Ուխտի Սուրբ Պատարագներով նշանավորվեց Ս. Անանիա առաքյալի հիշատակությունը

Քրիստոնեության հիմնադրումից ի վեր բազմաթիվ սրբավայրեր են կառուցվել սրբերի շիրիմների և մասունքների վրա, ուր նրանց հիշատակությունների առթիվ տոնական Ս. Պատարագներ են մատուցվել, և հիշատակելի սրբերն իրենց բարեխոսական աղոթքներով աղոթակից են դարձել զինվորյալ եկեղեցու անդամներին: Այդպիսի հնագույն մի սրբավայր է Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին, որին կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում է ամփոփված Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի մասունքները, որոնք, ըստ ավանդության, Հայաստան են բերվել սրբի նահատակությունից շատ քիչ ժամանակ անց:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին Ս. Անանիայի հիշատակությունն այս տարի տոնախմբեց հոկտեմբերի 12-ին, որ մեծ հանդիսավորությամբ նշվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում նախորդ օրվանից, քանի որ, եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո: Հոկտեմբերի 11-ի երեկոյան՝ ժամը 22-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Սուրբ Պատարագ մատուցվեց: Պատարագչի՝ Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի հետ միասին ուխտավորներն արարողության ընթացքում Ս. Անանիայի շիրիմի առջև միասնական աղոթք բարձրացրին առ Տեր՝ սրբի բարեխոսությունը հայցելով:

Ուխտի օրհնաբեր օրն իր շարունակությունն ունեցավ, երբ վաղ առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց Ս. Անանիայի մասնատուփ-աջը (17 դար): Հանդիսավոր թափորը Փարպեցի փողոցից, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, համայնքի անդամների ու բազմաթիվ ուխտավորների մասնակցությամբ, առաքյալի մասնատուփ-աջը բերելու հատուկ արարողակարգով, իր խոնարհումը բերեց Ս. Անանիայի մասունքներին՝ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում: Այնուհետև եկեղեցում շարունակվեց արարողակարգը: Ներկաներն ունկնդրեցին սրբի մասին պատմող ավետարանական ընթերցումները և մասնակից եղան ուխտի Սուրբ Պատարագին, որ մատուցեց Տեր Գրիգորը:

Մինչ Երեկոյան ժամերգությունը հավատավոր հայորդիները, Ս. Անանիայի բարեխոսությունը հայցելով, հաղորդակից եղան նրա մասնատուփ-աջի օրհնությանն ու զորությանը:

Սրբերի մասունքները հարգելու ավանդույթը շատ հին է: Հարգելով սրբի մասունքները՝ մենք չենք երկրպագում նրանց, ինչպես երկրպագում ենք Աստծուն, այլ պատվում ենք նրանց՝ որպես Սուրբ Հոգու անոթներ: Սուրբ Հոգու բնակարան դարձած սրբերն ինչ-որ չափով դառնում են աստվածային փառքի մասնակիցները, և նրանց մարմինները պահպանում են իրենց սրբությունը նաև մահից հետո: Այս մասին գիտեին նախքան Քրիստոս, ինչը վկայում է Հին Կտակարանի Թագավորներ գիրքը: Այն պատմում է, թե ինչպես է մահացած մարդը հարություն առել՝ Եղիսե մարգարեի մասունքներին դիպչելով (Դ Թագ. 13:20-22):

Սրբերի բարեխոսությունը հայցող անձն այն հաստատ հույսն ունի, որ Տերը, հանուն նրանց, ավելի շուտ կլսի իր աղոթքները, քանի որ Աստծու Խոսքն ասում է. «Աղոթք արեք միմյանց համար, որպեսզի բժշկվեք. որովհետև արդարի աղոթքն ազդեցիկ է և շատ է օգնում» (Հակոբ. 5:16):

 

Կարինե Սուգիկյան

13.10.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․