ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքից թվով 50 անդամներ, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ապրիլի 24-ից մայիսի 5-ը տասնօրյա ուխտագնացությամբ եղան մարդկության հավատքի և պատմության գլխավոր առանցքն ու կիզակետը համարվող Սուրբ Երկրում՝ Երուսաղեմում: Ուխտավորների ուղին դեպի խաղաղության քաղաք ուղղված էր Հայոց աշխարհի խաղաղությանը:
Ուխտավորներից յուրաքանչյուրի փափագն էր ջերմեռանդ հավատով երկրպագել Տնօրինական այն սրբավայրերին, ուր մարդկության Փրկիչը ծնվեց, ապրեց, մկրտվեց, քարոզեց, մեր մեղքերի քավության համար չարչարվեց, խաչվեց, ապա և հրաշափառ կերպով հարություն առավ ու երկինք համբարձվեց՝ նստելով Իր Երկնավոր Հոր աջակողմում: Ուխտագնացության այս օրերին ուխտավորների ամեն մի ջանքը՝ վաղ առավոտյան արթնանալը, ծոմապահությամբ մասնակից լինելը ժամերգություններին, առավոտյան և գիշերային Սբ. Պատարագներին, Տիրոջ կողմից վարձատրվում էր անբացատրելի խաղաղությամբ և ուրախությամբ: Հոգևոր ուրախությունը կրկնապատկվել էր ուխտավորների սրտում, քանի որ իրենք այդ օրերին առիթ ունեցան Հուլյան (հին) տոմարով նշելու Տիրոջ հրաշափառ Հարության տոնը՝ նախ մասնակիցը լինելով Ավագ կամ Չարչարանաց շաբաթվա արարողություններին:
Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում ուխտավորները հանդիպում ունեցան պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ և ստացան Սրբազան Հոր հայրական օրհնությունը: Պատրիարքն իր ուրախությունը հայտնեց ներկաներին Երուսաղեմում ուխտավորաբար գտնվելու առիթով և նշեց, որ իրենք այս օրերին հպարտության և ուրախության զգացումներ կունենան՝ ականատեսը և հաղորդակիցը լինելով այն սրբություններին, որ պատկանում են Հայոց փոքրաթիվ ազգին այս սուրբ հողի վրա: Այնուհետև Տեր Գրիգորը շնորհակալություն հայտնեց Նուրհան Սրբազանին ընդունելության կապակցությամբ և Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի կողմից Սրբազան Հորը հանձնեց հուշանվեր:
Տասնօրյա ուխտագնացության ընթացքում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու ուխտավորների խմբին ուղեկցում էին Երուսաղեմի Հայոց պատրիարքության միաբաններ՝ Թեոդորոս վարդապետ Զաքարյանը և Ալբերտ սրկ. Համբարձումյանը՝ ներկայացնելով սրբավայրերի վերաբերյալ պատմություններն ու ավանդությունները:
Սբ. Հարության, Սբ. Կույսի գերեզմանի վրա գտնվող Սբ. Աստվածածնի և Բեթղեհեմի Սբ. Ծննդյան տաճարներում ուխտավորները մասնակցեցին Սբ. Պատարագի Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի մատուցմամբ: Իսկ մայիսի 2-ին ուխտավորներն արժանացան մասնակիցը լինելու տարին մեկ անգամ Սբ Զատկի տոնի հաջորդ օրը մատուցվող Ուխտավորաց Սբ. Պատարագին և մեծահանդես թափորին, որ տեղի ունեցավ Սբ. Հակոբյանց տաճարում պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հանդիսապետությամբ: Այդ օրը արարողությանը մասնակից յուրաքանչյուր ուխտավոր հնարավորություն ունեցավ հաղորդակից լինելու Երուսաղեմի մեր սրբություններին:
Ամեն մի սրբավայրում՝ Սբ. Հարության և Սբ. Աստվածածնի տաճարներում, Սրբոց Հակոբյանց Մայրավանքում, Բոլոր ազգերի և «Հայր մեր» եկեղեցիներում, Բեթղեհեմի Սբ. Ծննդյան տաճարում, Սբ. Հրեշտակապետաց վանքում, Սիոն լեռան և Գալիլեայի ծովակի սրբավայրերում, Ձիթենյաց և Թաբոր լեռների սրբավայրերում, ամեն տեղ հայ ուխտավորների միասնական աղոթքն առ Աստված հանուն Հայոց աշխարհի խաղաղությանն էր կոչված: Քրիստոսի հետքերով քայլող յուրաքանչյուր ուխտավորի սրտում դրոշմված էր Փրկչի հետևյալ խոսքերը. «Խնդրեցե՛ք Աստծուց, և Նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնե՛ք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ» (Մատթեոս 7:7), նաև «Եթե երկրի
վրա ձեզնից երկու հոգի միաբանվեն որևէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, Իմ Երկնավոր Հայրը կկատարի դա. որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես նրանց մեջ» (Մատթեոս 18:19-20):
Ուխտավորներից Էմիլիա Ապիցարյանը, ով երկրորդ անգամ էր Երուսաղեմում ուխտավորաբար, կիսվեց իր տպավորություններով. «Դեռևս Երուսաղեմում արդեն իսկ մտածում և երազում ես կրկին այդ սրբավայրերը վերադառնալու մասին: Ոչ միայն ես, այլ մյուս ուխտավորները ևս փաստում են այն մասին, որ Սուրբ Երկրում ժամանակը կանգ է առնում, երանությունն այնքան մեծ է և Աստծո ներկայությունը շոշափելի, որ մոռանում ես ամեն ինչ, գուցե տարօրինակ թվա, բայց կարոտի զգացողությունն էլ է անհետանում: Սրտիցդ մի մեծ մաս թողնում ես այնտեղ, առավել ևս Սբ. Հարության տաճարում և վերադառնալուց հետո էլ դեռ մտքով այնտեղ ես՝ Սուրբ Երկրում»:
Երուսաղեմը և հայերը
Տիրոջ նախախնամությամբ առաջին աստվածապաշտ ժողովրդի՝ հայերի առնչությունը Երուսաղեմի և ընդհանրապես Սուրբ Երկրի հետ սկիզբ է դրվել դեռևս շատ վաղուց: Քանի որ աշխարհահռչակ քաղաք Երուսաղեմը՝ խաղաղության բնակավայրը, քաղաքների մեջ հնագույնը և նշանավոր Ավետյաց երկիրը, նախկինում Սաղեմ կոչված, ըստ բազմաթիվ ուսումնասիրողների, այդ թվում նաև Վարդան Արևելցու, հայոց նահապետ Հայկ-Մելքիսեդեկն է կառուցել և այնտեղ թագավորել որպես աշխարհիկ և հոգևոր տիրակալ: Տպավորիչ է, որ հնուց մինչ օրս՝ Երուսաղեմի տեղաբնակ հայերն իրենց անվանում են ոչ թե երուսաղեմացիներ, այլ սաղիմահայեր: Հիշենք, որ դեռևս հայոց անդրանիկ հավատացյալ թագավոր Աբգար Առաջինի դարձից հետո, նրա բարեպաշտ կինը` Հեղինեն, մատուռներ էր կառուցել և՛ Գլխադիր կոչված Խորանին (Սբ. Հակոբյանց վանք), և՛ այլ տեղերում, ուր առ այսօր հայկական վանքեր ու եկեղեցիներ կան: Չորրորդ դարում, երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչը գտնվում էր Երուսաղեմում, նրա աղոթքներով Սբ. Հարության տոնին առաջին անգամ իջավ երկնառաք հուրը, որը դարձավ ավանդույթ: Այդ ժամանակ էր, որ տարբեր Եկեղեցիների առաջնորդներն աղոթքով իրենց խնդրանքը Տիրոջ առջև բերեցին և վիճակ գցեցին, թե ո՞ւմ ինչ սրբություններ պիտի բաժին հասնեն Սուրբ Երկրում. և Հայոց աշխարհին վիճակվեցին բազմաթիվ սրբատեղիներ, որոնց մեջ նաև՝ Գողգոթան և Սիոնում՝ Սբ. Հակոբ Տեառնեղբոր տունը՝ քրիստոնեության առաջին Պատրիարքարանը, որտեղ մինչև օրս գտնվում է Հայոց Պատրիարքարանը: Չորրորդից մինչև իններորդ դարերը Երուսաղեմում և նրա շրջակայքում գործում էր մոտ 90 հայկական վանք (այժմ՝ կանգուն և ավերված հայկական 74 եկեղեցիներ և վանքեր) (Աշոտ դպիր Արևշատյան «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ»):
Իսկ թե ինչպես էր պատրաստվում Երուսաղեմ ուխտի գնալ մեր առաջին կաթողիկոսը` Սբ. Գրիգոր Լուսավորիչը, ահա մի քանի հին ավանդություններ և նրանց վրա խարսխված պատմագրական հիշատակություններ. «Սբ. Գիրգոր Լուսավորիչը, առանձնանալով Սեպուհ լեռան վրա, կամենում է Երուսաղեմ ուխտի գնալ: Իր ուխտը, սակայն, ցանկանում է իրականացնել ոչ թե քայլերով, այլ երեսն ի վայր ու ծնկների վրա գնալով: 1439թ. գրված մի «Յայսմաւուրք»- ում ասվում է, թե իր ճգնության այրից երբ այսպես լեռն ի վար իջնում է ներքև ու վեր ելնում մի ձորակով, կենդանի նահատակին երևում է Տիրոջ հրեշտակը և թույլ չի տալիս նման տաժանելի կերպով շարունակել ուխտագնացությունը: Ի պատիվ հրեշտակի երևման, Լուսավորիչն այստեղ մի խաչ է կանգնեցնում, որն ուներ հրաշագործ զորություն: Սերովբեք է կոչվում նաև այնտեղ գտնվող գյուղը: Հասնելով Երուսաղեմ` Լուսավորիչն իրեն արժանի չի համարում մոտենալու Տիրոջ գերեզմանին և յոթ տարի ճգնում է Խաչգյուտի եկեղեցում, որն այսպես է անվանվում, քանի որ, համաձայն ավանդության, այստեղ է Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինե թագուհին, գտել Քրիստոսի Խաչափայտը: Յոթնամյա ճգնությունից հետո Զատկի ճրագալույցին, երբ Լուսավորիչը մոտենում է Տիրոջ գերեզմանին, վառվում են այնտեղ կախված բոլոր կանթեղները, և Սբ. Գրիգորը երգում է «Լոյս Զուարթ»-ը: Ասվում է, թե ի հիշատակ կանթեղների հրաշալի այս վառվելուն է մեր Եկեղեցում ամեն շաբաթվա ճրագալույցին երգվում «Լոյս Զուարթ»-ը» (Վարդան Դևրիկյան «Երուսաղեմի Հայ Ուխտավորը»):
Այսպիսով, դեպի Երուսաղեմ հայոց ուխտագնացության ժամանակագրությունը սկիզբ է դրվել դեռևս շատ վաղուց, ապա այն շարունակել են մեր առաջին հայրապետը, մեր թարգմանիչ վարդապետները, եկեղեցու հայրերը, հայոց արքաներն ու իշխանները, ինչպես նաև հայ ժողովրդի մնացյալ խավերն ու դասերը` կազմելով հայոց ուխտագնացության ոսկե շղթան, որը շարունակվում է առ այսօր:
Կարինե Սուգիկյան