Սաղմոս ԻԱ

Ի կատարած. Սաղմոս Դավթի առավոտյան օրհնության մասին: Մարգարեանում է Էմմանուելի խորհրդի մասին, քանզի նա է մեր համար նախապատրաստված առավոտը օրենքի գիշերից կամ կռապաշտության խավարից հետո՝ օգնելով մեր բնությանը հեռու մնալ դրանից: Նաև՝ խաչի չարչարաքների և մեռելներից հարության մասին է, երբ երևաց կիրակի առավոտյան՝ փարատելով գիշերվա տրտմությունը: Մարգարեանում է նաև հեթանոսների քրիստոնյա դառնալու մասին:

1. Աստուած, Աստուած իմ, նայեաց առ իս. ընդէ՞ր թողեր զիս. հեռի եղէ ի փրկութենէ իմմէ՝ վասն բանից յանցանաց իմոց:

Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ, նայի՛ր ինձ, ինչո՞ւ լքեցիր ինձ, հանցանքներիս պատճառով հեռու մնացիր իմ փրկությունից:

Ջերմագին սիրո նշան է Աստծո անունը կրկնակի կանչելը: Նայի՛ր. ասում է, կարծես թե դարձրել է երեսն իրենից: Նաև Տերն այս բառերը հայտնապես աղաղակեց խաչի վրա. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի» (Մատթ. 27:46): Ոչ թե Հորից կամ իր աստվածությունից լքված լինելու պատճառով, քավ լիցի, այլ՝ նկատի ունենալով մեր բնությունը և ադամական հին բնությունը, քանզի չի գարշում մերն իրենը համարելուց, որ լքվեցինք հանցանք գործելու պատճառով: Դրա համար աղաղակում էին առաջին արդարները և իրենց աղոթքներն էին մատուցում Տիրոջը: Ասում էր, Հա՛յր, եթե իմ մահով վճարեցի ադամական մեղքի համար, ապա ինչո՞ւ են հոգիները դժոխքում մնում: Հեռու մնացիր իմ փրկությունից. Ադամը հեռացավ իր փրկությունից ոչ այնքան պտուղը ճաշակելու պատճառով, որքան այն հանցանքների պատճառով, որ ասաց. «այս կինը, որ տվեցիր ինձ» (Ծննդ. 3:12): Բայց երեք թարգմանիչներ «հանցանքների պատճառով» չեն թարգմանել, այլ՝ Ակյուղոսը «կանչիցս» ասաց, Թեոդիտոն՝ «իմ վշտերի աղաղակից», Սիմաքոսը՝ «իմ ճգնություններից», ինչպես որ սրբերը կանչեցին, ճգնեցին և վշտալի աղաղակեցին և ինչո՞ւ չփրկվեցին, որովհետև մեծապես կարիք ունեին միջնորդի և փրկչի:

2. Աստուած իմ, ի տուէ կարդացի առ քեզ, և ինձ ոչ լուար, ի գիշերի, և ինձ ոչ անսացեր:

Աստվա՛ծ իմ, քեզ կանչեցի ցերեկով, բայց չլսեցիր ինձ, կանչեցի գիշերով՝ բայց չանսացիր ինձ:

Սրբերը գիշեր և ցերեկ աղոթում էին և հարատև խնդրում: Մինչդեռ Տերը նույնպես աղոթեց. «Հա՛յր իմ, եթե կարելի է» (Մատթ. 26:39), ինչո՞ւ, չէ որ մի էր Հոր և Որդու կամքը, բայց լսելի չեղավ, որպեսզի իր մահվամբ մարդկության փրկություն պատճառ դառնա և որ ցույց տա նրա իսկապես մարդ լինելը:

3. Դու ի սուրբս բնակեալ ես. և գովեալդ Իսրայէլի:

Դու ապրում ես սրբերի մեջ և գովերգվում Իսրայելում:

Երկնքում և Իսրայելում բնակվողը գովում է քեզ՝ քո գործերը: Դարձյալ ապրում ես սրբերի մեջ, այսինքն՝ արդարների՝ Աբրահամի, Իսահակի, Մովսեսի և չասաց, թե ապրում էիր, այլ՝ ապրում ես այժմ և հավիտյան:

4. Ի քեզ յուսացան հարքն մեր. յուսացան ի քեզ՝ և փրկեցեր զնոսա:

5. Առ քեզ աղաղակեցին. և կեցին. ի քեզ յուսացան և ոչ ամաչեցին:

Քեզ վրա հույս դրին հայրերը մեր, հույս դրին քեզ վրա, և դու փրկեցիր նրանց:

Առ քեզ աղաղակեցին ու ապրեցին, քեզ վրա հույս դրին և ամոթով չմնացին:

Նրանք, ում մեջ բնակվում ես, քեզ աղաղակեցին, որպեսզի փրկվեն իրենց հալածիչներից: Քեզ վրա հույս դրին. այսինքն՝ Տիրոջ վրա, որ մարդացավ և չամաչեցին: Դարձյալ, քեզ վրա հույս դրին  Հովսեփը, Դանիելը և թեև մարմնով փրկվեցին, սակայն հոգիները դժոխքից չփրկվեցին [մինչև Քրիստոսը դժոխքից ազատեց նրանց հոգիները]:

6. Այլ ես որդն եմ, և ոչ եմ մարդ. նախատինք մարդկան՝ և արհամարհանք ժողովրդոց:

Բայց ես որդ եմ և ոչ թե մարդ, մարդկանց համար նախատինք եմ և անարգանք ժողովուրդներին:

Հրեաների նախատինքի պատճառով կամ ծածկելով աստվածությունը մարմնով, ինչպես որ որդով կարթն է ծածկվում որսից: Եվ կամ կույսից միայն ծնվեց, այլ ոչ թե սերմից, ինչպես որ որդն է փայտից ծնվում: Կամ ինչպես որ մեր գեղեցիկ մետաքսե հանդերձները ստանում ենք շերամի որդից: Դարձյալ որդը փյունիկ հավն է, որ ինքն իրեն ողջակիզելուց հետո մոխիրներից նորից վերակենդանանում էր՝ նախապես որդն էր երևում, այնուհետև հավն էր թռչում:

7. Ամենեքեան որք տեսանէին զիս՝ արհամարհէին զինեւ. խօսէին շրթմամբք՝ և շարժէին զգլուխս իւրեանց:

Բոլոր ինձ տեսնողներն արհամարհում էին ինձ, խոսում շրթունքներով և շարժում գլուխներն իրենց:

Ավետարանը հայտնի է դարձնում իմաստուններին:

8. Յուսացաւ ի Տէր՝ և փրկեսցէ զնա. կեցուսցէ զնա, զի կամի զնա:

«Հույսը դրել է Տիրոջ վրա, դե թող փրկի ու ազատի նրան, եթե սիրում է նրան»:

«Թողե՛ք տեսնենք, արդյոք Եղիան կգա՞ նրան իջեցնելու» (Մարկ. 15:36):

9. Դու ես՝ որ հաներ զիս յարգանդէ. յոյս իմ ի ստեանց մօր իմոյ:

Դո՛ւ հանեցիր ինձ արգանդից, իմ հույսը դարձար մորս կաթով սնվելու օրից:

Հանել նշանակում է ստեղծել, ինչպես, օրինակ, ոստայնը, նաև ըստ Հոբի խոսքի, թե՝ «ոսկրերով, ջիլերով ես օժտել ինձ» (Հոբ 10:11): Քանզի Որդին է ստեղծում, ինչպես նաև Հայրը և Սուրբ Հոգին, ինչպես որ ասում է. «Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ» (Ղուկ. 1:35): Իմ հույսը դարձար մորս կաթով սնվելու օրից. քանզի մարդկության փրկության հույսը մոր կաթով է կերակրվում: Դարձյալ կաթնակեր հասակից մինչև ծերություն մարդ հատուցում է ստանալու ըստ իր արժանիքների:

10. Ի քեզ անկայ ես յարգանդէ. յորովայնէ մօր իմոյ. դու ես Աստուած իմ:

Քեզ հանձնվեցի ես արգանդից, մորս որովայնից սկսած՝ դու ես Աստվածն իմ:

Որովհետև դու միայն գիտեիր ինձ, քանզի «արշալույսից առաջ ծնեցիր» ինձ (Սաղմ. 109:3) և իմ Աստվածն ես մորս որովայնից սկսած: Քեզ է պատշաճ իմանալ, որ հայրն ես բնությամբ, մորս որովայնից մարմին առնելուց հետո էլ ես Աստված եմ: Դարձյալ հանձնվեցի ես, քանզի ինչպես որ Բանը կատարյալ է իր հոր ծոցում, կատարյալ գտնվեց նաև մարդը կույսի ծոցում, կամ, ինչպես որ ասում է, Տիրոջ աղախնի ծոցում: Սովորություն է ասել որևէ իրադարձությունների կամ դեպքերի ժամանակ, թե այստեղից առաջացան այս բաները կամ խորհուրդները: Քանզի խոնարհվելը նաև կատարել է նշանակում, ըստ հրեշտակի, որ ասաց. «Նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է» (Մատթ. 1:20) և մեր նման քառասունք պահելու կարիք չէր զգում, [այլ կատարեց օրենքը պահելու համար]:

11. Մի՛ ի բացեայ առնիր յինէն՝ զի նեղութիւնք մերձեալ են. և ոչ ոք է, որ օգնէ ինձ:

Մի՛ հեռացիր ինձնից, քանզի մոտ են վտանգները, և չկա մեկը, որ օգնի ինձ:

Այս նույն բանն ասվում է նաև Ավետարանում, թե աղոթքով խնդրում էր այն ժամի համար, որը շուտով գալու էր հրեաների կողմից:

12. Շուրջ եղեն զինեւ զուարակք բազումք, և ցուլք գէրք պաշարեցին զիս:

Բազում եզներ շրջապատեցին ինձ, և պարարտ ցուլեր պաշարեցին ինձ:

Եզները քահանաներն են, ցուլերը՝ դպիրները, իսկ պարարտ ցուլերը՝ փարիսեցիները, քանզի փափկանում էին ժողովրդի մեջ, պարարտացավ, այսինքն՝ հաստացավ և լքեց իր Տեր Աստծուն:

13. Բացին ի վերայ իմ զբերանս իւրեանց, որպէս առիւծ՝ զի մըռնչէ և յափշտակէ:

Մռնչացող և հափշտակող առյուծների պես ինձ վրա բացեցին բերաններն իրենց:

Առյուծը Պիղատոսն է կամ Հերովդեսը և իրենց զինվորները, ովքեր պատերազմում էին նրա դեմ և ծաղրում նրան, հափշտակելով նրան առաքյալների միջից և տանելով մահվան:

14. Ես որպէս ջուր հեղայ՝ և ցրուեցան ամենայն ոսկերք իմ. և եղեւ սիրտ իմ որպէս մոմ հալեալ ի մէջ որովայնի իմոյ:

Հոսեցի ես ինչպես ջուր, խախտվեցին իմ բոլոր ոսկորները, և սիրտս հալած մոմ դարձավ որովայնիս մեջ:

Խոսքը Տիրոջ քրտինքի մասին է, որպեսզի դրա միջոցով ապաքինվի մեր հիվանդ բնությունը: Խախտվեցին իմ բոլոր ոսկորները, այսինքն՝ սուրբ առաքյալները: Եվ սիրտս հալած մոմ դարձավ. այն սաստիկ երկյուղը, որ պատել էր իրեն և որ զարհուրում էր տագնապից: Նաև մեր սրտի չարիքները նրա սրտի սիրուց մոմի պես հալվեցին:

15. Չորացաւ որպէս խեցւոյ զօրութիւն իմ. լեզու իմ ի քիմս իմ կցեցաւ. և ի հող մահու իջուցին զիս:

Զորությունն իմ չորացավ խեցու նման, լեզուս կպավ քիմքիս, և ինձ իջեցրին մահվան հողի մեջ:

Մարմնի զորությունը, որ հողից էր, այլ ոչ թե աստվածությունից, ըստ Հոբի, թե. «Հանգել է գետնին զորությունը իմ» (Հոբ. 16:17): Քանզի մահացավ և լռեց և դրվեց մահվան հողի մեջ:

16. Շուրջ եղեն զինեւ շունք բազումք. և ժողովք չարաց պաշարեցին զիս:

Չորս կողմս բազում շներ հավաքվեցին, և չարագործների ամբոխն ինձ պաշարեց:

Ովքեր որդիներ էին կոչվում՝ շուն եղան:

17. Ծակեցին զձեռս իմ՝ և զոտս իմ. և թուեցին զամենայն ոսկերս իմ. նոքա հայեցան և տեսին զիս:

Ծակեցին ձեռքերն ու ոտքերն իմ, հաշվեցին բոլոր ոսկորներս, նրանք նայեցին ու տեսան ինձ:

Սա մեկնելու կարիք չկա: Հաշվեցին բոլոր ոսկորներս, որովհետև մերկացրեցին նրան Աստծո շնորհներից մերկացածները: Ոչ միայն նայեցին, թե ո՞ւր են հասել մեխերը, այլ տեսան ոսկորն ու մարմինը՝ մինչև արևի խավարելը:

18. Բաժանեցին զհանդերձս իմ ի մէջ իւրեանց. և ի վերայ պատմուճանի իմոյ վիճակս արկանէին:

Հագուստներս բաժանեցին իրար մեջ և պատմուճանիս վրա վիճակ գցեցին:

Քանզի նախ զինվորները վիճակ գցեցին միմյանց մեջ և ապա նոր բաժանեցին հագուստները: Եվ պատմուճանը, որն առանց կարի էր և որը Հայոց Աբգար թագավորն էր ուղարկել, ի նշան նրա անբաժանելի աստվածության, որը բոլորին լիապես տրվում է առանց հաշվի առնելու մեր արժանիքները, որպես վիճակ, որը չի ընտրում արժանավորին:

19. Դու, Տէր, մի՛ հեռի առներ զօգնութիւն քո յինէն. և Տէր յօգնել ինձ նայեաց:

Դու, Տե՛ր, օգնությունդ ինձնից հեռու մի՛ պահիր, այլ օգնի՛ր ինձ, Տե՛ր:

Ինչպես որ ասում էր, թե Հայրն ինձ հետ է:

20. Փրկեա՛ ի սրոյ զանձն իմ, և ի ձեռաց շանց՝ զմիամօրութիւն իմ:

Փրկի՛ր ինձ սրից, փրկի՛ր միամորիկիս շների ձեռքից:

Որովհետև նրա խարիսխները չխորտակվեցին: Եվ շների ձեռքից, քանզի միամորիկ էր: Աղոթում էր, որպեսզի մայրն էլ անձեռնմխելի մնար կատաղած շներից: Նաև եկեղեցուն հանձնում է Հոր գթությանը, քանզի նույն մոր ավազանից է ծնված:

21. Փրկեա՛ զիս ի բերանոյ առիւծու, յեղջերէ միեղջերոյ զխոնարհութիւն իմ:

Ազատի՛ր ինձ առյուծի բերանից և իմ խոնարհությունը՝ միեղջերուի եղջյուրից:

Սատանայի բերանը մահն է, իսկ մահվան եղջյուրը՝ մեղքը, միակերպ և հատուկ, որից աղոթում է, որ փրկվի մեր բնությունը, որն, ըստ Առաքյալի, խոնարհված էր մահվան երկյուղի տակ:

22. Պատմեցից զանուն քո եղբարց իմոց. ի մէջ եկեղեցւոյ օրհնեցից զքեզ:

Անունդ պիտի հռչակեմ իմ եղբայրներին, ժողովատեղում պիտի օրհնեմ քեզ:

Ամոթ չի համարում եղբայրներ անվանել առաքյալներին: Ժողովատեղում. ինչպես որ ասում է. «այն բոլորը, ինչ լսեցի Հորից, հայտնեցի ձեզ» (Հովհ. 15:15) և հայտնեցի, թե ինչո՞ւ է Աստված Հայր կոչվում, որովհետև միածին Որդի ունի:

23. Երկիւղածք Տեառն օրհնեցէ՛ք զՏէր. ամենայն զաւակն Յակոբվեան փառաւոր արասցէն զնա:

Աստվածավախնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը, և թող Հակոբի բոլոր զավակները փառաբանեն նրան:

Հակոբի բոլոր զավակները հեթանոսներն են, իսկ հրեաներից նրանք են, ովքեր դարձի կգան:

24. Երկիցէ ի Տեառնէ ամենայն զաւակն Իսրայէլի, զի ո՛չ արհամարհեաց՝ և ո՛չ անարգեաց Տէր զաղօթս աղքատիս, և ո՛չ դարձոյց զերեսս իւր յինէն. այլ ի կարդալ իմում առ նա՝ լուաւ ինձ:

Իսրայելի ողջ սերունդը երկյուղ պիտի կրի Տիրոջից, քանզի Տերը չարհամարհեց ու չանարգեց աղոթքն աղքատիս և երեսն ինձնից չշրջեց:

Որոնք ըստ բնության և որոնք էլ հավատքով որդիացան Իսրայելին: Քանզի չարհամարհեց աղքատին՝ օրենքին և մարգարեներին, և հեթանոսներից էլ Աստված երես չդարձրեց, երբ փնտրեցին նրան, այլ երբ կանչեցին իրեն, նա լսեց նրանց:

25. Ի քէն է գովութիւն իմ, յեկեղեցիս մեծս օրհնեցից զքեզ:

Քո մասին է գովքն իմ, մեծ հավաքներում պիտի օրհնեմ քեզ:

Որդու գովությունը Հորից է, ինչպես Հորդանանում, Թաբուրում և խաչելության ժամանակ: Մեծ հավաքներում. բոլոր հավատացյալների գլուխը՝ Քրիստոսը, օրհնում է Հորն իր անդամների հետ միասին:

26. Զուխտս իմ կատարեցից առաջի ամենայն երկիւղածաց նորա:

Ուխտս պիտի կատարեմ նրա բոլոր երկյուղածների առջև:

Այսինքն՝ որ մարգարեների միջոցով ուխտ արեցի փրկել մարդկությանը: Դարձյալ վերնատանը հաց ու գինիով՝ ասելով. «Այս է նոր ուխտի իմ արյունը» (Մարկ. 14:24): Բոլոր երկյուղածների առջև.  այնտեղ առաքյալներն էին, և ընդհանրապես Տիրոջից երկյուղածները նրանք են, ովքեր պահում են նրա մարմնի և արյան խորհուրդը:

27. Կերիցեն տնանկք՝ և յագեսցին. օրհնեսցեն զՏէր, որ խնդրեն զնա:

 Տնանկները պիտի ուտեն ու հագենան, Տիրոջը փնտրողները պիտի օրհնեն նրան:

Տնանկները դրախտից վտարվածներն էին, ինչպես նաև առաքյալները, որ դուրս եկան իրենց տներից և բոլոր հեթանոսները, ովքեր հանուն Տիրոջ զրկվեցին իրենց հայրենիքից: Պիտի օրհնեն նրան. կերան առաքյալները, օրհնեցին և Ձիթենյաց լեռ բարձրացան: Եվ ամեն տեղ օրհնությամբ և գոհությամբ են ճաշակում:

28. Կեցցեն սիրտք նոցա յաւիտեանս յաիւտենից. յիշեսցեն, և դարձցին առ Տէր ամենայն ծագք երկրի:

Նրանց սրտերը կապրեն հավիտյանս հավիտենից: Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կվերհիշեն ու կդառնան Տիրոջը:

Թեև ենթարկվելու են այս անցավոր մահվանը, բայց սրտերը հաստատուն են հավիտյան, ըստ այն խոսքի, թե. «Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի» (Հովհ. 6:55): Կվերհիշեն և կդառնան. հեթանոսները կհիշեն իրենց Արարչին և դեպի նա կդառնան, նաև ուտելով անմահ կերակուրը [Սուրբ Հաղորդությունը], կհիշեն մահաբեր պտղի մասին և Տիրոջը կդառնան՝ միշտ նրանից ճաշակելով և չհրաժարվելով կենաց փայտից՝ հիշելով Տիրոջ խոսքերը, թե. «Այս արե՛ք իմ հիշատակի համար» (Ղուկ. 22:19): Աշխարհի բոլոր ծայրերից. որովհետև այս ուխտը միայն մի ազգի համար չէ:

29. Երկիր պագցեն նմա ամենայն տոհմք ազանց. զի Տեառն է արքայութիւն, և նա տիրէ ի վերայ ամենայն հեթանոսաց:

Բոլոր ազգատոհմերը կերկրպագեն նրան, քանզի Տիրոջն է արքայությունը, և նա է տիրում բոլոր հեթանոսների վրա:

Բոլոր ազգատոհմերը և բոլոր լեզուները, որոնք լիացել են: Քանզի Տիրոջն է արքայությունը. դա նրա սեփականությունն է և ոչ ոքից չի վերցրել այն: Եվ նա է տիրում բոլոր հեթանոսների վրա. երբ քարոզվում է Ավետարանն ամբողջ տիեզերքով մեկ:

30. Կերան և երկիր պագին նմա ամենայն պարարտք երկրի. առաջի նորա անկցին ամենեքեան՝ որ իջանեն ի հող:

Լիացան և երկրպագեցին նրան երկրի բոլոր մեծամեծները, և ամեն ոք, որ գերեզման է իջնում, նրա առջև պիտի ընկնի:

Այսինքն՝ թագավորներն ու երկրի իշխանները և ավազանով պարարտացածները: Նրա առջև պիտի ընկնի. նկատի ունի մինչև գետին խոնարհվելով երկրպագելը՝ հիշելով այն, որ հողից են ստեղծվել և նորից հող են դառնալու և վերստին հարություն են առնելու հողից:

31. Անձն իմ նովաւ կեայ. և զաւակ իմ ծառայեսցէ նմա:

Նրանով է ապրում անձն իմ, և իմ սերունդը պիտի ծառայի նրան:

Դավիթն է այսպես ասում՝ հիշելով դժոխքից հոգիների ազատման մասին և իր որդիներին էլ պատվիրում է նրան ծառայել, և ովքեր որ ծառայում են, նրանք են Դավթի որդիները:

32. Պատմեսցի Տեառն ազգ՝ որ գալոցն է. պատմեսցեն զարդարութիւն նորա ժողովրդեան, որ ծնանելոցն է՝ զոր արար Տէր:

Գալիք սերունդներին պիտի պատմեմ Տիրոջ մասին, Տիրոջ գործած արդարությունը պիտի ավանդվի այն ժողովրդին, որ ծնվելու է:

Սա անշուշտ հեթանոսներին է վերաբերվում, որ գալու էին: Գալիք սերունդները պիտի պատմեն Տիրոջ մասին, թե Տիրոջ ազգն են, Քրիստոսի անդամներն ու ոսկորները, ըստ Առաքյալի, թե «Դուք մարմինն եք Քրիստոսի» (Ա. Կորնթ. 12:27): Եվ դարձյալ՝ դուք Քրիստոսի, Քրիստոս՝ Աստծո: Պիտի պատմեմ. նախ հավատացյալները հետագա սերունդներին պիտի պատմեն, այն ժողովուրդին, որ ավազանի միջոցով է ծնվելու, թե ինչ արեց Տերը, և  նրա արդարության ու փրկության մասին պատմելու են ազգից ազգ:

 

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

18.08.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․