Մի վանական, ով եփված կերակուր ու հաց չէր ուտում, մի ծերի մոտ եկավ: Միևնույն ժամանակ ուրիշ հյուրեր էլ այցելեցին ծերին, որոնց համար նա մի քիչ շիլա եփեց: Երբ նստեցին ճաշելու, պահք պահող եղբայրը մի աման թրջած ոլոռ դրեց իր դիմաց ու սկսեց միայն դա ուտել:
Երբ ճաշն ավարտեցին, ծեր վանականը եղբորը մի կողմ տարավ ու երբ առանձին էին՝ ասաց.
- Եղբա՛յր, երբ ինչ-որ տեղ գնաս՝ քո ապրելակերպը մի՛ բացահայտիր: Իսկ եթե ուզում ես սովորություններդ երբեք չխախտել, ապա մնա խցումդ ու ոչ մի տեղ մի գնա:
Եղբայրն ընդունեց ծեր վանականի խոսքերի արդարացիությունն ու այդ ժամանակից ի վեր, երբ եղբայրներին հյուր էր գնում՝ հետևում էր ընդհանուր կանոններին:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի