26 Նոյեմբեր, Գշ
- Հա՛յր, ինչպե՞ս մխիթարվեմ, երբ թախիծ է պատում ինձ:
- Փրկությունն աղոթքի մեջ փնտրիր: Նույնիսկ, եթե ուղղակի գլուխդ դիպցնես սրբապատկերին, թեթևություն կզգաս: Թող խուցդ փոքրիկ եկեղեցու նմանվի, որում քո սիրած սրբապատկերներն են, և կտեսնես, որ այնտեղ միշտ մխիթարություն կգտնես:
- Հա՛յր, աղոթելիս երբեմն սրբապատկերները համբուրում եմ: Դա ճի՞շտ է:
- Ճիշտ է: Իրականում հենց այդպես է պետք սրբապատկերներն ակնածանքով համբուրել: Որպեսզի սիրտդ Քրիստոսի, Աստվածամոր, սրբերի հանդեպ սիրով լցվի. ծնկի իջնել նրանց սուրբ պատկերների առջև, խոնարհվել ու համբուրել: Մի անգամ մարտի 26-ին*, երբ Գաբրիել հրեշտակապետի տոնն էինք նշում, կանգնած աղոթում էի Քրիստոսի և Սուրբ Աստվածածնի սրբապատկերների առջև: Հանկարծ տեսա, որ Տերն ու Աստվածամայրն սկսեցին շարժվել, ասես կենդանացան պատկերի վրա: «Օրհնի՛ր, Տե՛ր,- ասացի:- Օրհնի՛ր, Աստվածամա՛յր»: Եվ երբ ծնկի եկա սրբապատկերների առջև, խուցս ուժեղ անուշահոտությամբ լցվեց: Խենթացա մի պահ: Նույնիսկ հատակի փոքրիկ գորգը, որ կեղտոտ էր, սկսեց անուշահոտությամբ բուրել: Այնպիսի անուշահոտություն էր, որ ծնկի իջած համբուրում էի այդ գորգը:
- Հա՛յր, իսկ աղոթելիս օգտակա՞ր է Քրիստոսի պատկերը մտաբերել:
- Տե՛ս, երբ սրբապատկերի առջև ես աղոթում, այն օգնում է, որովհետև մտովի սրբապատկերից անցնում ես դրա վրա պատկերված անձին: Սակայն, երբ մտովի ես աղոթում և խոնարհված-նստած ես փակ աչքերով, պետք չէ երևակայության օգնությամբ զանազան պատկերներ մտաբերել, որովհետև սատանան կարող է դրանից օգտվել. տեսիլքներ ներկայացնել քեզ, որպեսզի պատրանքի մատնի ու վնասի:
Հատկապես լավ է, եթե աղոթքը կատարվում է մաքուր մտքով՝ առանց դիտավորությունների ու զանազան կերպարների, անգամ եթե դրանք Քրիստոսի պատկերներն են կամ Սուրբ Գրքից դրվագներ: Դա վտանգավոր է հատկապես նրանց համար, ովքեր հարուստ երևակայություն ունեն և նրանց, ովքեր տառապում են հպարտությունից: Սուրբ Գրքի դրվագներից կարելի է օգտվել միայն այն ժամանակ, երբ անմաքուր կամ պարսավելի մտքեր են հայտնվում: Սակայն ամենալավ «պատկերը» սեփական մեղավորության ու անպիտանության գիտակցումն է:
* 1984 թ-ին:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը