23 Նոյեմբեր, Շբ
Անտիոքցի ոմն մենակյաց գնաց սուրբ Երուսաղեմ՝ աղոթելու: Երբ հասավ այնտեղ, վերջացան ապրուստի միջոցները, և նստած տրտմում էր, թե ինչ անի: Սրտի հուզմունքից նիրհեց և տեսավ Հիսուսին, որ ասաց իրեն. «Գնա՛ սուրբ Հարություն եկեղեցու տնտեսի մոտ և նրան ասա՛, թե Հիսուսն ինձ ուղարկեց քեզ մոտ: Տո՛ւր ինձ մեկ դահեկան, և ես քեզ ստացագիր կտամ, որ երբ Տեր Հիսուսը գա, հատուցի քեզ»: Եվ մենակյացը զարթնելով` աղոթեց և հավատալով խոսքին` գնաց տնտեսի մոտ և ասաց նրան` ինչպես որ Հիսուսն էր ասել: Իսկ նա պատասխանեց. «Ե՞րբ կգա Հիսուսը` դահեկանը հատուցելու»: Եվ մենակյացն ասաց. «Ինչպես լսեցի` ասացի, դու վարվի՛ր` ինչպես կամենում ես: Այնժամ տնտեսն ասաց. «Գրի՛ր ստացագիրը»: Եվ մենակյացը նստեց ու այսպես գրեց. «Ես` Հովհաննեսս, Անտիոքի եկեղեցուց, քեզանից` Սուրբ Հարություն եկեղեցու եկեղեցպան քահանա Ստեփանոսիցդ վերցրի ինձ անհրաժեշտ մեկ դահեկան: Գրեցի այս ստացագիրը, որ երբ Տեր Հիսուսը գա, քեզ հատուցի այս մեկ դահեկանը»: Եվ դահեկանը առնելով` գնաց: Եվ այդ գիշեր երազում տնտեսը տեսավ Հիսուսին, որ նրան ասաց. «Ա՛ռ դահեկանը և տո՛ւր մենակյացի ստացագիրը»: Իսկ նա դժվարանում էր այս բանն անել՝ ասելով. «Նա ինձ ասաց, թե Հիսուսը կգա և կհատուցի ինձ»: Դարձյալ ասաց. «Ես եմ Հիսուսը, ա՛ռ դահեկանը և տո՛ւր ստացագիրը, մի՞թե ավելին ես ուզում ստանալ. ահավասիկ քոնը»: Եվ դողալով արթնանալով՝ հապճեպ մարդիկ ուղարկեց՝ որոնելու մենակյացին և ասաց. «Որտեղ էլ գտնեք նրան, բերե՛ք այստեղ»: Եվ գտնելով նրան` ասացին. «Ե՛կ, տնտեսը քեզ կանչում է»: Եվ նա իր մտքում ասաց. «Ուրեմն փոշմանեց և կամենում է ետ վերցնել դահեկանը»: Եվ մտավախությամբ գնաց նրա մոտ, իսկ երբ տնտեսը տեսավ նրան, ասաց. «Ո՜վ աբբա, այսօր ճաշի՛ր ինձ հետ»: Իսկ նա դահեկանի համար խիստ մտահոգ էր: Ճաշելու ընթացքում տնտեսն ասաց. «Տե՛ր աբբա, վերցրո՛ւ ինձանից ևս մի դահեկան և տո՛ւր ինձ ևս մի ստացագիր»: Իսկ նա ասաց. «Ների՛ր ինձ, բայց ավելինի կարիքը չունեմ, սա բավական է ինձ»: Եվ նա, պատմելով գիշերվա երազը, աղաչեց նրան և ասաց. «Վերցրո՛ւ տասը լիտր ոսկի և քո կողմից մի ստացագի՛ր գրիր»: Մենակյացն ասաց. «Իմ ձեռքից ուրիշ ստացագիր չես ստանա, որովհետև իմ Տերն ավելին առնելու մասին ինձ չի ասել, սակայն եթե հավատում ես Քրիստոսին, բազում աղքատներ կան, որ քեզ ստացագիր կտան»: Եվ հիանալով անսուտ խոստման վրա` բոլորը փառք տվեցին Աստծո արդար դատաստանին:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016