5 Դեկտեմբեր, Եշ
Գիշեր է: Դեռ չէր հասցրել նույնիսկ արևը դուրս գալ, բայց մենք արդեն դուրս ենք եկել տանից և մեր քայլերն արագացնելով ուզում ենք վայրկյան առաջ հասնել Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու բակ, որտեղ ունենք բազմաթիվ հարազատներ, ընկերներ` մի ողջ միություն մեզ սպասող:
Ճանապարհը լուսավորում է լուսնի լույսը, սառած ձեռքերը շփում ենք իրար տաքացնելու հույսով և այդ շփմանը համահունչ մեր ոտքերն են առաջ գնում և ... մենք ճիշտ ժամին ճիշտ տեղում ենք : Կիսաքուն, բայց ոգևորված ու ծանոթ դեմքեր միմյանց այնպես ջերմ են ողջունում, կարծես տարիներ առաջ են հանդիպել վերջին անգամ` հեռավոր մի երկրում:
Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո ...
Տեր, ուղղեա զգնացս մեր ի ճանապարհս խաղաղութեան...
Սուրբ Անանիայի մատուռում աղոթքից և Տեր Զենոնի օրհնությունը ստանալուց հետո արդեն ավտոբուսն առաջ էր ընթանում.
Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Կիրակի առավոտյան, նոյեմբերի 9-ին „Զորավոր” երիտասարդաց միությունը` ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ սրբազան արքեպիսկոպոսի հայրական օրհնությամբ և երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի գլխավորությամբ ուղևորվում է Տաթևի վանք ուխտագնացության: Լուսնի լույսին փոխարինելու է գալիս արևը: Արևագալի ժամերգություն, առավոտյան ժամերգություն, շարականներ, պատարագի երգեցողություն ու... ահա ժայռի վրա նշմարվում է եկեղեցու գմբեթը: Դժվարին ոլորանները հաղթահարելուց հետո հասանք ժայռի բարձրունքին և ահա թե ինչ... հրաշք`դարերով կանգուն, պատմական սուրբ հնություն, հազարավոր աղոթքներ լսած եկեղեցիներ: Մեր գիտակցության մի փոքր անկյունում զգացինք չնչին թվացող, բայց երկար մտածելու և ինքներս մեզ քննելու միտք` այժմ մենք կանգնած աղոթք ենք անում այն եկեղեցում, որտեղ տարիներով իր աղոթքներն է հնչեցրել Գրիգոր Տաթևացին, և որի դամբարանը հենց նույն`Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում է: Եվ հենց այդ միտքն էլ սթափվելու պատճառ հանդիսացավ:
Խորհուրդ խորհին, անհաս, անսկիզբն, որ զարդարեցեր զվերին պետութիւնդ....
Սուրբ Պատարագի խորհուրդը սկսված է, պատարագիչը Հայր Միքայելն է: Պատարագը երգելու համար երգչախմբին միացան նաև ուխտավոր միությունից անդամներ: Հայր Սուրբը պատարագի ընթացքին Աստվածային սիրո մասին քարող խոսեց: Հորդորեց բոլորիս, որ մեր կյանքը սիրով անցկացնենք, ապրենք սիրով ու վերաբերվենք բոլորին հարգանքով, ջերմությամբ , բարությամբ, քանի որ սերը պարգև է Աստծու և մենք այն պետք է կարևորենք: Հայր Սուրբն ասաց, որ ով սիրում է ապա Քրոստոս բնակվում է իր մեջ իսկ նա Քրիստոսի:
Պատարագի ավարտից հետո դուրս եկանք վանքի տարածքում շրջելու, որից հետո ճաշելու: Ի ուրախություն մեզ արևը ջերմացնում էր բոլորիս, չնայած որ կարծում էին ցուրտ է լինելու: Նստեցինք բակում, ճաշեցինք և Հայր Միքայելի հետ զրուցեցինք մեզ հետաքրքրող թեմաների մասին: Նա պատմեց բազմազթիվ ուսուցանող և խրատական առակներ:
Երբևէ զգացել եք, որ ուխտագնացությունների ավարտին մեզ պատում է հայրենասիրական մի զգացում: Քոչարիի հնչեղ նոտաների ներքո պարեցինք մեր պապենական պարը և կարծես նորոգված ճանապարհ ընկանք դեպի Երևան: Սյունյաց աշխարհի գեղատեսիլ աշունը տեսնելուց հետ դեռ երկար չենք մոռանա այդ գեղեցկությունն ու ուխտագնացությունը, և այն կպահենք մեր սրտերում ` որպես աշնանային ուսուցանող մի օր:
Արևը մայր է մտել: երկինքը կամաց-կամաց սևանում է ու մթնում: Շուտով լուսինը կելնի ուխտավորներիս ճանապարհը լուսավորելու համար:
Զորավոր Սուրբ Աստծվածածին եկեղեցու բակում ենք: Երջանիկ, բայց արդեն քուն մտնող աչքեր, կրկին սառած ձեռքեր, ջերմ բարի ճանապարհներ և մինչ նոր հանդիպումներ....
Լուսինը լուսավորում է մութ փողոցը: Առավոտյան այն մեզ ուղեկցեց դեպի եկեղեցի, երեկոյան` եկեղեցուց տուն, իսկ Աստծո կողմից մեզ պարգև ուղարկված արևը ջերմացրեց մեզ ողջ ուխտագնացության ընթացքում:
Մարիամ Պիվազյան
<<Զորավոր>> երիտասարդաց միության անդամ