25 Նոյեմբեր, Բշ
Ս. Ծննդյան ճրագալույցի օրը՝ հունվարի 5-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի տղամարդիկ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ոտքով ուխտագնացության մեկնեցին Ս. Էջմիածին, որ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի խոսքով՝ «Հայկեան Բեթղեհեմ»-ն է: Տարեսկզբյան ուխտագնացությամբ ուխտավորները նպատակ ունեին գոհաբանական աղոթք մատուցել Տիրոջը, որ արժանացրեց իրենց ևս մեկ տարի Իր անսահման սիրո, ողորմածության ու օրհնության ներքո ապրելու և Սուրբ Ծննդյան մեծ ու սքանչելի խորհուրդը կրկին վերապրելու: Ուխտավորների աղոթական ուղին կանգ առավ Երևանի Ս. Սարգիս, Փարաքարի Ս. Հարություն, Ս. Հռիփսիմե, Ս. Շողակաթ, Ս. Աստվածածին և Ս. Գայանե եկեղեցիներում: Բոլոր սրբավայրերում ուխտավորների միասնական աղերսն էր առ Աստված, որ Տերն Իր ամենազոր Աջով պահապան լինի Հայոց ազգին և խաղաղության մեջ պահի հայրենիքի սահմանները, որ խաղաղության Իշխանը՝ Քրիստոս, Իր Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մարդկանց սիրտն ու հոգին լուսավորի խաղաղության սրբազան լույսով, սիրո և խաղաղության ոգի ներշնչի մարդկությանն ու պետություններին, որպեսզի աշխարհում համերաշխություն իշխի, և մարդիկ ապրեն խաղաղ ու երջանիկ:
Վերադառնալով Երևան՝ ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Ս. Ծննդյան ճրագալույցի Պատարագին, որ մատուցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Արարողության ընթացքում ներկաները փառաբանում էին մանուկ Հիսուսի Սուրբ Ծնունդը, իսկ ավարտին միմյանց փոխանցում Ս. Ծննդյան և Աստվածհայտնության մեծ ու սքանչելի ավետիսը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»:
Ս. Ծննդյան տոնը, ինչպես ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը, հրավեր է հայ ազգին, որպեսզի Իր Բեթղեհեմյան մսուրի մեջ միանանք իրար և մեր «Հայկեան Բեթղեհեմ»-ի մսուրից վերագտնենք մեր ազգային միությունը՝ հոգևոր հաղորդությամբ Լուսավորչյան հավատքով հայացած քրիստոնեական հավատքի, լույսի և սիրո մեջ:
Կարինե Սուգիկյան