4 Նոյեմբեր, Բշ
«Աղոթում եմ, որ նրանք բոլորն էլ մի լինեն, ինչպես որ Դու, ո՛վ Հայր, իմ մեջ ես, և Ես՝ Քո մեջ, այնպես էլ նրանք լինեն մեր մեջ, որպեսզի աշխարհը հավատա, որ Դո՛ւ ուղարկեցիր Ինձ» (Հովհաննես 17:21), այս խնդրանքով էր Քրիստոս դիմում Հայր Աստծուն Իր հետևորդների համար:
Աստծու պատկերն ու նմանությունը կրող յուրաքանչյուր անձի կոչումն է Աստծու հետ միավորումը: Այդպիսի միավորման օրինակ է քրիստոնյաների ներկայությունը և մասնակցությունը սբ. Պատարագի արարողությանը: Աստծու տանը Նրա ներկայությամբ գտնվող անձինք՝ որպես միավորյալ միություն, նույն աղոթքն են մրմնջում, նույն շարականը երգում, միևնույն ժամանակ խաչակնքվում և երկրպագում Տիրոջը, Քրիստոսի հայտնության ողջույնը փոխանցում միմյանց, ճաշակում Նրա կենարար Մարմինն ու Արյունը՝ գոհանալով ամենակալ Տիրոջից: Եվ Աստծու շուրջը միավորված այս միության մեջ ոչ ոք չի կորցնում աստվածապարգև իր անհատականությունը: Այս հզոր միությամբ միավորված քրիստոնյան ապրում է մի աշխարհում, ուր, ցավոք սրտի, իշխում է երկպառակությունը, անհասկացողությունը և բաժանումները: Երկպառակությունը պայմանավորված է անկյալ մարդու բնության հատկանիշներով: Ադամի անկումը խաթարեց նրա միությունը և պատճառ հանդիսացավ համընդհանուր թշնամության ու պառակտման՝ արտահայտվելով ոչ թե մեկ անձի ներաշխարհում, այլ համայն մարդկության կյանքում: Սբ. Գրքի Ծննդոց գրքում կարդում ենք, որ Աստված, ընդունելով Նոյի մատուցած զոհը, Իր մտքում ասաց. «Մարդկանց չար արարքների համար Ես երկիրն այլևս չեմ անիծի, որովհետև մարդկանց միտքը մանկուց չարի ծառայության մեջ է» (Ծննդոց 8:21):
Եվ դեռևս մանկուց մարդիկ միմյանց հանդեպ անհասկացողության արդյունքում հայտնվում են միայնության և պառակտման մեջ: Մարդկանց պառակտված բնությունները միության մեջ վերահաստատելու և փրկագործելու նպատակով աշխարհ եկավ Աստծու Որդին:
Պառակտումը, միմյանց հանդեպ անհանդուրժողականությունը, օտարացումը և միայնությունը դժոխքի նախապատկերն ու նախադուռն են: Եվ հակառակը՝ Դրախտը, Երկնային Արքայությունը կատարյալ միություն է, միություն Տիրոջ հետ:
Իսկ մինչ կատարյալ միությունը, մարդն իր երկրային կյանքի ընթացքում սովորում է նախ միավորվել իր հետ, իր նմանի հետ՝ հաղթահարելով մարդկության սկզբնական պառակտումը: Իսկ մարդկանց միջև միություն սովորեցնող այդ դպրոցներն են եկեղեցին, ընտանիքը, հայրենիքը, ազգը, բանակը, ընկերային և աշխատանքային միջավայրերը:
Կատարյալ միության մարդ կարող է հասնել միայն Աստծու հետ միավորվելով, քանի որ Նա է միայն, որ ամենայն խորությամբ թափանցում է մարդու ներաշխարհը՝ դառնալով նրա հետ մեկ ընդհանուր բնություն: Այսպիսի միությունը հնարավոր է միայն քրիստոսահիմն եկեղեցում: Եկեղեցին Աստծու մեծ ընտանիքն է: Քրիստոս ասում է. «Ով կատարում է Իմ երկնավոր Հոր կամքը, նա՛ է Իմ եղբայրը, Իմ քույրը և Իմ մայրը» (Մատթեոս 12:50): Մեծ իմաստ և գաղտնիք պարունակող այս խոսքերը մարդ արարածի առջև բացահայտում են, որ Աստծու կամքը կատարողը բարեկամանում է Քրիստոսին և մարդկանց՝ դառնալով Աստծու միավորյալ ընտանիքի անդամը:
Եկեղեցում կատարյալ միության հասնելու համար ևս քրիստոնյան պետք է ջանքեր թափի՝ դառնալու համար Սբ. Հոգու տաճարը, օրինակ ունենալով սրբերին և առաքելական ժամանակաշրջանի նորաստեղծ եկեղեցուն. «Հավատացյալներն ամենքը միասին էին միշտ և ինչ որ ունեին, ընդհանուր էր իրենց միջև» (Գործք Առաքելոց 2:44): Եկեղեցու կարևորագույն առաքելությունը մարդկանց միավորումն է, և միության աղբյուրը Ինքը Աստվածն է:
Աստծու հետ միավորումը հնարավոր չէ առանց ապաշխարության: Քանի որ անմաքրության մեջ գտնվող հոգին, որ գերի է մեղքերին և կրքերին, անընդունակ է Աստծու և մարդկանց հետ միավորմանը: Այդ պատճառով Աստված մեզ տվեց ամենակարևոր պատվիրանը՝ սիրո պատվիրանը: Քրիստոնեական սերը մարդկանց միավորող ամենամեծ առաքինությունն է:
Պետք է ասել, որ ոչ բոլոր միություններն են, որ ճշմարիտ են և փրկության ուղղորդող: Չարը նույնպես իր նպատակների համար փորձում է միավորել մարդկանց՝ ինչպես օրինակ տեղի ունեցավ Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ: Ճշմարիտ միությունը, որին Աստված ուղղորդում է Իր Եկեղեցուն, Աստծու հետ միությունն է, որին կարող է մարդը գալ միայն Տիրոջ հանդեպ մաքուր հավատքով:
Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի միավորի բոլոր պառակտումները, որպեսզի Քրիստոսի Մարմինը հանդիսացող Եկեղեցին, կատարյալ միության մեջ միավորված, ներդաշնակ միությամբ միավորվի այդ նույն մարմնի գլխին՝ Քրիստոսին:
Կարինե Սուգիկյան