4 Նոյեմբեր, Բշ
Հոկտեմբերի 13-ին «Զորավոր» երիտասարդաց միությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակից եղավ Սուրբ և Անմահ Պատարագի, այնուհետև՝ Ջրօրհնեքի կարգի, որ անցկացվեց նորօրհնյալ Մյուռոնով: Արարողության ավարտին երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Հաղարծին: Տավուշի թեմում գտնվող 10-րդ դարի վանական համալիրում երիտասարդներին դիմավորեց վանահայր Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը, ով ուխտավորներին ներկայացրեց վանքի պատմությունը: Այնուհետև երիտասարդաց միությունը, հոգևոր հայրերի գլխավորությամբ, միասնաբար աղոթեցին՝ Տիրոջ ողորմածությունը հայցելով Հայոց ազգի, եկեղեցու և բանակի համար: Երիտասարդների աղոթքի ուղին եզրափակվեց սիրո ճաշով:
Ամեն մի ուխտագնացություն զորացնում է քրիստոնյային և օգնում՝ ընթանալու խաչի իր ճանապարհով: Պողոս առաքյալը, դիմելով իր հիմնած եկեղեցու անդամներին, մաղթում է, որ Տերը զորություն տա իրենց, որ ներքնապես ամրապնդվեն Նրա հոգով և իրենց հավատի միջոցով Քրիստոսը բնակվի իրենց սրտերում (Եփես. 3:16-17): Առանց աստվածային օրհնության քրիստոնյան չի կարող ապրել աստվածահաճո կյանքով և հաջողություն ունենալ, քանի որ բոլորն ունեն Աստծու օգնության կարիքը: Առաքյալը պնդում է, որ անհրաժեշտ է ապավինել Աստծու շնորհին, նույնիսկ եթե անձը հավատում է, որ իր ջանքերով կարող է հասնել արդարության: Ս. Հովհան Ոսկեբերանի խոսքով՝ առաքյալը ցանկանում է, որ մեր հոգին լինի Քրիստոսի տունը, որ Քրիստոսը հանդերձի պես գրկի մեզ և լինի մեզ համար ամեն ինչ: «Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, ամբողջացումն է Քրիստոսի, որ ամբողջացնում է ամեն ինչ և ամեն տեղ» (Եփես. 1:23):
Կարինե Սուգիկյան