Ուխտի օր՝ Սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությամբ և «Զորավոր» Ավետարանի օրհնությամբ

Մայիսի 14-ին Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի ուխտի եկած բազմաթիվ հավատացյալների փափագն էր հաղորդակից լինել «Զորավոր» հրաշագործ Ավետարանին և մասնակցել Սուրբ Պատարագին՝ խնդրելով այդ օրը հիշատակվող Սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությունը:

Մինչ Սուրբ Պատարագը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի բերվեց «Զորավոր» հրաշագործ Ավետարանը: Արդեն երրորդ տարին է, ինչ Ավետարանն այս օրը բերվում է եկեղեցի:

Եկեղեցու հոգևոր դասը և հավատացյալները թափորով դիմավորեցին «Զորավոր» Ավետարանը: Թափորը հոգևոր հովիվ՝ Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի գլխավորությամբ, «Զորավոր» Ավետարանը բերելու հատուկ արարողակարգով, «Իմաստութիւն երկնային իջեալ» և «Բանին կենաց» շարականների երգեցողությամբ նախ իր խոնարհումը բերեց Սուրբ Անանիայի մասունքներին եկեղեցուն կից մատուռ դամբարանում: Արդեն եկեղեցում, շարունակելով արարողակարգը, ընթերցվեց Սուրբ Ղուկասի Ավետարանից (6:12-19), Պողոս առաքյալի Եփեսացիներին ուղղված նամակից (4:7-13) հատվածներ և հետևյալ աղոթքն ասվեց. «Օրհնյալ ես, Տեր, մեր Աստված, որ մեզ լուսավորելու համար Քո ավետարանական պատգամներդ տվեցիր մեզ: Արդ աղաչում ենք Քեզ, ով Տեր մեր և Փրկիչ՝ Հիսուս Քրիստոս, Քո այս «Զորավոր» Ավետարանի միջոցով շնորհներդ առատորեն հեղիր այն կարդացողների և լսողների վրա, որպեսզի բացվեն մեր մտքերը և կատարելով Քո պատգամները, որ գրված են մեր սրտերի մեջ՝ լինենք Քո սեփական ժողովուրդը, որովհետև Դու ես մեր իմաստության աղբյուրը, ով Տեր, և Քեզ է վայել փառքը, իշխանությունը, պատիվը, այժմ և միշտ հավիտյանս հավիտենից ամեն»:

«Զորավոր» Ավետարանը բերելու հատուկ արարողակարգը մշակել էր Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Զենոն քահանա Բարսեղյանը:

Ինչպես ամեն տարի մայիսի 14-ին, այնպես էլ այս տարի Սուրբ Պատարագ մատուցվեց Սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի մահվան հիշատակի օրվա առթիվ:

Պատարագիչ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհավորեց ներկաներին Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի կապակցությամբ՝ նշելով, որ այս տարի Հայ եկեղեցու տոնացույցում Սուրբ Համբարձման տոնը համընկել է Հայ Եկեղեցու երանելի հայրապետներից մեկի՝ Մովսես Տաթևացու հիշատակության օրվա հետ: Այն հայրապետի, ով 17-րդ դարում եղել է Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու տարածքում գործող վանքի վանահայրը, և իր մեծագույն ավանդն է բերել Հայ Եկեղեցու բարգավաճման սուրբ գործում: Տոնի խորհուրդին անդրադառնալով՝ Տեր Հայրը հորդորեց, ի սրտե զղջալով, Տիրոջը դառնալ, ամուր մնալ հավատքի մեջ, բարի գործել՝ ի փառս Աստծո, չդադարել աղոթել, պահպանել միության կապը մեր Փրկչի հետ՝ Սուրբ Հաղորդության միջոցով: Մաղթեց ամենքին, որպեսզի ոչ ոք և ոչինչ այս աշխարհում չշեղի համբարձված Տիրոջ ցույց տված փրկության ճանապարհից՝ արժանանալով Նրա փրկագործ սիրույն, ողորմածությանն ու շնորհներին:

Քանի որ ամեն տարի Համբարձման տոնի օրը հիշատակվում է նաև 1441թ-ին Սսից հայոց Հայրապետական Աթոռի՝ կաթողիկոսական նստավայրի փոխադրումը Սուրբ Էջմիածին, Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք, ապա՝ անդաստանի կարգ: Եկեղեցու համայնքի կողմից ուխտավոր հավատացյալներին մատաղ բաժանվեց:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում հավատացյալները մինչև երեկոյան ժամերգությունը իրենց խոնարհումն ու երկրպագությունը բերեցին «Զորավոր» Ավետարանին:

Ուխտավորների թվում էին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Մալաթիայի հայորդյաց տան սաները, ովքեր, հաղորդակից լինելով «Զորավոր» Ավետարանի օրհնությանը, մինչ ժամերգությունը, Համբարձման տոնի ժողովրդական սովորության համաձայն, սուրբգրային վիճակներ էին բաժանում ուխտավորներին:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին զորավոր է կոչվել հետևյալ պատճառներով. առաջինը՝ եկեղեցին զորավոր է կոչվել այստեղ հանգչող Սբ. Անանիա առաքյալի հրաշագործ մասունքների շնորհիվ: Սակայն մի այլ պատճառ էլ է եղել, որ այդ «Զորավոր» անունը հաստատվի այս եկեղեցու վրա:

Մատենադարանի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանը նշեց, որ 4060 համարը կրող, 292 մագաղաթյա թերթ ունեցող «Զորավոր» Ավետարանի գրման ստույգ թիվը, գրչի անունը և գրչության վայրը պահպանված չէ, միայն հիշատակարաններից հասկանալի է, որ Ավետարանը գնել է Վիշապիկի որդի Հակոբը և նվիրել Երևանի Երկուերեսանի եկեղեցուն (Նորքի զանգվածի եկեղեցիներից մեկն է եղել): «Այս ընթացքում բազմաթիվ երևանցիներ են ականատես եղել Ավետարանի բժշկարար զորությանը և դեռևս Երկուերեսանի եկեղեցում այն կոչվել է «Զորավոր» Ավետարան: Հետագայում «Զորավոր» Ավետարանը տեղափոխվում է Սբ. Անանիա առաքյալի անապատում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցի, և նորակառույցը հռչակավոր Ավետարանի անունով հայտնի է դառնում որպես «Զորավոր» եկեղեցի: Ձեռագրում պահպանված է նաև կազմողի՝ նորոգողի հիշատակարանը, ով գրել է, թե ականատես է եղել Ավետարանի հրաշագործություններին, և ուսումնասիրողները ենթադրել են, որ այդ հիշատակարանի հիման վրա էլ ստեղծվել է գաղափարը, որ ձեռագիրը ունեցել է հզոր ուժ: Բացի արհեստավարժ գրչից ձեռագիրն աչքի է ընկնում նաև իր մանրանկարներով՝ լուսանցազարդերով, ճակատազարդերով, զարդագրերով, ավետարանիչներին բնորոշ սիմվոլիկ պատկերագրության զարդագրերով: Ըստ մանրանկարների գույների՝ Ավետարանը թվագրվում է որպես 15-րդ դարի ձեռագիր»,- հավելեց Արսեն Հարությունյանը:

Իսկ «Զորավոր» Ավետարան-ի հետ կապված հետևյալ ավանդությունն էլ կա, որ գրի է առել Սբ. Ղազար կղզում Մխիթարյան միաբանության ճանաչված ուսումնասիրողներից Գ. Ինճիճյանը: Ըստ որի՝ թշնամական արշավանքների ժամանակ կողոպտվել է Սևանա կղզու վանքը: Գողացված արժեքների թվում է եղել նաև հրաշագործ (զորավոր) մի Ավետարան, որն ինչ-որ ձևով լիճն է ընկնում: Լճից Զանգու (Հրազդան) գետի ջրով Ավետարանը հասնում է մինչև Երևան և հայտնվում աստվածապաշտ, հավատավոր մի կնոջ մոտ, որը և Սուրբ Գիրքը հանձնում է Սբ. Անանիայի վանքին: Այստեղ Ավետարանը պահվում է մինչև 19-րդ դարի վերջը:

Սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի գործունեությունն (1629-1632թթ.) անխզելիորեն կապված է հայ ժողովրդի և Հայ եկեղեցու վերազարթոնքի հետ: Նրա երեքուկեսամյա կաթողիկոսական տարիները Հայ եկեղեցու համար դարագլուխ է կազմում, և իրոք էլ նրանով է փակվում այն աղետալի և եղկելի շրջանը… Այս կետից սկսելով՝ կերպարանափոխ է լինում Հայոց հայրապետության վիճակը… Իր մասին վկայում են, որ «մաքրակենցաղ և սրբասուն էր, երկայնամիտ և ողորմած, որ զորավոր էր աստվածաշնորհ վարդապետությամբ և քաղցր քարոզությամբ, որով գիտեր հոգիներ շահել՝ «ուղղելով ի ճանապարհս արդարութեան»» (Օրմանյան «Ազգապատում»):

383 տարի առաջ՝ 1632թ, մայիսի 14-ին իր հոգին ավանդեց «Մայր Աթոռի և արևելահայության զարթոնքի նախահայր»՝ Սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետը «ի վանս դամբարանի Սրբոյ առաքելոյն Անանիայի»: Որևէ տեղ նշված չէ, թե մահն ի՞նչ պայմաններում է վրա հասել, միայն հայտնի է, որ կաթողիկոսն այդ ժամանակ գտնվել է իրեն հոգեհարազատ վայրում՝

Սուրբ Անանիա առաքյալի անապատում: Երևանցիները նրան հողին հանձնեցին Կոզեռնի գերեզմանատանը՝ Կոնդում (Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին)։ Սբ. Մովսես Տաթևացու անունը հիշատակվում է Սբ. Պատարագի ընթացքում Սբ. Գրիգոր Տաթևացու անվան հետ:

 

Կարինե Սուգիկյան

14.05.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․