25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Հիսուս Իր մոտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մեջ ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չէք մտնի: Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա է մեծ» (Մատթ.18.3-4):
Տերն այսօր անմեղության, սրբության ու մաքրության քարոզ է կարդում Իր աշակերտներին: Անմեղությունը գովերգվում է Տիրոջ կողմից, որովհետև այն երկնային ադամական, դրախտային ծագում ունի, քանզի մեր նախահայր Ադամը դրախտում անմեղ էր, սուրբ և արդար, քանի դեռ չէր ճաշակել բարու և չարի գիտության ծառը: Նա զմայլվում էր Երկնքի Արքայության ուրախություններով, Աստվածտեսությամբ, Տիրոջը լսելով, յոթնարփյան շնորհներով և տասներկու պարգևներով: Այսպիսի մեծ ուրախության և երանության մեջ էր Ադամը, և դա նրա անմեղությունն էր: Բայց, ինչպես Ս. Հովհան Ոսկեբերանն է ասում, բարու և չարի գիտության ծառ էր կոչվում, որովհետև Ադամը, քանի դեռ չէր ճաշակել այդ ծառից, բարին գործնականորեն գիտեր, իսկ չարը` միայն տեսականորեն: Գիտեր, որ սատանան անկում է ապրել, գիտեր, որ գայթակղությունը իր կողքին է, սակայն գործնականորեն չգիտեր չարը, այլ գործնականորեն նա անմեղ ու մանուկ էր: Ճիշտ այդպես էլ մանուկը. գիտի, որ աշխարհում չարություններ ու անօրենություններ կան, սակայն այդ բոլորը նրա մեջ գործնականորեն չէ, այլ տեսականորեն, որովհետև ինքը չար չէ, ինքը մաքուր է և բարի: Այնպես էլ Ադամը գործնականում անմեղ էր ու մաքուր, իսկ երբ ճաշակեց բարու և չարի գիտության ծառից, բարությունը դարձավ տեսական, իրական չարության, պատժի, իրական մեղքի մեջ ընկավ: Հասկացավ, թե ինչ է նշանակում մեղավոր լինել: Եվ բարիքը, աստվածային շնորհները հեռացան նրանից, և այլևս միայն տեսական մնաց բարությունը: Ճիշտ նույն ձևով մանուկը, երբ մեծանում է, ճաշակում է մեղքը և գործնականում տեսնում, թե ինչ է մեղքը, չարիքը, և կարոտով է հիշում մանկության անմեղությունը: Ինչպես դրախտի վայելչությունն էր կարոտով հիշում մեր նախահայր Ադամը, որքան որ ապրեց դրախտից վտարվելուց հետո՝ իր 935 տարիներն ապրեց միայն դրախտի կարոտով, դրախտի հուշերով ու երանություններով: Բայց այսօր Տերը մեզ պատգամ է անում. «Եթե չլինեք մանուկների նման, չէք կարող մտնել Երկնքի արքայություն» (Մատթ. 18.3): Եթե չվերագտնեք ձեր մանկությունը, չէք կարող Ադամի հետ մտնել դրախտ և առաջնորդվել դեպի Երկնքի Արքայություն: Իսկ հնարավո՞ր է, որ մենք նույն անմեղությունը գտնենք: Հնարավո՞ր է, որ մենք արդար ու սուրբ լինենք, կատարելապես մաքրվենք: Այո, հնարավոր է, որովհետև Քրիստոս Իր խաչելությամբ, Իր հարությամբ մեզ նոր կյանք պարգևեց, վերականգնեց մեր անմեղ մանկությունը: Եվ եթե անփորձ Ադամը մշտապես վտանգի տակ էր, որ կարող էր կորցնել իր դրախտային անմեղությունը, ապա մենք այլևս վտանգի տակ չենք, մենք փորձառու ենք, մենք երկրորդ Ադամի` Հիսուս Քրիստոսի որդիներն ենք, որովհետև մենք անցել ենք Ադամի անփորձ վիճակը, և այժմ այլևս փորձառու քրիստոնյա ենք, մեղքի ճիրաններից դուրս եկած, դժոխքի, գեհենի տանջանքներով անցած, ինչպես ոսկին՝ փորձված բովում: Եվ մենք կարող ենք վերագտնել մեր անմեղությունը և ոչ ոք այլևս չի կարող մեզնից խլել այն: Եվ եթե մանուկը անմեղ է, սակայն նրա անմեղությունը կրկին վտանգի տակ է, որովհետև այս աշխարհում բազմաթիվ չարիքներ ու անօրինություններ կան: Եվ, ինչպես Տերն էր Նոյի ժամանակ ասում, թե՝ մարդկանց միտքը մանկուց չարի ծառայության մեջ է (Ծննդ. 8.21), այնպես էլ մանուկը չի կարող միշտ անմեղ լինել, որովհետև հենց մանկությունից շատ արագ մեղքեր է սովորում` հայհոյել, ծխել և ուրիշ չար արարքներ, որովհետև այս աշխարհը անգութ է, հաշվի չի առնում անմեղությունը, այլ իր թույնը, իր չարիքը ուզում է ներարկել նաև այդ սրբության մեջ: Իսկ Երկնքի Արքայության ուրախությունների մեջ չկա անմեղության վտանգ, չկա մանկան մեջ չարիքներ սերմանելու հնարավորություն, որովհետև Երկնքի Արքայություն հասած մանուկները այլևս անվտանգ են, ապահով մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի գրկի մեջ են և արքայության ժառանգորդներ: Իբրև ավարտ մի փոքրիկ պատմություն ներկայացնենք ձեզ անմեղության մասին: Մի փոքրիկ մանուկ խաղալով, հացը ձեռքին մտնում է եկեղեցի, տեսնում է մի սրբապատկեր` սուրբ Մարիամ Աստվածածինը մանուկ Հիսուսի հետ: Մանուկը շատ չէր հասկանում, որ դա պատկեր է, իմանում էր, թե դա իրականություն է: Իր ձեռքի հացը մեկնում է մանուկ Հիսուսին՝ խնդրելով. «Վերցրու, կեր, քաղցած կլինես: Խնդրում եմ, վերցրու»: Բայց պատկերը չէր կարող պատասխանել, քանի որ անկենդան էր: Բայց մանուկը մոտ երեք ժամ աղաչում էր, խնդրում: Եվ այդպես, իր պաղատանքը Աստված լսեց: Պատկերը կենդանացավ և մանուկ Հիսուսը իր ձեռքը մեկնեց և վերցրեց այդ մանկան ձեռքից հացը՝ ասելով. «Քանի որ դու այդքան երկար պաղատեցիր, խնդրեցիր, Ես քո խնդրանքը կատարեցի և վերցրեցի քո ձեռքից հացը: Բայց նաև կամենում եմ, որ ինչպես դու երեք ժամ խնդրեցիր, այնպես էլ Ես երեք օրից այս հացը պետք է վերադարձնեմ քեզ Երկնքի Արքայության մեջ, և կենաց հացը պետք է տամ քեզ»: Եվ այս խոսքերից մանուկը ուրախացած, երջանկացած գնում է տուն: Սակայն ծանր հիվանդանում է և երեք օր հետո ավանդում իր հոգին, և Երկնքի Արքայության մեջ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, տալիս է նրան կենաց հացը: Թող այս պատմությունը և մանկության անմեղությունը մեզ մշտապես առաջնորդող լինեն, որպեսզի մենք էլ հասնենք Երկնքի Արքայություն` ճաշակելու կենաց հացը: Ամեն:
Տեր Միքայել վարդապետ Գևորգյան