Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ համախմբված յուրաքանչյուր համայնք սոցիալական ծրագրերի իրագործումով իրագործում է տիրավանդ սիրո պատվիրանը՝ քայլ առ քայլ ընթանալով դեպի կատարելություն, դեպի Աստված: Այդ ուղին է, որ քրիստոնյանին շնորհում է Աստվածորդի կոչվել, աստվածային անասելի բարիքների կրողը և խոստացված հավիտենական փառքի ժառանգորդը դառնալ: Այդ գործուն սերն է, որ Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ չի փնտրում իրենը (Ա Կորնթ. 13:5), այդպիսի սերն է փաստում քրիստոնյայի ընթացքը դեպի Աստված: Այդպիսի սիրով է Աստված սիրում Իր արարածներին և սիրում է ոչ թե նրանց արժանիքների կամ առաքինությունների համար, այլ սիրում է նրանց այնպիսին, ինչպիսին, որ նրանք կան: Եվ այդպիսի սերն է համարվում քրիստոնեական, ճշմարիտ և կատարյալ, ինչին էլ կոչեց Քրիստոս՝ ասելով. «Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48): Եկեղեցու հայրերից Ս. Իսահակ Ասորին ասել է. «Ուզո՞ւմ ես հոգով հարաբերվել Աստծո հետ, վայելել այն քաղցրությունը, որ բռնադատված չէ զգացմունքներով՝ հետևի՛ր ողորմությանը»:
Մայիսի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, այցելեց բազմազավակ Սարգսյան ընտանիքին, որ վարձակալությամբ բնակվում է Շիրակի 1-ին նրբանցքի 7 շ. 8 բն. հասցեում: Ընտանիքի մայրը՝ Սարգսյան Մարգարիտան (39 տ.), ամուսնու մահից հետո մեկ ու կես տարի է, որ միայնակ է խնամում իր վեց զավակներին: Ընտանիքը ֆինանսական խնդիրների մեջ է գտնվում, տան վարձը դժվարանում է վճարել, երեխաներից չորսի մոտ առողջական խնդիրներ են առաջ եկել և այժմ բուժումներ են ստանում: «Ստիպված եմ այլ բնակարան փնտրել վարձակալելու համար, քանի որ ընտանեկան նպաստի և միակողմանի ծնողազրկության թոշակի գումարներով չեմ կարողանում թե՛ տան և թե՛ կոմունալ վարձերը վճարել, երեխաների բուժման ծախսերն ու մեր կարիքները հոգալ»,- ասաց Մարգարիտան: Տեր Գրիգորը բժկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձեց դրամական օգնություն (50 000 դրամ), քաղցրավենիք, որ տրամադրել էր Ավագյան երիտասարդ ընտանիքը: Երեխաներին մեծ ուրախություն էր պատճառել Տեր Գրիգորի այցը, Տեր Հոր կողմից նվեր ստացած խաչերն ու աղոթագրքերը ոգևորել էին նրանց: Ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ օգնության ձեռք մեկնելու համար:
Կարինե Սուգիկյան