Պատրաստակամ ենք նաև ազատության մեջ հոգեխնամ առաքելության նախկին ազատազրկվածների կյանքում. Հայր Ռուբեն

Հայաստանի քրեակատարողական հիմնարկների հոգևոր հովիվ, Հայր Ռուբեն աբեղա Զարգարյանը Tert-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՔԿՀ-ներում բանտարկյալների հետ տարվող աշխատանքներին, ինչպես նաև Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նրանց առօրյա և հոգևոր սպասումներին. «Բանտային հոգևոր ծառայության մեջ ներգրավված բոլոր հոգևորականներն էլ պատրաստակամ են նաև ազատության մեջ հոգեխնամ առաքելություն իրականացնելու նախկին ազատազրկվածների կյանքում»:

-Ինչպե՞ս է բանտերում անցկացվում Սուրբ Ծնունդը, և արդյո՞ք այդ օրը, ինչպես նաև Նոր տարուն նրանք սպասում են Ձեզ:

-Քանի որ ամանորյա տոնակատարությունների ժամանակ քրեակատարողական հիմնարկներում խստացված ռեժիմ է գործում` ոչ աշխատանքային օրերով պայմանավորված, հետևաբար` դատապարտյալների Ամանորը շնորհավորում ենք Նոր տարվա նախօրյակին հիմնարկի կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակում մեր մասնակցությամբ: Իսկ սուրբծննդյան տոնը կազմակերպվում է ազատազրկման վայրերին բնորոշ առանձնահատկություններից ելնելով. որտեղ եկեղեցի կա, մատուցում ենք սուրբծննդյան պատարագ, ավարտին ջրօրհնեք, իսկ որտեղ մատուռ կամ խաչքար, միայն ջրօրհնեք ենք կատարում, փակ տիպի բանտերում` տնօրհնեք, ինչպես նաև սուրբ հաղորդություն ենք տալիս նրանց, ովքեր հոգեպես պատրաստվել են: Հիմնականում փորձում ենք ապրել և ապրեցնել սուրբծննդյան տոնի խորհուրդը:

-Հաղորդություն և ապաշխարության կարգ անցկացնո՞ւմ եք բանտերում: Կա՞ն բանտարկյալներ, որոնք ծոմ և պաս են պահում:

-Սուրբ Պատարագի արարողությունը` ապաշխարությամբ և սուրբ հաղորդությամբ պսակավորված, բանտային հոգևոր ծառայության առանցքն է կազմում: Ազատազրկվածների կյանքում մեր հոգեխնամ առաքելության ընթացքը միտված է մեղքի ու հանցանքի բեռի տակ կքած մարդուն օգնել քննելու իր հոգևոր վիճակը, հասկանալու մեղքի պատճառով իր մարդկային արժանապատվությանը հասցված վնասը, հասնելու հոգևոր անկումից բարձրանալու ցանկությանը, զղջալու, խոստովանելու հանցավոր արարքը և մաքրված հոգով ու սրտով մոտենալու մեր Տիրոջ սրբարար ու կենարար Մարմնի ու Արյան հաղորդությանը: Քրեակատարողական հիմնարկներում կազմակերպում ենք թեʹ անհատական, թեʹ ընդհանրական խոստովանություն հատկապես սուրբ հաղորդություն տալուց առաջ: Այս ամենով հանդերձ, նշեմ, որ որևէ մարդու համար ապաշխարության լիակատարությունն ու վերջնանպատակը սխալի, հանցանքի, վնասի հատուցումն է: Ինչ վերաբերում է պահեցողությանը, ապա սուրբ հաղորդությունից առաջ դատապարտյալները պահքի մեջ են լինում առավոտվանից, իսկ մեծ պահքի ընթացքում ազատազրկման վայրերում պահք պահողների թիվն աստիճանաբար ավելանում է:

-Որպես հոգևորական, պատիժը կրելուց հետո լինո՞ւմ են դեպքեր, երբ բանտարկյալները Ձեզ հետ շարունակեն շփումը:

-Ոչ թե լինում են դեպքեր, այլ հիմնականում շարունակվում է հոգևոր հաղորդակցությունն ազատազրկումից հետո: Թարմ օրինակ` օրեր առաջ նախկին ազատազրկվածներից մեկը կնքվեց Սուրբ Հռիփսիմե վանքում, կնքահայրությունն էլ ինքս ստանձնեցի: Բանտային հոգևոր ծառայության մեջ ներգրավված բոլոր հոգևորականներն էլ պատրաստակամ են նաև ազատության մեջ հոգեխնամ առաքելություն իրականացնելու նախկին ազատազրկվածների կյանքում: Իհարկե ունենք դժվարություններ այն իմաստով, որ եթե մենք ապրում ենք Մայր Աթոռում, ապա ֆիզիկապես ի վիճակի չենք, ասենք, Ալավերդի քաղաքում ապրող նախկին դատապարտյալի հետ կապ պահելու: Այս պարագայում նրանց ուղղորդում ենք թեմերի եկեղեցիներ, թեմական հոգևորականների մոտ: Դժբախտաբար, ազատազրկումից հետո հասարակություն վերադարձող դատապարտյալներից շատերը կանգնում են սոցիալական ծանր պայմանների առջև և ակնկալում են Մայր Աթոռի նյութական օգնությունը, որը պարզապես չի կարող շարունակական լինել: Ասենք մի քանիսին օգնեցինք տան վարձով կամ սնունդով, իսկ հետո՞: Եթե ցանկանում ենք, որպեսզի այդ մարդիկ վերաինտեգրվեն հասարակության մեջ, ապա պետական և հասարակական մակարդակով պետք է նրանց աշխատանքով ապահովելու հնարավորություններ ստեղծենք` կանխելու անհրաժեշտաբար նոր հանցանքի հավանականությունը:

-Իսկ արդյոք բանտարկյալների ընտանիքների հետ աշխատանք տանո՞ւմ եք:

-Արդեն մի քանի տարի է, որ մեր գործունեությանը նոր որակ և աստիճան ենք հաղորդել, որով բանտային հոգևոր առաքելության առանցքում ոչ միայն դատապարտյալների, այլև նրանց ընտանիքների խնամքն է, նկատի ունենալով ընտանիքի խոցելի վիճակը և կարևորելով ամբողջական վերականգնման անհրաժեշտությունը: Մեր գնահատմամբ` առանց այսպիսի համապարփակ մոտեցման և ռազմավարության մեր գործունեությունը թերի կլինի: Մեր մտահոգության և խնամքի առանցքը, հետևաբար, ամբողջական ընտանիքն է թե՛ ազատազրկման և թե՛ ազատության մեջ գտնվող իր անդամներով: Այս իմաստով իրականացնում ենք «Աջակցություն դատապարտյալների ընտանիքներին» ծրագիրը, որը ներառում է հոգևոր, սոցիալական և կրթական ուղղություններ: Օրինակ` 2014թ. Մայր Աթոռը վճարել է երկու երիտասարդների կրթության վարձը, որոնցից մեկն անչափահաս դատապարտյալ էր, մյուսը` դատապարտյալի զավակ: Երկուսն էլ բարձր առաջադիմությամբ սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում: Տարվա կտրվածքով պարբերական տունայցեր ենք կատարել դատապարտյալների բազմաթիվ ընտանիքներ` հոգևոր և նյութական աջակցությամբ: Օրեր առաջ ազատազրկվածների մոտ հարյուր երեխաներ մասնակցեցին ամանորյա համերգ-միջոցառումների` կազմակերպված տարբեր քաղաքներում գործող Հայորդյաց տների կողմից: Մանավանդ անչափահաս զավակներ ունեցող դատապարտյալների ընտանիքներին ուղղված աջակցությունն ապագային նոր թափ է ստանալու նորանոր ծրագրերով ու միջոցառումներով:

-Բանտերում քրեական հեղինակություններն իրենց «օրենքներն» ունեն, հետաքրքիր է, նրանք Աստվածաշնչյան պատվիրաններն ընդունո՞ւմ են:

-Մարդկային որևէ հանրույթի նման նրանք էլ ունեն իրենց կյանքը և հարաբերությունները կարգավորող օրենքներ: Առհասարակ մարդու կողմից ստեղծված որևէ օրենք հարաբերական է, այն իմաստով, որ կարող է ընդունելի և գործուն լինել մարդկային մի միջավայրում, անընդունելի` մյուս միջավայրում: Աստծո հաստատած օրենքն է միայն, թեʹ մակրոտիեզերքում, թեʹ միկրոտիեզերքում, որ բացարձակ է, համամարդկային և հավիտենապես նոր ու գործուն: Հետևաբար, սուրբգրային աստվածատուր պատվիրանների ճշմարտացիությունն իրական քրիստոնյայի համար չեն կարող քննարկման առարկա լինել, եթե հակասում են մարդու կողմից ստեղծված մասնավոր օրենքներին: Սուրբ Գիրքն առավել քան հստակ է. «Միʹ սպանիր, միʹ գողացիր» և այլն: Եվ եթե որևէ հանրույթի օրենք նախատեսում է գողություն, ապա չի կարող քրիստոնեական բարոյագիտության արժեհամակարգի մեջ տեղավորվել: Ձեր մատնանշած կատեգորիայի մարդկանց մեջ անձնապես հանդիպել եմ շատերի, որոնք իրենց համարում են քրիստոնյա, կնքված են, մասնակցում են եկեղեցական արարողությունների, մասնավորապես` ապաշխարության և սուրբ հաղորդության խորհուրդներին: Նրանցից մի քանիսն ինձ հաճելիորեն զարմացրել են աստվածճանաչողության մակարդակով և հոգևոր կյանքի հասունությամբ: Հանդիպել եմ նաև ոմանց, որոնք փորձում են ինչ-ինչ օրենքներ հարմարեցնել և նույնացնել Աստծո պատվիրաններին` ապահովագրելու իրենց թեʹ քրիստոնյա լինելը, թեʹ այդ աշխարհին պատկանելը: Իմ հանդիպումների ընթացքում շարունակ շեշտել եմ և շեշտում եմ` իրական քրիստոնյան ճանաչվում է ըստ իր գործերի, արարողությունները մեր կյանքը հոգևոր ուղեծրի մեջ պահելու, Աստծո խոսքով սնուցելու, հավատի, հույսի և սիրո մեջ ամրապնդելու համար են: Եթե կյանքում բավարարվենք սոսկ քրիստոնեությունը վկայող արտաքին արարքներով, ասենք` մոմավառությամբ կամ պարանոցին խաչ ունենալով կամ նույնիսկ խաչքար ու եկեղեցի կառուցելով, բայց քրիստոնյային վայել կյանք և կեցվածք չունենանք, կնմանվենք կեղծավորների, որոնք զբաղված են ինքնախաբեությամբ: Սա վերաբերում է մկրտված և քրիստոնեություն ընդունած բոլոր մարդկանց, անկախ մասնագիտության, սոցիալական դիրքի ու նյութական կարողության:

-Ձեր գործունեության ընթացքում ի՞նչ տպավորիչ դեպք կհիշեք՝ կապված բանտարկյալների հետ:

-Ամենատպավորիչ դեպքն ինձ համար այն էր, երբ բանտային ծառայությանս փորձառության ընթացքում առաջին անգամ ազատության մեջ տեսա դատապարտյալի, որը քրեակատարողական հիմնարկից վաղակետ-պայմանական ազատվելուց հետո անմիջապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էր եկել` մեզ բաժնեկից դարձնելու իր ուրախությանը և հայոց հոգևոր սրբավայրի օրհնությունն ստանալու: Եվ այդ ամենը կազմակերպել էր շատ անակնկալ տարբերակով:

 

Աղբյուրը՝ http://www.tert.am/

03.01.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․