«Որքան հեռու է երկինքը երկրից, այնքան տարբեր է երկնային գանձը երկրայինից»

«Ձեզ համար հարստություն մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը փչացնում են, կամ գողերը, ձեր պատը քանդելով, ներս են մտնում և գողանում այն: Այլ ձեր հարստությունը երկնքո՛ւմ դիզեցեք, որտեղ ցեցն ու ժանգը չեն կարող փչացնել այն, և ոչ էլ գողերը կարող են ձեր պատը քանդելով ներս մտնել և գողանալ, որովհետև որտեղ ձեր հարստությունն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը» (Մատթ. 6:19-22),- ասում է Քրիստոս Իր հետևորդներին: Մարդկանց բոլոր ջանքերը, երկրային փառքին արժանանալու, հավիտենության մեջ ոչ մի օգուտ չեն բերելու իրենց: Քրիստոնյայի համար երկրային կյանքի նպատակը Երկնային Արքայությանն արժանանալն է: Այդ ճանապարհին նա աղոթքով, պահքով ու ողորմածությամբ ջանում է գանձեր կուտակել ապահով մի վայրում՝ երկնքում:

Հոկտեմբերի 16-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Լագզյան Արմանին (46 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Նաիրա Էլչյանը: Լագզյան ընտանիքը բնակվում է Փափազյան 2-րդ նրբ. 82 տ. հասցեում: Ընտանիքի երեք զավակներից կրտսերը՝ Լևոնը (5 տ.), Դաունի համախտանիշ ունի: Փոքրիկը սրտի արատով է ծնվել, ինչի պատճառով սրտի վիրահատություն է անցել: Լագզյան ընտանիքը ֆինանսական դժվարություններ ունի, քանի որ ընտանիքի հայրը՝ Արմանը, մշտական աշխատանք չունի: Արմանը իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին՝ ուշադրության և հոգածության համար:

Ըստ հայրաբանությամբ՝ նա, ով ողջ սրտով նյութականից է կառչած, ստրկանում է նյութին և կռապաշտ դառնում: Այդպիսի մեկը ոչինչ բացի երկրայինից չի զգում, չի տեսնում և չի ընկալում: Այս նկատի ուներ Քրիստոս, երբ ասաց. «Աչքն է մարմնի ճրագը. եթե քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ քո աչքը վատառողջ է, քո ամբողջ մարմինը խավար կլինի» (Մատթ. 6: 22-23): Երկնային և երկրային գանձերի տարբերության մասին եկեղեցու հայրերից մեկը հետևյալ նկարագրությունն է տվել՝ որքան հեռու է երկինքը երկրից, այնքան տարբեր է երկնային գանձը երկրայինից: Երկրային գանձը, ի տարբերություն երկնայինի, անցողիկ է ու ժամանակավոր: Նրանք, ովքեր գանձեր են կուտակում միայն երկրի վրա, հաճախ և ժամանակավոր օգուտ էլ չեն ստանում իրենց գանձերից, իսկ երկնքում գանձեր կուտակողն անվերջանալի ուրախություն և հավիտենական Արքայություն է քաղելու ահեղ դատաստանին:

 

Կարինե Սուգիկյան

16.10.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․