25 Նոյեմբեր, Բշ
Հունիսի 27-ին՝ Սուրբ Պատարագի ավարտին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասը և «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Սիրո ճաշ» ծրագրի շրջանակում, հյուրընկալեցին ԱՀԹ երիտասարդաց միությունների անդամներին՝ ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ: Մինչ սիրո ճաշի շուրջ համախմբվելը երիտասարդները, Տեր Պետրոսի և «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքի մասնակցեցին:
Տեր Պետրոսը նշեց, որ ծրագրի շրջանակում սա իրենց երրորդ այցելությունն է և ծրագիրն արդեն մեծ ոգևորություն է պատճառել երիտասարդներին, ապա անդրադառնալով ծրագրի նպատակին՝ ասաց. «Ողջ տարվա կտրվածքով ԱՀԹ-ի երիտասարդաց միությունների մասնակցությամբ թեմական տասներկու ազգային-եկեղեցական միջոցառում ենք կազմակերպում և քանի որ միջոցառումները մասսայական են, չէինք կարող խախտել կարանտինի անվտանգության կանոնները, այդ պատճառով ծնունդ առավ «Սիրո ճաշ» ծրագիրը: Այն համայնքային ծրագիր է, այցելում ենք երիտասարդաց միություններին՝ նպատակ ունենալով առավել ջերմացնել երիտասարդաց միությունների միջև եղած կապը, քննարկել առաջիկա ծրագրերը, ներգրաված պահելով նրանց եկեղեցական կյանքին»:
Իսկ ծրագրի անվան հետ կապված Տեր Հայրը նշեց, որ սիրո ճաշի հիմքը դրել է Քրիստոս Վերջին ընթրիքի ժամանակ, երբ հաստատեց սիրո խորհուրդը՝ Սուրբ Հաղորդությունը. «Առաջին դարում քրիստոնյաների հալածանքների ժամանակ քրիստոնյաները հավաքվում էին, աղոթում և Ս. Պատարագի մասնակցում կատակոմբաներում: Հետագայում, երբ քրիստոնյայներին հավասար իրավունքներ տրվեցին, նրանք Սուրբ Պատարագին մասնակցելուց հետո համախմբվեցին սիրո ճաշի՝ ագապեի շուրջ»:
Ջերմ, անկեղծ և սիրով լի մթնոլորտում անցավ սիրո ճաշը, երիտասարդները հոգևոր հայրերի հետ միասին քննարկեցին իրենց հետագա անելիքներն ու ծրագրերը: Տեր Պետրոսը երիտասարդներին ծանոթացրեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությանն արժանացած առաջիկա նոր ծրագրերը: Սիրո ճաշը վայելելուց հետո Տեր Պետրոսը և երիտասարդները շնորհակալություն հայտնեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին, Տեր Վահանին և «Զորավոր» երիտասարդաց միությանը՝ ջերմ ընդունելության համար:
Առաջին դարից առ այսօր պահպանված այս գեղեցիկ սովորության՝ սիրո ճաշի պատգամն է՝ ապրել ու գործել՝ որպես հիմք ունենալով միայն սերը, քանի որ սերը կենտրոնանում է տալու և ոչ թե ստանալու վրա: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին դարեր շարունակ, Տիրոջ խոսքի համաձայն, սիրով սնելով իր զավակներին, իմաստավորել է նրանց կյանքը մնայուն արժեքներով: Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին, երիտասարդների վերաբերյալ հետևյալ կարևոր հորդորը կտակելով, ասել է. «Երիտասարդները թող այնքան կրթվեն իմաստունների ու առաքինիների մոտ, որ երբ բաժանվեն ու հեռանան նրանցից, կարողանան անկորուստ հիշել նրանց խոսքերը: Իմաստուն երիտասարդը նման է խորարմատ ծառի, որին փորձությունների հողմերը թեպետև շարժում են, բայց կործանել չեն կարող»: Ըստ պատրիարքի՝ եռանդուն երիտասարդներն ավելի խրատների կարիք ունեն, քան դրամի: Որովհետև եթե խրատված ու բարեկարգ են, եթե դրամ չունենան իսկ, նրանց համար բնավ դժվար չէ այն ձեռք բերել և օգտակար գործերի համար բանեցնել: Ի տարբերություն ծերերի՝ նորահասակ երիտասարդները նման են մատաղատունկ ծառի և հեշտ են ուղղվում, եթե անսում են բարի խրատների:
Կարինե Սուգիկյան