25 Նոյեմբեր, Բշ
- Հիշի՛ր որդյակ՝ յուրաքանչյուր գործ պետք է սկսենք առ Աստված սիրուց։
Պարզությունը, փորձառությունը հոգևոր կյանքում, խոնարհությունը, կատարյալ սերը միշտ հիացնում են ինձ, երբ գտնվում եմ հայր Պորֆիրիոսի կողքին, այնպես որ անգամ մոռանում եմ, թե ով եմ ես, ինչով եմ զբաղվում և այլն։
Ես նայում էի նրան, որ ասես անապատի հին հայրերից մեկը լիներ, որոնց մասին կարդում ենք հայրերի վարքում։ Ինձ մշտապես ապշեցնում էր այն, որ անընդհատ խոսում էր սիրուց։
«Մեր յուրաքանչյուր գործը, որդյա՛կ, պետք է սկսենք առ Աստված սիրուց»։
Ոչ մի հոգևոր բան չի լինում առանց տառապանքի։ Հոգևոր ոչինչ չի գալիս ինքն իրեն, ուղղակի։ Այստեղ հարկավոր է նշել, որ սուրբ հայրը չէր ընկնում հոգևոր պարգևների հետևից։ Ո՛չ։ Նա միայն ձգտում էր Քրիստոսի սիրուն, ուրիշ ոչնչի։
Վանականի նպատակը, քրիստոնյայի նպատակը ոչ թե Աստծուց պարգևներ ստանալն է, այլ սերը։ Դա ինքնաբավության արդյունք է։ Այդ արդյունքը Աստծու հանդեպ սեր է ու հաղորդակցություն։ Այդպես էր վարվում սուրբ հայրը։ Շնորհները՝ Աստծու պարգևները հետո են գալիս։ Նա այդպես էր տեսնում։
- Հայր Պորֆիրիոսի հոգեշահ ուսուցումներից հատկապես որո՞նք են տպավորվել Ձեր հիշողության մեջ։
- Նա միշտ ասում էր, որպեսզի մենք հնարավորինս շատ սիրենք Քրիստոսին։ «Ով սիրում է Քրիստոսին, նա խուսափում է մեղքից»։
Նա միշտ առանձահատուկ կերպով էր ընդգծում Աստծու հանդեպ սերը։
Եվ արդարացիորեն։ Որովհետև, ինչպես գիտեք, մեկը կարող է ուշադիր և առաքինի կյանքով ապրել՝ նպատակ ունենալով խուսափել հավիտենական տանջանքից։ Դա մարդկանց առաջին խումբն է։ Հաջորդ խմբին պատկանում են այն մարդիկ, ովքեր ձգտում են մեղք չգործել՝ մտածելով Աստծուց վարձք ստանալու և դրախտի օթևանները ժառանգելու մասին։
Երրորդ և բարձրագույն խումբն այն է, ինչպես սովորեցնում էր հայր Պորֆիրիոսը, որ մարդ առաքինի կյանքով ապրի Աստծու հանդեպ սիրուց և որովհետև չի ցանկանում վշտացնել Նրան, Ով «առաջինը սիրեց մեզ» (Ա Հովհ․ 4։19)։ Այդ սերը հոգում առաջացնում է դրախտային երանության զգացողություն, այն դրախտի սկիզբն է։ Մենք տխրում ենք, երբ տեսնում ենք մերձավորներին, որոնք չեն սիրում Աստծուն։ Սակայն տխրությամբ մենք բացարձակապես ոչինչ չենք անում։ Իսկ մեր ցուցումները առավել ևս ճիշտ չեն։
Դրանում խորունկ գաղտնիք է թաքնված։ Եթե հասկանանք դա, ապա կկարողանանք օգնել։ Արդ, ո՞րն է գաղտնիքը։ Գաղտնիքն այն է, որ մեր աղոթքը, մեր հավատարմությունը Աստծուն պայմաններ են ստեղծում, որպեսզի Աստծու շնորհը գործի։
Մենք մեր սիրով, Աստծու սիրո ծարավով դեպի մեզ ենք ձգում շնորհը, որպեսզի այն մաքրի ուրիշներին, մեր մերձավորներին, արթնացնի և մղի Աստվածային սիրուն, Աստծուն ձգտելուն։ Ավելի լավ է ասել, որ Աստված կուղարկի Իր սերը, որպեսզի նրանց բոլորին արթնացնի։ Մենք մեր աղոթքներով բոլորին կարժանացնենք Աստծու սիրուն։
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը