Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է սոցիալական իր ծրագրերը, որոնց շրջանակներում Տեր Գրիգորը փետրվարի 2-ին այցելեց Աղեկյան ընտանիքին: Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Մեծարենցի 29 հասցեում վարձակալությամբ բնակվող հինգ հոգուց բաղկացած ընտանիքը կարիքի մեջ է հայտնվել, քանի որ ընտանիքի հայրն է միայն աշխատում, ում աշխատավարձը չի բավարարում իրենց նվազագույն կարիքները հոգալու համար: «Սկեսուրս առողջական խնդրի պատճառով չի կարողանում աշխատել, նա երեխաներին է խնամում, որպեսզի ես էլ աշխատեմ»,- ասաց Աղեկյան ընտանիքի հարսը՝ Դավոյան Անահիտը (23 տ.):
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց եկեղեցու սոցծրագրերի մշտական աջակից ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրած դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար) և սննդի փաթեթներ, որ տրամադրել էր համայնքը: Աղեկյան ընտանիքն իր շնորհակալությունը հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին և Զորավոր Ս. Աստվածածին համայնքին՝ ուշադրության ու աջակցության համար:
Բարի գործերն ինքնանպատակ չեն, այլ փրկարար զենք են անկյալ մարդկային բնության վերափոխման համար: «Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է. նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթ. 5:17): Եկեղեցու հայրերը նշում են, որ հին մարդուն հատուկ է սիրել անցողիկը, հպարտանալ, անհամբեր գտնվել, չարին չարով պատասխանել, կարիքավորին մերժել և դեռ հարստանալու տենչանքով ուրիշի ունեցվածքը ցանկանալ: Մարդու հոգում ամեն ինչ նոր կլինի, եթե նա հրաժարվի հին մարդուն հատուկ բոլոր մոլություններից և հետևի աստվածային պատվիրաններին: Այդ պատճառով մեզ շնորհված ավետարանական պատվիրանները ոչ թե օրենքներ են, այլ շնորհ և ողորմություն: Նրանցից յուրաքանչյուրը կարծես դեղ լինի, առանց որի հնարավոր չէ առողջանալ:
Կարինե Սուգիկյան