25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, մեր կայքի հավատարիմ ընթերցողնե՛ր,
Ահա՛, իր ավարտին մոտեցավ 2015 թվականն ու երբ կանգնած ենք 2016-ի նախաշեմին՝ շտապում եմ շնորհավորանքներս բերել ամենքիդ՝ Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ:
Մեկ տարի էլ անցավ, սիրելի՛ հավատացյալներ, իր հետ տանելով զանազան փորձություններ ու դժվարություններ, որոնց միջով ձեզնից շատերն անցան և ձեռք բերեցին գալիք տարում հնի սխալներն ու վրիպումները չկրկնելու այնքան թանկագին փորձառությունը: Տարին իր հետ տարավ նաև բազմաթիվ չիրականացված խոստումներ, որ սովորության համաձայն տարեսկզբին տալիս ենք ինքներս մեզ կամ մեր հարազատներին, որ նոր տարում հրաժարվելու ենք որևէ վնասակար սովորությունից կամ որդեգրելու ենք որևէ օգտակար սովորություն: 2015-ն իր հետ տարավ մեր հաշվին գրանցված բազմաթիվ հոգևոր անկումներ ու վերելքներ, կորուստներ ու ձեռքբերումներ և այժմ, նոր տարվա նախաշեմին կանգնած, մեկն ուրախությամբ, մյուսը տխրությամբ միգուցե, փակում է հին օրացույցն ու ամեն մեկն իր ակնկալիքներով նայում նորի մաքուր էջերին: Մեծ, թե փոքր, հարուստ, թե աղքատ, առողջ կամ հիվանդ, բոլորն էլ մի յուրահատուկ սրտի թրթիռով, ինչ-որ նորի սպասումով են սկսում նոր տարին: Անկախ տարիքից, Նոր Տարվա տոնը շատ-շատերիս հեքիաթի զգացումով է պարուրում, ուր միանշանակ բարին հաղթում է չարին ու միայն դրական լիցքեր հաղորդում…
Սակայն, երբ դառնում ենք իրականությանը, տեսնում ենք, որ պատկերը հաճախ բոլորովին այլ է լինում: Իսկ գիտե՞ք, թե ինչու: Որովհետև հին մարդն է նորին սպասում: Եվ եթե մարդն՝ ինքը, չփոխվի դեպի լավն ու չնորոգվի Քրիստոս Հիսուսով, ապա իրապես ոչինչ նոր նրան չի այցելի: Այս են վկայում Մատթեոսի ավետարանում նկարագրված մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը. «Ոչ էլ նոր գինին հին տիկերի մեջ են դնում. ապա թե ոչ տիկերը կպատռվեն. և գինին դուրս կթափվի, և տիկերը կփչանան. այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահվում են» (Մատթ. 9:17): Իսկ նորը ասելով՝ ես միայն Աստծո սիրառատ շնորհներն ու օրհնությունն ի նկատի ունեմ, սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, առանց որոնց մռայլ և ունայն է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքը:
Այստեղ կամենում եմ ձեզ համար մեջբերել Անգլիայի Գևորգ VI արքայի սքանչելի խոսքերը, որ մի առիթով ասել է իր ժողովրդին. «Նոր տարվա դարպասների մոտ կանգնած պահապանին ասացի.
- Ինձ լույս տուր, որպեսզի վստահությամբ ու անվտանգորեն մուտք գործեմ դեպի անհայտություն…
Եվ նա ինձ պատասխանեց.
- Ձեռքդ Աստծո ափի մեջ դիր՝ դա լույսից առավել կլինի քեզ համար և բացահայտ ճանապարհից ավելի ապահով…»:
Արդ, մաղթում եմ ամենքիս, սիրելինե՛ր, որպեսզի առ Աստված ունեցած նման հավատքով ու վստահությամբ դիմավորենք Նոր Տարին: Իրական ուրախությամբ ու սիրով լեցուն հոգիներով հոգ տանենք միմյանց մասին: Թող այս նոր տարում աստվածային կենարար սերը, լույսն ու իմաստությունը մեր միջոցով փոխանցվի ողջ աշխարհին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և ի խորոց սրտի աղոթում մեր Բարեգութ Հորը, որպեսզի Իր երանելի օրհնությունը պարգևի համայն հայությանը, Իր բազմաթիվ առաքինություններով զարդարի ամենքիս հոգիներն ու մեր սրտերից երբեք չպակասի առ Աստված և առ մերձավոր ունեցած սերը, հույսն ու հավատը:
Աստծո սերն ու շնորհները թող ձեզ հետ լինեն, սիրելինե՛ր, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:
Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու հոգևոր հովիվ