25 Նոյեմբեր, Բշ
- Հա՛յր, ես հաճախ երգչախումբ եմ գնում, որովհետև զգում եմ, որ դա իմ պարտականությունն է: Ճի՞շտ եմ անում:
- Այո, եկեղեցական երգեցողությունն էլ է հնազանդություն: Դրա համար էլ քահանան աղոթում է նաև «երգողների համար»: Երգողը ներկայացնում է եկեղեցում ներկա գտնվող ողջ ժողովուրդը: Սակայն դա չի նշանակում, որ մյուսները պետք է մտովի չասեն. «Տե՛ր, ողորմեա՜», և [հոգևոր] առաջադիմություն ակնկալեն միայն երգչի «Տեր, ողորմեա»-ից:
Հնում բոլոր հավատացյալները միասին երգում էին և իրականում այդպես ճիշտ է: Սակայն քանի որ դադարներ էին առաջանում և խառնաշփոթ էր լինում, Եկեղեցին, որ հավատացյալների ժողովն է, սկսեց ընտրել որոշակի մարդկանց, որոնք գիտեն երգել և լավ ձայն ու որոշ պատկառանք ունեն, և սահմանեց, որ երգեն միայն նրանք: Մյուսները լսում են, մտովի երգում և ուրախանում, որ Աստծուն են ընծայել մարդկանց՝ Իրեն փառաբանելու համար:
- Հա՛յր, նա, ով ուղղակի լսում է, Աստծուն ի՞նչ է ընծայում:
- Երբ մարդ լսում է և բերկրանք ապրում Աստծուն փառաբանելուց, մի՞թե նա հաճո չէ Աստծուն: Դա նույնպես ընծայում է:
- Իսկ գիշերային հսկման ժամանակ, երբ այն կատարվում է հանուն որոշակի կարիքի, ես ինչպե՞ս կարող եմ աղոթել այդ կարիքի համար, եթե ինքս երգում եմ:
- Հսկումից առաջ կարող ես աղոթել այդ կարիքի համար և ապա երգելիս, ընդմիջումների ժամանակ՝ աղոթել: Սակայն եթե Պատարագի ընթացքում միտքը սրտի հետ միասին մշտապես կենտրոնացած է տվյալ կարիքի վրա, ապա երգես թե սաղմոս կարդաս կամ կանոն, այդ ամենն աղոթք է կոնկրետ կարիքի համար: Թեպետ, երբ մենք գիշերային հսկում ենք անում որևէ կարիքի համար, միայն երկու-երեք աղերսն է նվիրված նրան, ինչի համար աղոթում ենք, իսկ մնացածը այն է, ինչ Կանոնագրքով է որոշված, սակայն ողջ հսկումը նվիրված է տվյալ կարիքին:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը