Փոքրիկ ուխտավորները հաղորդակից դարձան իրենց հոգևոր ժառանգությանը

Ժամանակակից աշխարհում բազմաթիվ խնդիրներով շրջապատված մարդը վաղ թե ուշ այս հարցումների առջև է կանգնելու՝ կա՞ արդյոք հուսալի մի աղբյուր, որ կառաջարկի իրեն ճիշտ լուծում գտնել, կսովորեցնի ճիշտ ուղի գտնել և խուսափել սխալներից, կօգնի շտկել թերությունները, կամ կա՞ արդյոք որևէ ուղեցույց, որը կօգնի իրեն ճիշտ գործել ցանկացած հանգամանքներում։ Հայ եկեղեցու համայնքային կյանքի կարևոր օղակներից կիրակնօրյա դպրոցը քրիստոնյա անձին դեռ փոքրուց ծանոթացնում է այդ կարևոր ուղեցույցին՝ Սուրբ Գրքին, նաև հայրաբանությանն ու Սրբազան Ավանդությանը՝ օգնելով կյանքում ճիշտ ուղի և լուծում ընտրել ու գտնել, խուսափել սխալներից, կամ գործելու դեպքում շտկել և դեպի Աստված ընթանալ:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցն արդեն երեք ու կես տարի է, ինչ գործում է և նույնքան ժամանակ էլ երեխաներին ծանոթացնում է մարդկային կյանքի այդ կարևորագույն ուղեցույցին:  

Հունիսի 29-ին «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները, նրանց ծնողներն ու մանկավարժ Տաթև Պետրոսյանը, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, տարեվերջյան ուխտագնացության մեկնեցին: Հասնելով սրբավայր՝ Բջնիի Ս. Աստվածածին վանք (11-րդ դ.), փոքրիկ ուխտավորները Տեր Հոր առաջնորդությամբ միասնաբար աղոթեցին՝ Սուրբ Աստվածամոր բարեխոսությունը հայցելով Հայոց ազգի, եկեղեցու և բանակի համար, ծանոթացան սրբավայրի պատմությանը, ապա ունեցան սիրո ճաշ և հետաքրքիր զրույց Տեր Հոր հետ, որի ընթացքում պատմեցին իրենց նախասիրությունների մասին:

«Կիրակնօրյա դպրոցը երեխաների հոգևոր և բարոյական կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվելուն զուգահեռ նպաստում է, որ երեխաները մասնակից դառնան եկեղեցական արարողություններին և միջոցառումներին, ուխտագնություններին: Ամեն մի ուխտագնացություն հնարավորություն է, որ երեխան առավել լավ ճանաչի ու սիրի  մեր հոգևոր ժառանգությունը, մեր հայրենիքը: Մեր կիրակնօրյա դպրոցի հաջող աշխատանքի կարևոր պայմաններից մեկը աշակերտների ընտանիքների հետ սերտ շփումն է, որ կայանում է նաև ուխտագնացությամբ: Ուրախալի է տեսնել ծնողների ակտիվ մասնակցությունը կիրակնօրյա դպրոցի, նաև եկեղեցական կյանքին, քանի որ մեր հոգևոր և բարոյական ավանդույթների պահպանողն ու փոխանցողը քրիստոնյա ընտանիքն է»,- ասաց Տեր Գրիգորը:

 

Կարինե Սուգիկյան

 

30.06.25
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․