4 Նոյեմբեր, Բշ
Ապրել քրիստոնեաբար՝ նշանակում է քայլ առ քայլ նմանվել Քրիստոսին, Ով ասաց՝ Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես ձեզ արեցի (Հովհ. 13:15): Եկեղեցու համայնքային կյանքից ներս մեծ ընտանիքի անդամները հեշտությամբ են անցնում աստվածնմանության ուղին, քանի որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ, իր շնորհների համաձայն, փորձում է օգտակար լինել ընտանիքի մյուս անդամներին. մեկն իր փորձով, մյուսը՝ իմաստությամբ, մեկ ուրիշը՝ նյութական կարողությամբ ծառայում են եկեղեցուն՝ հօգուտ բոլորի: «Արդ, դուք մարմինն եք Քրիստոսի և անդամներ՝ նրա անդամներից» (Ա Կորնթ. 12:27),- ասել է Ս. Պողոս առաքյալը Կորնթոսում իր կողմից հիմնած եկեղեցու անդամներին: Եկեղեցու համայնքը, հոգևոր սպասավորների առաջնորդությամբ, օրեցօր զորանում է՝ միասնաբար անցնելով աստվածնմանության ուղին: Եկեղեցու հայրերը եկեղեցին համեմատում են ծովի վրա նավարկող նավի հետ, որի վրա գտնվողները գիտեն, թե ուր են գնում միասին և հանգիստ են ու խաղաղ՝ անկախ նրանից ծովը խաղաղ է, թե՝ ոչ:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքային կյանքից ներս իրագործվող սոցիալական ծրագրերին իրենց մասնակցությունն են բերում ոչ միայն համայնքի անդամները, այլ նաև սփյուռքում ապրող հավատավոր մեր հայրենակիցները: Հունվարի 24-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հովսեփյան Կարինեին (37 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր եկեղեցու սոցիալական ծրագրերի մշտական աջակից ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Կարինեն երեք անչափահաս զավակների հետ բնակվում է Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի 4-րդ փ. 20 տ. հասցեում գտնվող տանը, որը զուրկ է կենցաղավարության տարրական պայմաններից: Կարինեի ամուսինը մեկ ու կես տարի առաջ է մահացել, իսկ նա հնարավորության դեպքում զբաղվում է հողագործությամբ և փորձում է իրենց կարիքները հոգալ ընտանեկան ու միակողմանի ծնողազուրկ երեխաներին տրամադրվող նպաստների գումարներով: «Տունս գազաֆիկացված չէ, ջուր չունենք, տանիքը կաթում է, ի վիճակի չեմ լուծելու այս խնդիրները: Շնորհակալ եմ աջակից անձին՝ օգնության ձեռք մեկնելու համար»,- ասաց ընտանիքի մայրը:
Կարինե Սուգիկյան