25 Նոյեմբեր, Բշ
Մարդու տարիքը որոշվում է նրա ապրած տարիներով, իսկ այդ տարիներին մարդ հոգևոր աճ կունենա թե ոչ, կապված է իր հոգևոր ջանքերից: Այսինքն՝ հոգևոր աճն ուղիղ կապ չունի մարդու տարիքի հետ, հնարավոր է երիտասարդը հավատի մեջ առավել հասուն լինի, քան տարեցը: Քրիստոնյայի հասունությունը որոշվում է նրանով, թե որքանով է Փրկչի կյանքն իր կյանքում արտացոլում: Տիրոջ հետ կենդանի հաղորդակցություն չունեցողը չի կարող հավատի մեջ աճել և կատարելագործվել: Այդ պատճառով Քրիստոս ասաց. «Ինչպես որ ճյուղը ինքն առանձին պտուղ չի տա, եթե միացած չլինի որթատունկին, նույնպես և դուք չեք կարող պտուղ տալ, եթե միացած չլինեք Ինձ: Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը: Ով միացած է Ինձ, և Ես՝ նրան, նա առատ պտուղ կտա, որովհետև առանց Ինձ դուք ոչինչ անել չեք կարող» (Հովհ. 15:4-6):
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի հոգևոր աճին և զորացմանն էր ուղղված Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միության հերթական ոտքով ուխտագնացությունը դեպի Ս. Էջմիածին: Ապրիլի 16-ին՝ Ավագ շաբաթ օրը՝ վաղ առավոտյան, ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի Հայոց հոգևոր կենտրոն: «Զորավոր արանց» միության աղոթքի ուղին կանգ առավ Երևանի Կենտրոնի Ս. Սարգիս, Փարաքարի Ս. Հարություն, Էջմիածնի Ս. Հռիփսիմե, Ս. Աստվածածին, Ս. Հրեշտակապետաց, Ս. Գայանե եկեղեցիներում և Մայր Տաճարում: Յոթ սրբավայրերում ուխտավորները համախմբվեցին ընդհանրական աղոթքի շուրջ:
Վերադառնալով Երևան՝ ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Ս. Զատկի ճրագալույցի Պատարագին: Ս. Պատարագի ավարտին խորանից հնչեց Հարության ավետիսը, որ պատմական իրողություն լինելուց բացի, հայ քրիստոնյայի համար կենդանի ապրում է և հաղթանակի տոն, «զի յարեաւ Քրիստոս ի մեռելոց, մահուամբ զմահ կոխեաց և յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգևեաց»:
Կարինե Սուգիկյան