Փորուրարը քահանայական ուրարն է: Այն սկիզբ է առել սարկավագի ուրարից, իսկ ձևը՝ ձեռնադրության արարողությունից: Ձեռնադրող եպիսկոպոսը սարկավագի ձախ ուսից կախված ուրարը նաև աջին է գցում և բերում առջևի կողմը ու միացնում իրար:
Փորուրարը քահանայական իշխանության խորհրդանիշն է, այսինքն՝ այն Քրիստոսի ծանր լծի, բայց միևնույն ժամանակ քաղցր բեռի նշանակությունն ունի. «Առե՛ք Իմ լուծը ձեզ վրա», որը քահանան ամբողջովին իր վրա է վերցնում, իսկ սարկավագը միայն մասամբ` իր ուսի վրա: Միևնույն ժամանակ, Տիրոջ օրինակով, այն նշանակ է խոնարհության, հեզության և արդարության, որով պետք է քահանան զարդարի իր սիրտը, ինչպես նաև՝ նվիրում, համբերություն՝ կատարելու իր վրա դրված պարտականությունները:
Քահանայական փորուրարը միակտոր է, սարկավագական ուրարի երկու լայնքի չափով (մոտ 25-30 սմ), ծածկում է կուրծքը և հասնում մինչև ոտքերի ծայրը, վերևից մի փոքր բացվածքով: Կան, որ վերևի մասի բացվածքը անցկացվում է վզի շուրջը և ետևից կոճկվում է կամ էլ ամրակով կապվում: Փորուրարը ունենում է վրան 2-3 խաչ:
Եկեղեցական մեկնաբանության համաձայն՝ փորուրարը խորհրդանշում է նաև ստացած աստվածային շնորհի առավելությունը: Քահանան, փորուրարը կրելով, խորհրդանշորեն ներկայացնում է Սուրբ Հոգու շնորհների բաշխումը հավատացյալներին իր աստիճանի միջոցով: