23 Դեկտեմբեր, Բշ
Հունվարի 19-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցի էին այցելել Շենգավիթ վարչական շրջանի պատանեկան ստեղծագործական կենտրոնի մի քանի դասարանների սաներ և մանկավարժներ: Կենտրոնի սաներին օրհնեց եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը և Սբ. Ծննդյան տոնի վերաբերյալ նրանց հետ զրույց ունեցավ:
Ներկայացնելով Սբ. Ծննդյան պատմությունը՝ Տեր Հայրը նշեց, որ տոնը հոգևոր ներքին ուրախություն է պարգևում յուրաքանչյուրիս: «Աստծո սերը մշտապես ներկա է մարդու կյանքում, այդ մասին վկայում է Սուրբ Գիրքը: Որպեսզի Աստծո օրհնությունն ու ներկայությունը մարդու կյանքում կատարյալ լիներ, հարկ էր, որ Աստված հայտնվեր: Աստվածաշնչում կարմիր թելի նման անցնում է Փրկչի գալստյան մասին Աստծո խոստումը: Սբ. Ծննդյան սրբազան իրողությունը մեր կյանքում ընդունելով՝ ընդունում ենք մեր փրկությունը»,- ասաց Տեր Հայրը:
Երեխաներին ուղղված հարց ու պատասխանով՝ Տեր Վահանն անդրադարձավ առաջին մարդկանց պատմությանը, անհնազանդությանը, անկումին և որ Ադամի և Եվայի անհնազանդությամբ փակված դրախտի դուռը բացվեց Քրիստոսի աշխարհ գալով՝ «Ես եմ դուռը. ով որ Իմ միջով անցնելով ներս մտնի, կփրկվի» (Հովհաննես 10:9)»:
Տեր Հայրը երեխաներին հորդորեց, որ իրենք էլ, հետևելով Քրիստոսին թանկարժեք նվերներով այցի եկած մոգերի օրինակին, աշխարհի Փրկչին մատուցեն իրենց նվերները, որոնք են՝ սեր, աստվածահաճո կյանք, խաղաղություն:
Սբ. Ծննդյան ուրախության և աստվածային ներկայությամբ ապրելու մասին զրույցից հետո Տեր Հայրը պատգամեց երեխաներին, որ պատվիրանապահությամբ ապրեն և իրենց աճող տարիքի հետ աճի նաև իրենց հավատքը, աղոթեն, Աստվածաշունչ կարդան, Սբ. Պատարագին մասնակցելով՝ Սբ. Հաղորդություն ստանան, իսկ չմկրտվածներն էլ մկրտվեն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու զավակը դառնալու համար:
Կենտրոնի սաներից Ալինան ուրախ էր, որ այցելել է Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցի, իսկ հոգևորականի հետ հանդիպումն իրեն սովորեցրեց, որ հավատքի աճի համար կարևոր է բարին գործելը տվյալ պահին՝ առանց այն հաջորդ օրվան թողելու: Իր սիրելի տոներից է Սբ. Ծնունդը, տոնին նա ընտանիքով մասնակցել էր Սբ. Պատարագին:
Շենգավիթ վարչական շրջանի պատանեկան ստեղծագործական կենտրոնի ասմունքի խմբավար Գոհար Ղազարյանը նշեց, որ կենտրոնում հաճախակի է կազմակերպվում հոգևոր թեմայի շուրջ միջոցառումներ, հոգևորականների հետ հանդիպումներ: Ապա հավելեց. «Կրթված, քրիստոնյա հայորդիներ ունենալու կարևոր պայման է երեխային դեռևս մանկուց դեպի Աստված, դեպի եկեղեցի ուղղորդելը: Քրիստոս ասաց. «Թույլ տվեք այդ մանուկներին, որ Ինձ մոտ գան, մի՛ արգելեք նրանց, որովհետև այդպիսիններինն է Երկնքի Արքայությունը» (Մատթեոս 19:14)»:
Կարինե Սուգիկյան