20 Հունիս, Շբ
Քրիստոսի սիրելի՛ հետևորդներ,
Դարեր առաջ Յուղաբեր կանայք Հիսուս Քրիստոսի թաղումից հետո կիրակի առավոտյան շտապեցին Նրա գերեզմանը, որպեսզի անուշահոտ յուղերով օծեն Փրկչի խաչյալ սուրբ մարմինը, բայց գերեզմանը դատարկ գտան: Փոխարենը այնտեղ եղող լուսազգեստ հրեշտակը դիմավորեց նրանց՝ ասելով. «Ինչո՞ւ ողջին մեռելների մեջ եք փնտրում: Այստեղ չէ, այլ՝ հարյավ»: Ահա այս սքանչելի ավետիսով էլ շնորհավորում եմ բոլորիս մեր Կենդանի Աստծո հարության հրաշափառ տոնի կապակցությամբ:
Երկու հազարամյակ առաջ Զորությունների Տերը խորտակեց մահվան իշխանությունն ու աստվածային փառքով հարություն առավ մեռյալներից: Հարության աստվածային լույսը ճառագեց Տիրոջ գերեզմանից ու վեր խոյանալով՝ լուսավորեց ողջ աշխարհը: Այն հուսադրեց ու մխիթարեց քրիստոնյաներին հալածանքների ու նեղությունների ժամանակ, զորացրեց ու գոտեպնդեց նահատակության դառը բաժակն ըմպողներին, ամրացրեց Քրիստոսի եկեղեցին բոլոր ժամանակներում և այսօր էլ լուսավորում է հավատացյալներին եկեղեցիների տոնականորեն զարդարված խորաններից ու բարի լուրով բխում մեր շուրթերից՝ ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:
Երկնավոր Արքայի մարդեղացման, ուսուցումների, հրաշքների ու Աստծո փրկչական ողջ ծրագրի գագաթնակետը, թագն ու պսակը եղավ Նրա փառապանծ հարությունը մեռյալներից: Մարդկության փրկության ծրագիրն ամբողջացավ Տիրոջ պանծալի հաղթանակով, և Իր հետևորդների առաջ հարթեց Երկնային Արքայության ճանապարհը: Այս փառահեղ իրադարձությամբ ծնունդ առավ և հստակորեն ուրվագծվեց յուրաքանչյուր քրիստոնյայի սեփական հարությունը, և ես մաղթում եմ ձեզ, սիրելի՛ հավատացյալներ, որպեսզի արդեն այսօր Քրիստոսի ազատարար լույսով ազատագրվեն ձեր հոգիները մեղքի յուրաքանչյուր դրսևորումից և սկսեն գործել երկնային երանության հույսով հարություն առնելու համար: Թող ապականությունից զուրկ սրտերը, շիտակ ու քաղցրալուր խոսքերը, աստվածահաճո ու եղբայրասեր գործերը ձեր այցեքարտերը դառնան այսուհետ, սիրելի՛ քրիստոնյաներ: Աստծո սուրբ կամքը թող դառնա ձեր հարուցյալ սրտերի տենչանքը, Աստծո Խոսքը՝ կյանքի ուղեցույցը, սերը՝ շարժիչ ուժը: Տիրոջ հարության կենարար լույսը թող բոցավառվի ձեր հոգիներում, մաքրի ու փայլեցնի դրանք, որպեսզի աշխարհը ձեզ նայելով համոզվի, որ կենդանի է Քրիստոս, հարություն առավ մեռելներից և Հավիտենական Տերն ու Իշխանն է այսօր, միշտ և հավիտենապես:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ