Օրհնվեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մատուռը

ԱՀԹ «Ցերեկային Կենտրոն»-ի և Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը դեկտեմբերի 1-ին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տնօրինության և բուժանձնակազմի նախաձեռնությամբ բացված մատուռի օրհնության կարգ կատարեց: Արարողությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը և բուժաշխատողներ: Տեր Գրիգորը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն՝ ասելով. «Աղոթատեղին իր օգտակարությունն ու մխիթարությունը կբերի ոչ միայն աշխատակազմին, այլ առավել ևս ՄԻԱՎ վարակն ունեցող մարդկանց: Հիվանդությամբ կյանքը չի վերջանում, այն նաև միջոց պետք է դառնա հավատն առավել ամրացնելու»:

«Այս գիտագործնական կենտրոնում այսօր օրհնվեց սրբավայր և համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն այսուհետ իրեն ավելի պարտավորված է զգալու: Հիվանդների համար առողջությունը բացարձակ արժեք լինելուց բացի, պետք է լինի մի վկայություն, թե ինչպես է պետք պայքարել և կյանքը սիրել: Բոլորս՝ բժիշկ, հոգևորական, այս պայքարի մեջ ենք և տարվա մեջ այս այն օրն է, որ համախմբվելով փորձում ենք ներշնչել մեր հասարակությանը, որ այս հիվանդությունը հաղթահարելի է»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

ԱՀԹ «Ցերեկային Կենտրոն»-ը 2011 թ-ից համագործակցում է թե՛ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, թե՛ «Արմենիկում» կլինիկական կենտրոնի և հասարակական մի շարք կազմակերպությունների հետ: Ինչպես նշեց Տեր Գրիգորը. «Համագործակցության հիմքում փորձի փոխանակումն է, «Ցերեկային Կենտրոն»-ի սոցաշխատողը և հավասարը հավասարին խորհրդատուն հերթապահություններ են իրականացնում բժշկական կենտրոններում, ուր բժիշկները հիվանդներին իրազեկում են կենտրոնի մասին: Այնուհետև մեր աշխատակիցները նրանց ուղղորդում են կենտրոն, ուր նրանք բացի հովվական խնամքից և աջակցությունից, ստանում են նաև հոգեբանական և սոցիալական աջակցություն: Շահառուների համար «Ցերեկային Կենտրոն»-ը դարձել է մի մեծ ընտանիք»:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թ-ից: Այդ թվականից առ այսօր Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2214 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1528 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 686 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 41 դեպք (1,8%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների 52%-ը եղել է 25-39 տարիքային խմբում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3800:

Կազմակերպվող մի շարք միջոցառումների շրջանակներում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը նպատակ ունի խրախուսելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու ցանկությունը բնակչության շրջանում, փոխելու հետազոտման հետ կապված կարծրատիպերը: Այդ նպատակով կենտրոնում բոլոր ցանկացողներին հնարավորություն է տրվում անցնելու ՄԻԱՎ-ի և հեպատիտ Ց-ի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն արագ թեստավորման մեթոդով և ընդամենը 15-20 րոպեի ընթացքում ստանալու հետազոտության պատասխանը:

 

 

Կարինե Սուգիկյան

01.12.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․