23 Դեկտեմբեր, Բշ
Մարտի 5-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում Առավոտյան ժամերգության ավարտին, Սեբաստիայի Սբ. քառասուն մանուկների հիշատակությանը նվիրված կատարվեց ձեթի օրհնության կարգ: Հայ Առաքելական Սբ. եկեղեցին ամեն տարի Մեծ պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակիին նախորդող շաբաթ օրը, ի հիշատակ տոնելի սրբերի, կատարում է ձեթի օրհնության կարգ:
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, խորհրդակատարներ՝ Տեր Վահան քահանա Առաքելյանի և Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանի հետ միասին, օրհնության կարգի ընթացքում, մեջբերելով Պրոպատիկեի անդամալույծի բժշկության պատմությունը, հայցեցին Տիրոջից՝ բարի Բժշկից, որ այս յուղը, Սբ. Հոգու ցնծության օծումով, լինի յուղ մաքրության, յուղ վերստին ծննդյան, յուղ սրբության, թագ Արքայության, չարի դեմ վահան զորության, ինչպես նաև խորհուրդների կնիք, սրտի ցնծություն և հավիտենական ուրախություն: Եվ որ այդ յուղը Տիրոջ մարդասիրությամբ բժշկություն և փրկություն շնորհի բոլոր նրանց, որ կօծվեն նրանով՝ ի փառս Տիրոջ սուրբ անվան, որպեսզի նրանով փարատվի ամենայն հիվանդություն, հոգու և մարմնի աղտեղություն:
Աղոթքում հիշատակելի սրբերի բարեխոսությամբ հոգևորաց դասի և ներկաների խնդրանքն էր առ Տեր, որ Մարդասերը, լսելով Իր անարժան ծառաներին, ուշադրություն դարձնի այն լապտերներին, որ Իր անվան համար են մատուցվել, և առաքի պայծառություն բժշկության լույս շնորհներով՝ մաքրելով այն Իր բազում ողորմությամբ՝ որպես մեղքերի թողություն:
Արարողության ավարտին Տեր Վահան քահանա Առաքելյանը, դիմելով ներկաներին, ասաց. «Այս գեղեցիկ արարողությամբ մենք վկայակոչեցինք Սբ. քառասուն մանուկների հիշատակությունը: Մեծ պահքի այս օրերին, մեղքերից ձերբազատվելով, հոգևոր վերազարթոնք ենք ապրում բոլորս՝ ընթանալով դեպի մեր հարուցյալ Տերը: Եվ Սբ. քառասուն մանուկներն իրենց օրինակով օգնում են մեզ՝ զորացնելով մեր հավատքը: Սրբերն անմնացորդ սիրով նվիրվեցին իրենց հավատքին՝ դիմանալով այն տանջանքներին և փորձությանը, որ պարտադրվել էր իրենց: Մենք էլ այս կյանքում բազում փորձությունների կարող ենք ենթարկվել, և մեղքերի սառնամիքը կարող է մեզ սառեցնել, բայց սառույցը կարող է հալվել մեր մեջ եղած աստվածային ջերմությամբ: Յուղի օրհնության հետ կապված հիշենք, որ յուղը խորհրդանշում է մեր հավատքը, իսկ յուղի շնորհիվ վառվող այս ճրագը մեր հավատքից բխած բարի գործերն են: Եվ Սբ. քառասուն մանուկների բարեխոսությամբ թող մեր կյանքը լեցուն լինի աստվածային օրհնությամբ և գործի վերափոխված հավատքով, իսկ օրհնված յուղն էլ բժշկություն լինի ձեր բոլոր հիվանդությունների համար»:
Ապա ներկաներին բաշխվեց օրհնված յուղ: Արարողությանը մասնակից Անահիտ Ջիջյանի համար օրհնված յուղը բժշկության, լույսի և հույսի աղբյուր է: Տիկին Անահիտն օրհնված յուղն ամբողջ տարի շատ քիչ չափերով լցնում է գործածվող յուղի մեջ՝ մինչև մյուս տարվա յուղի օրհնության կարգը:
Արարողության ընթացքում քառասուն մանուկներին խորհրդանշող կանթեղները հիշեցնում էին ներկաներին կյանքի Լույսը իրենց սրտում կրելու կարևոր պատգամը: Քանի որ Քրիստոսն է աշխարհի լույսը, կյանքը նրանով սկիզբ առավ և Կյանքը մարդկանց համար Լույսն է, որ փայլում է խավարի մեջ (Հովհաննես 1:5):
Կարինե Սուգիկյան