21 Դեկտեմբեր, Շբ
«Երանի՜ այն մարդուն, որ դիմանում է փորձությանը, որովհետև փորձությունից հաղթական դուրս եկողը որպես մրցանակ կստանա այն կյանքը, որ Տերը խոստացավ տալ իրեն սիրողներին»,- ասել է Հակոբոս առաքյալն իր ընդհանրական նամակում՝ նաև նշելով, որ փորձության մեջ եղող որևէ մեկը թող չասի, թե Աստված փորձում է իրեն, որովհետև Աստված մասնակից չէ այն փորձություններին, որոնք չարից են գալիս, ոչ էլ Ինքն է փորձության ենթարկում մարդկանց: Փորձության պատճառները շատ են. յուրաքանչյուր ոք փորձվում է՝ տարվելով ու խաբվելով իր իսկ ցանկություններից (Հակոբոս 1:12-15): Սողոմոնը պատճառներից մեկը դիտում է աղքատությունը՝ չլինի, թե աղքատանամ և գողություն անեմ (Առակներ 30:9): Ըստ Իմաստունի՝ հաջորդ պատճառը փորձության առաջնորդող կարող է լինել նաև մեծ հաջողությունները՝ չլինի, թե հարստանամ և ուրանամ Քեզ (Առակներ 30:9): Փորձությունից խուսափելու կամ հեռու մնալու համար՝ Քրիստոս Իր կարևոր պատգամը հղեց առաքյալներին և համայն մարդկությանը. «Արթո՛ւն մնացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք: Հոգին կարող է հոժար լինել, բայց մարմինը տկար է» (Մատթեոս 26:41): Սբ. Պետրոս առաքյալն էլ է արթնության կոչ անում՝ արթուն և պատրա՛ստ եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, առյուծի նման մռնչալով շրջում և փնտրում է մեկին, որ կուլ տա (Ա Պետրոս 5:8):
Իսկ փորձությունների հաղթահարման, դրանք մարդկային սահմանների մեջ կամ նրանից դուրս լինելու մասին՝ Սբ. Պողոս առաքյալը կորնթացիներին և մեզ՝ ընթերցողներիս, հետևյալն է ասել. «Այն փորձությունները, որ դուք կրեցիք, մարդկային սահմաններից դուրս փորձություններ չէին: Բայց վստահեցեք Աստծուն. Նա թույլ չի տա, որ ձեր կարողությունից ավելի փորձության ենթարկվեք, այլ փորձության մեջ անգամ ցույց կտա հաղթահարելու միջոցը, որպեսզի կարողանաք տոկալ» (Ա Կորնթացիներ 10:13):
Այս մխիթարական հորդորի վերաբերյալ Սբ. Հովհան Ոսկեբերանը հետևյալ ուսուցողական մեկնությունն է մեզ թողել՝ նշելով փորձությունների տանելի և անտանելի լինելու մասին: Սբ. Պողոս առաքյալն այս խոսքերով դիմում է կորնթացիներին՝ նրանց մեջ բավականաչափ կերպով արթնացնելով պատժի վախը՝ հին օրինակների համաձայն և երկյուղը՝այս խոսքերով. «Ահա, թե ինչու, ով կարծում է, թե հաստատ կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի» (Ա Կորնթացիներ 10:12): Քանի որ կորնթացիները բազմաթիվ փորձություններ էին կրել և հաճախ էլ ենթարկվում էին դրանց, առաքյալն այս խոսքերն ասաց՝ ես ձեզ մոտ գալու ժամանակ էլ տկար էի, սաստիկ վախի ու դողի մեջ (9:3), որպեսզի նրանք չասեն, թե ինչո՞ւ ես մեզ սարսափեցնում և նախազգուշացնում, մեզ անծանոթ չեն վտանգները, մենք հաճախ ենք հետապնդվել և հալածվել՝ ենթարկվելով բազմատեսակ վտանգների: Նա՝ առաքյալը, կրկին հնազանդեցնում է նրանց հպարտությունը՝ ասելով, ձեզ բաժին է ընկել ոչ այլ ինչ փորձություն, քան մարդկայինը, այն էլ փոքր, կարճատև և չափավոր: Մարդկայինը նա գործածում է փոքրի փոխարեն՝ ասելով. «Ծառայի օրինակով եմ խոսում, որովհետև այդպես ավելի հասկանալի է ձեզ: Ինչպես մի ժամանակ ձեր մարմիններն անօրինության տված՝ ծառայում էիք պղծությանն ու անօրենությանը, այնպես էլ հիմա ձեր մարմինները սրբությա՛նը տվեք և ծառայեցե՛ք արդարությանը» (Հռոմեացիներ 6:1): Ապա, դիմելով նրանց, ասում է, որ մի գովաբանեք ձեզ ասելով, թե փոթորկին դիմակայել եք, դուք դեռ չեք տեսել վտանգներ՝ մահվան սպառնալիքներով լի, կամ էլ փորձություններ, որ կործանարար են: Նույնը և առաքյալն ասում է եբրայեցիներին. «Դուք դեռ ձեր արյունը թափելու չափ դիմադրություն ցույց չտվեցիք մեղքի դեմ պայքարում» (Եբրայեցիներ 12:4): Վախի զգացումը տարածելով, բայց և ներշնչելով նրանց խոնարհամտությամբ՝ կրկին քաջալերում է. «… բայց վստահեցեք Աստծուն. Նա թույլ չի տա, որ ձեր կարողությունից ավելի փորձության ենթարկվեք»:
Սույն հատվածի մեկնության ավարտին Սբ. Հովհան Ոսկեբերանը մեր ուշադրությունը սևեռում է մի կարևոր հանգամանքի շուրջ՝ այս հարցադրումը տալով՝ նշանակում է կա՞ն փորձություններ, որ անտանելի են և որո՞նք են դրանք: Ապա պատասխանում է՝ կարելի է ասել բոլոր փորձությունները, քանի որ դրանց հաղթահարելու հնարավորությունը կախված է Աստծո օգնությունից, որը մենք ձեռք ենք բերում մեր իսկ ցանկությամբ: Դու արդեն ամբողջովին համոզվեցիր, որ ոչ միայն մեր ուժերից վեր փորձությունները, այլ նաև մարդկայինը մենք չենք կարող կրել առանց Բարձրյալի օգնության: Նա ավելացնում է. «… այլ փորձության մեջ անգամ ցույց կտա հաղթահարելու միջոցը, որպեսզի կարողանանք տոկալ»: Նույնիսկ չափավոր փորձությունը մենք չենք կարող տանել մեր սեփական ուժերով, այդ դեպքում էլ մենք Աստծո օգնության կարիքն ունենք, որպեսզի այն հաղթահարենք, այսինքն՝ կարողանանք տանել այն նախքան հաղթահարելը: Աստված տալիս է և՛ համբերություն, և՛ արագ ազատագրում, այնպես որ փորձությունն էլ դառնում է տանելի: Այդ մասին նկատի ունի առաքյալը, երբ ասում է. «… ցույց կտա հաղթահարելու միջոց, որպեսզի կարողանաք տոկալ»:
Կարինե Սուգիկյան