քրիստոս բոլոր մեղավորներին, որ դառնում են դեպի Իրեն, իր ուսերի վրա կառնի և կտանիկխառնի երկնքի հրեշտակներին»: Լսում էր այս ամենը Պարասկևան և արտա սուքներով դիմելով ու հառաչանքներով աղաչելով՝ ապավինում էր ողորմաբաշխ Քրիստոսին: Եվ Կյուրակոսը, տեսնելով իր քրոջ ապաշ խարությունը, սրտի խորքից աղաչում էր Աստծուն՝ ընդունել նրա ապաշխարությունը: Իսկ Պարասկևան գնում էր գլխաբաց և երկու ձեռքը կապած գլխավերևում: Եվ մինչ գնում էին անապատի խորդու բորդ ու դժվարին ճանապարհով` ճաքճքվեցին նրա ոտքերի ներբաննե րը, և արյուն էր սաստիկ հորդում նրա մարմնից, արտասուքների վտակներ էր հոսեցնում անդադար և հառաչում առ Աստված՝ հիշելով իր մեղքերը, իսկ գլուխն ու դեմքը տոթից ու կիզիչ արևից խորշակա հարվել և ինչպես հրից` վառվել էին: Ապա սկսեց բռունցքներով ծեծել իր կուրծքը, որը և կապտելով ուռեց և պատռվեց. արյունը հոսելով լցվում էր ծոցը և հանդերձներին, լաց էր լինում և ասում հառաչելով. «Ընդունի՛ր, Տե՛ր իմ Հիսուս Քրիստոս, իմ ապաշխարությունը, ինչպես ընդունեցիր պոռնիկ կնոջ ապաշխարությունը»: Եվ մինչ գնում էին, նրա եղբայրը տեսավ, որ այլ կրոնավոր անապատական եղբայրներ էին գալիս անապատի ճանապարհով, իր քրոջն ասաց. «Շեղվի՛ր ճանապարհից մի փոքր և թաքնվի՛ր, մինչև նրանք անցնեն, որպեսզի չգայ թակղվեն, քանզի չգիտեն, որ դու իմ քույրն ես»: Պարասկևան դուրս եկավ ճանապարհից և թաքնվեց: Իսկ երբ անապատականներն անցան, Կյուրակոսը գնաց կանչելու քրոջը և տեսավ, որ նա մեռած է: Հառաչելով հոգոց հանեց և ասաց. «Վա՜յ ինձ` մեղավորիս, որ արժանի չեղա իմ տառապյալ քրոջ հոգին ապրեցնելու»: Ապա գերեզմանափոս փորեց, սաղմոսներով ու օրհնաբանություններով թաղեց նրան և մեծ տանջանքներից ու տրտմությունից հոգնաբեկ՝ ննջեց նրա գերեզմանի վրա: Եվ երազում զարմանալի տեսիլք տեսավ: Տեսավ, որ Տերը նստած էր բարձր աթոռի վրա, իսկ Նրա շուրջը հրեշտակների բազմությունն էր, Քրիստոսի առջև Պարասկևան` պատառոտուն հանդերձներով և գլխիկոր: Եվ Տերն ասաց. «Բերե՛ք այդ պոռնիկ կնոջ բոլոր գործերն իմ առջև»: Եկան սևադեմ մարդիկ և բերին գրված մատյաններ, բացեցին նրա առջև և ընթերցեցին նրա բոլոր մեղսագործությունները: Այնուհետև եկան երկու լուսավոր այրեր և Տիրոջը մատուցեցին շիշ` լցված արյամբ և արտասուքներով, և ընթերցեցին մի փոքրիկ մագաղաթ, թե ինչպես նա լսող և հնազանդ եղավ իր եղբորը, ինչպես բաց գլխով և բոկոտն գնաց անապատի դժվարին ու քարքարոտ ճանապարհով, ինչ պես կոծելով ծեծեց իր կուրծքը, մինչև որ իսպառ վիրավորեց մարմի նը: Այնժամ այն սևադեմ մարդիկ ասացին. «Ահա այսքան ժամանակ մեզ հետ էր և մեզ հաճելին էր կատարում, և այս մատյանների բոլոր էջերը լցրին նրա հանցանքները, մինչդեռ երեկվա մեկ օրվա համար կամենում եք նրան խլե՞լ մեզանից»: Եվ Տերն ասաց. «Բերե՛ք կշեռքը», և բերին: Եվ սևերը, որպես քթոցից, թափում էին կնոջ մեղքերը մատյանից և լցնում կշեռքի մի նժարի վրա: Նույնպես և լուսավորները դրեցին շիշը մյուս նժարի վրա, և այս նժարը ծանրորեն վայր իջավ և բարձրացրեց չարալից նժարը. բոլոր չարիքները ցրվեցին ծխի նման և փոշու պես անհետացան: Այդ ժամանակ անուշահոտություն բուրեց, և հրեշտակները մոտենալով՝ խլեցին Պարասկևային թշնամիների ձեռքից, որոնք կամենում էին նրան տանել դեպի տանջանքների վայր, և բերելով կանգնեցրին նրան Քրիստոսի առջև: Տերը հրամայեց հանել նրա վրայից հին, աղտեղի ու պատառոտված հանդերձները: Նրան հագցրին բեհեզ և ծիրանի, նրա գլխին պսակ դրին, և լուսավորները վերցնելով նրան՝ թռանբարձրացան երկինք: Զարթնեց Կյուրակոսը քնից և սաստիկ ուրախացավ տեսիլքից: Գնալով պատմեց այն Մեծն Դանիելին ու Սկյութիայի մյուս սուրբ հայրերին, և բոլորը փառավորեցին Աստծուն: Եվ երանուհի Պարասկևային գրառեցին տախտակի վրա՝ կրոնավորների ու սուրբ կանանց հիշատակների շարքում՝ մարտի քսանութին:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016