26 Նոյեմբեր, Գշ
Ապագայի անորոշության մեջ կարևոր է, որ յուրաքանչյուր ոք հավատարիմ մնա աստվածատուր իր կոչմանը, սիրո և մարդասիրության ուղին ընտրելով, բարին գործի, սիրտը մաքուր պահի՝ իր հոգսերը վստահելով Երկնավոր Հորը: Յուրաքանչյուր անձ Երկնավոր Հոր հանդեպ սիրո միջոցով իր որդիական մաքուր ու անարատ զգացմունքն է արտահայտում: Այդ սիրո միջոցով աստվածային ընտանիքի անդամները միմյանց հանդեպ իրենց իրական առաքելությունն են վերագտնում: Մեծ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին շնորհված է նաև քրիստոնյա անունը կրելու պատիվը, բայց այդ անունն օտար ու խորթ է դառնում այն անձի համար, ով սիրում է միայն իրեն սիրողներին: Ավետարանն այդպիսիններին մեղավոր, մաքսավոր և հեթանոս է անվանում (Ղուկ. 6:32, Մատթ. 5:46-47), քանի որ քրիստոնեությունը մարդասիրության վրա հիմնված հավատ է պահանջում: «Հիսուսի Ավետարանը բազմաթիվ արտահայտություններ ունի սիրո և մարդասիրության մասին, այդ պատճառով Հիսուսի Ավետարանը նաև սիրո Ավետարան է կոչվում, իսկ քրիստոնեական ուսմունքը՝ սիրո վարդապետություն: Իրոք, մարդկային, ընտանեկան և հասարակական կյանքում ի՞նչ կա ավելի կարևոր և անհրաժեշտ, քան մարդկանց փոխադարձ սերը մեկը մյուսի հանդեպ: Մարդկային, ընտանեկան և հավաքական կյանքի հիմքերն ամրացված են մարդկանց փոխադարձ սիրո հարաբերությունների վրա: Այս ճշմարտությունը Հիսուս հստակորեն հաստատել ու պատգամել է մեզ, որ մարդկային բնականոն, առողջ, շինարար և իմաստավորված կյանքի կառույցը հիմնված է մարդկանց միջև փոխադարձ սիրո վրա: Հավաքական կյանքում, սեր ասելով, առաջին հերթին պետք է հասկանալ՝ գութ և կարեկցանք մեր նմանի հանդեպ»,- ասել է երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսը:
Սիրո Ավետարանից բխող սիրո և մարդասիրության պատգամները կյանքի կոչելու արդյունքում են եկեղեցական համայնքներում կյանքի կոչվում սոցիալական ծրագրերը: Հունիսի 12-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակում, Կարապետյան Քրիստինեին (36 տ.) փոխանցեց դրամական աջակցություն (50 000 դրամ), որ տրամադրել էր ամերիկաբնակ մեր հայրենակցուհիներից մեկը՝ չցանկանալով իր անունը նշել: Քրիստինեն իր ամուսնու և վեց անչափահաս զավակների հետ բնակվում է Րաֆֆու 111/33 հանրակացարանում: Բազմազավակ ընտանիքի մայրն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:
Կարինե Սուգիկյան