21 Դեկտեմբեր, Շբ
Դեկտեմբերի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Տոսպիա» ռեստորանում նշեց Ամանորը՝ իրենց բնորոշ սովորությամբ, խաղերով և հետաքրքիր անակնկալներով: Ամանորյա տոնախմբությունը սկսվեց Տերունական աղոթքով:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանը ներկաներին փոխանցեց Նավասարդ Սրբազանի օրհնությունը: «Այսօր բոլորս միաբանվել ենք նշելու գալիք Ամանորը: Մաղթանքս է, որ հայրենիքում հաստատված յուրաքանչյուր սիրիահայ օջախ ապրի աստվածային խաղաղության, օրհնության ու սիրո մեջ և Տիրոջ օգնությամբ հաղթահարի այն բոլոր դժվարությունները, որ ծառացել է իր առջև: Երբ Քրիստոսի առաքյալները քարոզչությունից վերադարձան ուրախությամբ և Տիրոջն ասացին, թե չար ոգիներն իսկ հնազանդվում էին իրենց: Հիսուս ասաց՝ մի՛ուրախացեք նրանով, որ չար ոգիները հնազանդվում են ձեզ, այլ ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում (Ղուկ. 10:17-20): Ամանորյա ուրախությունն ապրելով՝ չմոռանանք հոգ տանել, որ մեր անունները գրվեն երկնքում և Ս. Ծննդյան պահեցողությամբ պատրաստվենք նշելու Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը»,- ասաց Վաչագան սարկավագը:
Ապա ներկաներին իր խոսքն ուղղեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց օժանդակ միության ատենապետուհի Զարուհի Համալյանը. «Աստծո ողորմությամբ կրկին Ամանորի նախաշեմին ենք: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և մեր համայնքի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի աջակցությամբ ու գլխավորությամբ վերհիշում և նշում ենք մեր Ամանորը: Սիրելի և խորհրդավոր տոնին յուրաքանչյուրս նոր սպասումներ և հույսեր ունենք: Մեր խնդրանքն է, որ Տերն Ամանորին սովյալին հաց տա, հիվանդին՝ առողջություն, որբին՝ ծնող, անհավատին՝ հավատ և մեր հայաշունչ օջախներին՝ ժպիտ, հաղթանակ և երջանկություն»:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց օժանդակ միության ջանքերով կազմակերպված ամանորյա տոնախմբությունը, խաղերը, անակնկալներն ու Կաղանդ պապի ներկայությունն իրապես տոնական դարձրեցին յուրաքանչյուր սիրիահայի օրը:
Կարինե Սուգիկյան