Անկումը բացատրվում է Աստծու արարած մարդու անփորձությամբ և անզգուշությամբ, որոնք հանգեցրին վերջինիս կողմից քամահրական վերաբերմունքի իր Հոր Աստծու հետ կապի և անձնական միասնության նկատմամբ։ Այդկերպ հուսալով, որ առանց Աստծու էլ, ինքն իրենով կարող է լինել երջանիկ, մարդն իր արարքով դավաճանություն գործեց։ Այսպիսով, անկում է կոչվում և համարվում յուրաքանչյուր արարածի անջատումն ու հեռացումը արարչագործության նախապատճառից՝ Աստծուց։
Աստվածային հայտնության համաձայն՝ արարածները, հանդիսանալով Պատճառի հետևանք, չեն կարող գոյություն ունենալ ինքնաբերաբար, այլ միայն Աստվածային նախախնամությանն ու էներգիային մասնակից լինելով։ Հետևաբար, եթե նրանք իրենց զատում են պահպանող ուժից ու էներգիայից՝ Աստծուց, քայքայվում են ու կործանվում։
Արարածների հեռացումը Աստծուց հանգեցրեց երկու հավասարազոր աղետալի հետևանքի՝ հպարտության և Արարչի ու Հոգածուի դեմ խռովության, և հավիտենական կյանքի արմատից՝ գոյության միակ պատճառից՝ Աստծուց, հատվելուն։
Միևնույն մեղքը աղետաբեր եղավ ինչպես հրեշտակային, այնպես էլ մարդկային բնության համար։ Իրենց եսասեր մեծամտությամբ հրեշտակները երևակայեցին, թե կարող են անջատ գոյատևել առանց Աստծու, և կորցրին ոչ միայն իրենց պատիվը, տեղն ու աստվածիմացության լույսը, այլև ենթարկվեցին փոփոխման հենց իրենց տեսքով՝ երկնային գեղեցկությամբ լուսավոր էակներից վերածվեցին գարշելի հրեշների, ահի ու սարսափի ծնողների, որոնք որևէ հակում չունեն ապաշխարության ու դարձի։
Մարդը՝ բանսարկուի նենգության զոհը, թեև կորցրել է իր աստվածանման վիճակը և արտաքսվել այստեղ՝ լացի ու վշտի հովիտը, չի զրկվել փրկարար ապաշխարությունից, որը կարող է նրան դարձի բերել։
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը